HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջե մտնող գումարները կրճատվում են. դժվար ժամանակները դեռ առջևում են

Տնտեսության մեջ գրանցվող յուրաքանչյուր տատանում, քաղաքական ամեն մի ցնցում ուղիղ և անուղղակի ազդում է բյուջեի եկամուտների վրաԱյս տարվա սկզբին բռնկված կորոնվիրուսի համավարակի հետևանքներից դեռ ուշքի չեկած՝ Հայաստանի տնտեսությունը ստացավ երկրորդ հարվածը՝ պատերազմըԹեև հոկտեմբերի տնտեսական ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, սակայն ակնհայտ է, որ տխուր պատկեր ենք ունենալու։ Սակայն մինչ այդ էլ առնվազն անհանգստացնող վիճակ է գրանցվել։ Մասնավորապես, բյուջեի հարկային եկամուտները նվազել են, ծախսերն էլ չեն կատարվել ժամանակին ու ամբողջությամբ։

Հունվար-սեպտեմբերին հարկերը 5.8%-ով կրճատվել են

Այս տարվա առաջին ինն ամիսներին (2020 հունվար-սեպտեմբեր) Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկերն ու տուրքերը կազմել են 1 տրլն 16.8 մլրդ դրամ: Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հաղորդած տվյալներից, 2019 թվականի թվականի նույն ամիսների համեմատ, բյուջե մուտքագրվող գումարները կրճատվել են 5.8%-ով կամ 62.4 մլրդ դրամով:

Բյուջեի հարկային եկամուտները նվազում են փետրվարից սկսած: Առավել մեծ տեմպերով նվազել են մայիս և հունիս ամիսներինՀետագա ամիսներին անկումը որոշակի դանդաղել է, սակայն հաշվի առնելով տնտեսության ներկա վիճակը, դժվար չէ ենթադրելը, որ բյուջեն «լցնելու» խնդիրները սրվելու են.առջևում ավելի դժվար ժամանականեր են։ Թուլացող տնտեսությունը մի կողմից ավելի շատ ծախսեր է պահանջում, մյուս կողմից՝ բյուջե մտնող գումարներն են պակասում։ Արդյունքում մեծանում է դեֆիցիտը՝ իր հետևից մեծացնելով պետական պարտքը։ Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի կառավարության համար։ Այդ դեֆիցիտը խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ «պետք է»-ների փոխարեն քայլեր չեն արվել։

2020-ի առաջին ինն ամիսներին կորուստներ ունենք հարկատեսակներից կեսի գծովՄի մասի գծով եկամուտների աճ կա: Առաջին երեք խոշոր հարկատեսակներ են ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), եկամտային հարկն ու շահութահարկը:

Մասնավորապես, հարկերի 33%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այս տարվա հունվար-սեպտեմբերին այն կազմել է 335.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 5.9%-ով:

Եկամտային հարկի գծով հավաքագրվել է 310.5 մլրդ դրամ՝ աճելով 2%-ով: Եկամտային հարկն ապահովել է պետական բյուջեի հարկային եկամուտների 30.5%-ը:

12.1%-ն էլ ապահովվել է շահութահարկի հաշվին, որը կազմել է 122.6 մլրդ դրամ: Այն կրճատվել է 17.5%-ով: Բացի այն, որ տնտեսական անկումը հանգեցնում է տնտեսության մեջ շահույթի փոքրացմանը, հետևաբար՝ նաև շահութահարկի անկմանը, ազդեցություն են ունեցել նաև շահութահարկի մասին օրենսդրական փոփոխությունները, վերանայվել է շահութահարկի կանխավճարների համակարգը:

Ֆինանսների նախարարության հաշվետվություններից տեղեկանում ենք, որ կառավարության կատարած փոփոխությունների արդյունքում 2020 թվականի առաջին ինն ամիսներին պլանավորվել էր հավաքագրել 1 տրլն 10.8 մլրդ դրամի հարկեր, ինչը նշանակում է, որ սահմանված ցուցանիշն ապահովվել է։ Նախկինում իննամսյա սպասվող ցուցանիշներն ավելի բարձր են եղել (1 տրլն 218.7 մլրդ դրամ), սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով տնտեսական անկումը, կառավարությունը նվազեցրել էր իր կանխատեսումները։

Նշենք նաև, որ բացի հարկերից ու պետական տուրքից, բյուջեի եկամուտներ են համարվում նաև պաշտոնական դրամաշնորհներն ու այլ եկամուտներ, օրինակ՝ գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը։ Մասնավորապես, 2020 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են ավելի քան 4.6 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ, ինչպես նաև՝ 53.7 մլրդ դրամ այլ եկամուտներ։ Այդպիսով, բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրլն 75.1 մլրդ դրամ։ 

Ծախսերը թերակատարվում են

2020 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրլն 229.9 մլրդ դրամ։ Ու թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսերն աճել են 16.8%-ով, սակայն ծախսերի ծրագիրը թերակատարվել է։ Բյուջեի ճշտված ծրագրով նախատեսված է եղել առաջին ինն ամիսներին ծախսել 1 տրլն 457.3 մլրդ դրամ, այսինքն՝ ծախսերը 15.6%-ով թերակատարվել են։

Բյուջեի ընթացիկ ծախսերը կազմել են 1 տրլն 128.2 մլրդ դրամ՝ թերակատարվելով 8.9%-ով։

Իսկ կապիտալ ծախսերը 103 մլրդ դրամ՝ թերակատարվելով 52.9%-ով։

Դեֆիցիտը շեշտակի աճում է

Եկամուտների ու ծախսերի արդյունքում 2020 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ձևավորվել է Հայաստանի պետական բյուջեի 154.8 մլրդ դրամ դեֆիցիտ (պակասուրդ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ձևավորված 95.1 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Բազմիցս առիթ ենք ունեցել գրելու, որ բյուջեի ու տնտեսության համար որքան կարևոր է հարկերի հավաքագումը, նույնքան էլ՝ այդ հավաքված գումարները ժամանակին ու ճիշտ ծախսելը։ Տնտեսական աճի վրա ազդում են ինչպես բյուջեի ընթացիկ ծախսերը, այնպես էլ՝  կապիտալ։ Դրանց թերակատարումը ի վնաս տնտեսության է։ Ընդ որում, այսօրվա կառավարությունը բյուջեի ծախսերում, հատկապես՝ կապիտալ ծախսերում թերացել է ոչ միայն այս տարի, այլև՝  2019-ին։

Հիշեցնենք, որ այս օրերին Ազգային ժողովը քննարկում է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ու չնայած նախագծում հստակ ամրագրված են բյուջետային ցուցանիշները, սակայն դրանք բազմաթիվ «եթե»-ներ են պարունակում, քանի որ նախագիծը մշակվել է սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից առաջ։ Ի դեպ, երեկ՝ նոյեմբերի 17-ին, երբ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացնում էր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, նիստերի դահլիճը կիսադատարկ էր։ 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter