HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ նախարարը վստահեցնում է` հայ-ռուսական պայմանագրից բխող գործառույթներն իրականացվում են

Հայ-ռուսական պայմանագրային հարաբերություններից բխող անհրաժեշտ գործառույթներն իրականացվում են: Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանում լրագրողներին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին, վկայակոչելով 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» երկկողմ պայմանագիրը, դիմել էր նախագահ Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցությունների շարք եւ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որ ՌԴ-ն կարող է հատկացնել Հայաստանին: ՌԴ ԱԳՆ-ից պատասխան նամակով հաստատել էին դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ և հայտնել, որ անհրաժեշտ օգնություն կտրամադրեն, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահ երկրների գործադրած ջանքերին հրադադար հաստատելու ուղղությամբ` նախարար Մնացականյանը կարևորեց վերջիններիս գործադրած ներուժը` ընդգծելով, որ երեք անգամ էլ Հայաստանը լրջագույնս ներգրավվել է և ապահովել իր համաձայնությունը, սակայն բոլոր դեպքերում էլ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը:

«Որովհետև երեք անգամ էլ հավանաբար ուղղորդվել է այլ դերակատարի` Թուրքիայի կողմից, և երեք անգամ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է պատասխանատու և հետևողական լինել իր համաձայնությունն իրականացնելու մեջ: Դրանից չի բխում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ, և ոչ միայն միայնակ, այլ նաև համանախագահ երկրների հետ միասին, որի հիմքում դրված են այն չորս կետերը, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ: Դրանք վերահաստատվել են նաև մյուս հանդիպումների ժամանակ»,-ասաց նախարարը:

Մնացականյանը կարևորեց շփման գծի ողջ երկայնքով վերիֆիկացիոն համակարգի ներդրման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ այդ հարցում համանախագահների վճռականությունը շատ կարևոր է:

Մնացականյանի խոսքով` այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ:

Նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանը համագործակցում է թե' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, թե' առանձին երկրների հետ` ըստ ունեցած գործիքակազմի: Գործիքակազմը պատերազմի առաջին իսկ օրվանից օգտագործվել է և այդպես էլ շարունակվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter