
Սուրեն Սարումյան. «Որոշ հատվածներում ադրբեջանական զորքին հաջողվել է զբաղեցնել նպաստավոր բնագծեր»
Վերջին 3-4 օրվա ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Ընթացել են համառ մարտեր։ Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ։ Գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության՝ կրելով մեծ կորուստներ։ Այդ հատվածում հաջողվել է գերեվարել ադրբեջանցի երկու զինծառայողների։
Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին հայտնեց Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։
Օրվա ընթացքում հակառակորդը գրոհներ է ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս ուղղություններով։ Ադրբեջանական զորքերին հաջողվել է որոշ հատվածներում զբաղեցնել նպաստավոր բնագծեր։ Օրվա ընթացքում ոչնչացվել է ադրբեջանական 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա, 8 անդօդաչու թռչող սարք:
«Ներկայումս Շուշիի ուղղությամբ մարտական գործողություները դեռևս շարունակվում են։ Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են։ Այս առումով ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ։ Այս իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Սուրեն Սարումյանն ընդգծեց՝ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու, իսկ զորքի տրամադրությունը մարտական է։
ՊԲ ներկայացուցիչը, անդրադառնալով ժամեր առաջ խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռին, նշեց՝ ուղղաթիռը կատարել է թռիչք՝ ուղեկցելով ռուսական բազայի ավտոշարասյանը և խոցվել է Նախիջևանի կողմից արձակված հրթիռից։
Մեկնաբանել