
Կորոնավիրուսով վարակված շուրջ 1100 քաղաքացու վիճակը ծանր է
Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, շուրջ 1100 քաղաքացու վիճակը ծանր է, որից 180-ը` ծայրահեղ ծանր, 897-ը` ծանր: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի խոսքով` 73 անձի միացված է արհեստական շնչառության սարք: Թորոսյանը վստահեցրեց` արհեստական շնչառության սարքերի պակաս չկա, նախարարությունը շարունակում է ձեռքբերումներ կատարել:
«Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ բուն թթվածնի դեֆիցիտը, որը համաշխարհային դեֆիցիտ է: Մեր երկրի թթվածնային հզորություններն աշխատում են այսպես ասած սահմանի վրա, տիտանական ջանքեր ենք գործադրում, որ հանկարծ որևէ խափանում չլինի»,- ասաց Թորոսյանը:
Հարցին, թե արդյոք չի օգտագործվելու մարզահամերգային համալիրի տարածքը, նախարարն արձագանքեց, որ այն նպատակահարմար չէ:
«Անձնակազմի, թթվածնի, ինֆրաստրուկտուրայի առկայությունը շատ ավելի կարևոր է: Եթե կոպիտ ասեմ` համալիրի տարածքում պացիենտին հոսպիտալացնելը համարժեք է տանը թողնելուն»,- ասաց Թորոսյանը` ընդգծելով, որ փորձը ցույց է տվել, որ ոչ հիվանդանոցային բուժման պայմաններն արդյունավետ չեն:
Անդրադառնալով վիրավոր զինծառայողներին հատկացվող բուժօգնությանը` նախարարը վստահեցրեց, որ այն իրականացվում է պատշաճ, ներգրավված են տասնյակ ԲԿ-ներ Երևանում և մարզերում:
«Որևէ մերժում կամ բուժօգնության ուշացում չի եղել և չի կարող լինել, քանի որ հավելյալ պլանավորած ռեսուրսներ ունենք տարբեր զարգացումների համար: Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից ԲԿ-ները թիրախավորելուն, թե՛ հրապարակայնորեն, թե՛ մեր նամակներով միջազգային կազմակերպություններին դատապարտել ենք և համարում ենք պատերազմական հանցագործություններ»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Մեկնաբանել