
Հադրութցիները Հադրութը վերադարձնելու պահանջով ակցիա են իրականացնում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատների առջև
Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ակցիաներ իրականացրին Ֆրանսիայի, Ռուսաստանի, ապա նաև ԱՄՆ-ի դեսպանատների առջև՝ վանկարկելով «Հադրութը մերն է», «Վերադարձրեք Հադրութը», «Հադրութն Արցախ է», «Հադրութը պատմական Դիզակն է»:
Դեռ երեկ «Հետք»-ը գրել էր, որ հադրութցիները բաց նամակով դիմել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով ամբողջությամբ վերադարձնել Հադրութի շրջանը: Այսօր էլ պահանջը նույն է՝ Հադրութի դեօկուպացիա Ադրբեջանից:
Հադրութցիներն առաջինը այցելեցին Ֆրանսիայի դեսպանատուն: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը զրուցեց ակցիայի մասնակիցների հետ և տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանի ներկայացուցիչների հետ և քննարկելու է իրավիճակը, որ Ֆրանսիան չի ստորագրել այդ թղթի տակ, և կատարվածը պետք է ներկայացնի նաև Հայաստանի շահերը: Ակցիայի մասնակիցները դեսպանին փոխանցեցին նամակ:
Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակից Արփի Վանյանը նշեց, որ Հադրութը չի եղել և այսօր էլ չի կարող մնալ Ադրբեջանի տիրապետության տակ, և Հադրութը վերադարձնելու պահանջով նմանատիպ նամակներ հանձնելու են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատներին:
Հադրութցիները չկարողացան հանդիպել Ռուսաստանի դեսպանի հետ, սակայն դեսպանատան աշխատակցի միջոցով փոխանցեցին նամակ, այնուհետև շարժվեցին ԱՄՆ դեսպանատուն:
ԱՄՆ դեսպանատուն մտան հադրութցի մի քանի կին: Դուրս գալով դեսպանատնից՝ վերջիններս հայտնեցին, որ դեսպանը նշել է, թե ինքն էլ շահագրգռված է խնդրի հանգուցալուծմամբ, և առաջիկայում հրավիրելու է հանդիպում, որին կարող են նաև հադրութցիները մասնակցել:
«Նամակը վերցրին ու ասացին, որ կապ կհաստատեն մեզ հետ և կհրավիրեն քննարկումների»,- տեղեկացրեց ակցիայի մասնակիցը:
Հադրութցիները ցանկանում են նաև հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել