HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հադրութցիները 4 պահանջից բաղկացած նամակ փոխանցեցին նախագահ Սարգսյանին

Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ակցիա իրականացրին Բաղրամյան 26-ում։ Շարժվելով նախագահի նստավայր՝ հադրութցիները վանկարկում էին «Պահանջում ենք Հադրութի դեօկուպացիան», «Հադրութը պատմական Դիզակն է», «Հադրութն Արցախ է», «Վերադարձրեք մեր տները»։

Մինչ այդ, Հադրութի բնակիչները բաց նամակով դիմել էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և ակցիաներ էին իրականացրել Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատների մոտ, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակների առջև։

Ակցիայի մասնակից Երազիկ Ավանեսյանը լրագրողներին ներկայացրեց նամակի բովանդակությունը, որը պատրաստվում են փոխանցել Արմեն Սարգսյանին։

Նամակում հադրութցիները, դիմելով նախագահին՝ որպես համայն հայության միասնականության խորհրդանիշ, բարձրաձայնում էին Հադրութի շրջանի հազարավոր քաղաքացիների գոյապահպանման հարցը։ 

«Նոյեմբերի 10-ին ստորագրվեց ամոթալի մի հայտարարություն, որն իր էությամբ վտանգում է Արցախի ողջ բնակչության գոյությունը՝ նախատեսելով անորոշ ներկա և ապագա նրանցից յուրաքանչյուրի համար»,- նշված էր նամակում։

Հադրութցիների պահանջը բաղկացած է 4 կետից։

Առաջին կետով նրանք պահանջում են քննության առնել Հադրութի շրջանի դեօկուպացիան։

Երկրորդով՝ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի և հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգում՝ բոլոր համանախագահողների մասնակցությամբ։

Երրորդ կետով պահանջում են իրավական հարթություն տեղափոխել հադրութցի տեղահանվածների խնդիրը, որպեսզի կարողանան նաև փոխհատուցման հարց լուծել։

Չորրորդ կետով՝ ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի Հադրութի պատմամշակութային արժեքներն ունեցող հուշարձանները պահպանվեն։

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց մի քանի հադրութցի կանանց։ Նախագահը նրանց խոստացել է օժանդակել հումանիտար ծրագրերով։

Հադրութի բնակիչները նշեցին, որ պատրաստվում են հավաքագրել այն փաստաթղթերը, որոնք պատմում են Հադրութի մշակութային ժառանգության մասին, որպեսզի ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այդ ժառանգությունները պահպանելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter