HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Համահայկական հիմնադրամի գումարների մի մասը արդեն ծախսվել է. խորհրդարանում հարցուպատասխան էր

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն այսօր` նոյեմբերի 18-ին, տևեց 30 րոպե: Սա Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք առաջին հարցուպատասխանն էր, երբ հարց ուղղողների թիվը նույնիսկ մեկ տասնյակի չէր հասնում: Տեղեկացնենք նաև, որ ընդդիմությունը հարցուպատասխանին ներկա չէր: Կառավարությունը ներկայացված էր ամբողջական կազմով:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց այսօր հրապարակված ճանապարհային քարտեզից` հարցնելով, թե սպասելի՞ են արդյոք արտահերթ ընտրությունները:

«Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ: Նաև կարող եմ ասել, որ մեզ համար առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը, անվտանգությունը և երաշխավորությունը, այսինքն այն, որ իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորությանը և իրավունքին ոչինչ չի սպառնում»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով` վեց ամիս անց կառավարությունը կամփոփի կատարված աշխատանքները, և ըստ այդմ՝ կորոշի հետագա անելիքները:

Փաշինյանը վստահեցրեց` Հայաստանում չի կարող որևէ կառավարություն գոյություն ունենալ` առանց ժողովրդի թույլտվության: Խոսելով կառավարության կազմի փոփոխությունների մասին` Փաշինյանն ասաց այժմ քննարկումների շրջան է, երբ որոշումները կայացվեն, դրանք կհրապարակվեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց, թե արդյոք հավանակա՞ն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությանը ներգրավել բանակցություններում:

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց` այդ հարցը ևս ներառված է ճանապարհային քարտեզում:

Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց ռազմական գործողություններին ներգրավված զինծառայողների արձակուրդների մասին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքեց` քանի որ այժմ զինված ուժերի վերաբաշխումներ, վերատեղակայումներ են, ուստի թե՛ զորահավաքային ռեսուրսի, թե՛ ժամկետային զինծառայողների արձակուրդների վերաբերյալ տեղեկատվությունը կտարամադրվի դեկտեմբերի 1-ից հետո:

Նախկին «իմքայլական», այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց Սոթքի ոսկու հանքի շահագործումի մասին, թե ինչ է լինելու վերջինիս ճակատագիրը` հիշեցնելով, որ հանքավայրի մի մասը Քարվաճառի հատվածում էր: Կառավարությունը հորդորեց հարցը գրավոր ուղղել:

«Իմ քայլը» քայլը խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հետաքրքրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրահամավաքի մասին` ասելով, որ քաղաքացիները հետաքրքրվում են, թե արդյոք նպատակայի՞ն է գումարը ծախսվել:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ասելով, որ հիմնադրամի գումարների մի մասը ծախսվել է, մյուս մասն էլ նվիրաբերվել է Կառավարությանը, որպեսզի ծախսերը ճիշտ կոնսոլիդացվեն: Փոխվարչապետի խոսքով` հիմնադրամն առաջիկայում մանրամասն հաշվետվություն կներկայացնի:

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հետաքրքրվեց անհետ կորածների մասին` ասելով, որ մինչ նրանք պաշտոնապես ճանաչվեն անհետ կորած, վերջիններիս ընտանիքները կունենան սոցիալական խնդիրներ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ ուժերի համապատասխան ներկայացուցիչների հետ: Տոնոյանը նաև հայտնեց, որ ճշտումների արդյունքում բազմաթիվ անհետ կորած համարվող զինծառայողներ հայտնաբերվել են: Նախարարը վստահեցրեց` ամեն ինչ արվում է, որ կորուստներ ունեցած ընտանիքները հնարավորինս արագ պետական աջակցություն ստանան:

Պատգամավոր Համազասպ Դանիելյանը հետաքրքրվեց վիրավոր զինծառայողների վերականգնողական առողջության խնդրի մասին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքեց` այդ հարցում անելիքներ շատ կան, թե՛ եղածը արդիականացնելու, թե՛ նոր վերականգնողական կենտրոն հիմնելու համար: Ըստ նախարարի` նախնական հաշվարկներով շուրջ 250 մահճակալ ունեցող նման կենտրոնի ստեղծման կարիք կա:

Վիկտոր Ենգիբարյանն էլ հետաքրքրվեց կապիտալ շինարարության անկումի մասին` ասելով, որ պատերազմն իր ազդեցությունն է ունեցել տեմպի նվազման վրա: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը համաձայնեց, որ պատերազմի առաջին տասնօրյակում շինարարության տեմպերը նվազել են, սակայն հնարավոր է եղել շինարարությունը շարունակել այն հատվածներում, որոնք ինտենսիվ չէին եղել երթևեկության ապահովման համար: Նախարարի խոսքով` այժմ ևս այդ աշխատանքները շարունակվում են:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter