
«Պահանջում ենք Հադրութի դեօկուպացիան». հադրութցիների ակցիան ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակների առջև
Արդեն երկրորդ օրն է, ինչ հադրութցիները մի շարք ակցիաներ են իրականացնում դեսպանատների և միջազգային կազմակերպությունների առջև՝ պահանջելով վերադարձնել Հադրութի շրջանն ամբողջությամբ:
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, հադրութցիներն այցելել էին Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատներ:
Հադրութի բնակիչներն այսօր էլ ակցիա իրականացրին ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակների առջև: Մինչ ակցիաներ իրականացնելը՝ նրանք բաց նամակով դիմել էին նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նույն պահանջով:
Ակցիայի մասնակից Մերի Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հադրութցիները հավաքվել են իրենց ձայնը լսելի դարձնելու և Հադրութի նկատմամբ այս ագրեսիան չեզոքացնելու համար:
«Պիտի ընդունենք, որ հերթական արցախյան պատերազմն ավարտվեց ամենադաժան ու անհասկանալի ձևով: Հադրութը, իսկապես, շատ կարևոր քաղաքակրթական հանգույց է: Այնտեղ բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ կան, և Ազոխի հնավայրը նույնպես գտնվում է Հադրութում, և այն թողնել թշնամու ագրեսիայի տակ, պարզապես աններելի է: Հադրութցիները ուզում են վերադառնալ Հադրութ»,- ասաց Մերին:
ՄԱԿ-ի գրասենյակից մի քանի հադրութցի կնոջ հետ զրուցեց գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Վերջինս տեղեկացրեց, որ չունեն մանդատ արցախյան հիմնախնդրով զբաղվելու, բայց խոստացավ գլխավոր քարտուղարին հասցնել հադրութցիների պահաջը հատուկ կարգավիճակի կամ հումանիտար ծրագրերի իմաստով:
Ակցիայի մասնակից Մերին ասաց՝ Շարփն իրենց հայտնել է, որ եթե երկու կողմն էլ դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, խնդրի կարգավորմանը իրենց անմիջական մասնակցության համար, պատրաստ են աջակցելու:
Այնուհետև հադրութցիները շարժվեցին դեպի ԵԽ գրասենյակ:
Մեկնաբանել