HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն. «Պատերազմից հետո 104 հատուցումներ արդեն կատարվել են»

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում մարտական գործողությունների զոհվածների ընտանիքներին արդեն թվով 104 հատուցումներ է կատարել: Այս մասին այսօրվա ասուլիսին (նոյեմբերի 24) հայտարարեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: 

Նրա խոսքով՝ այսօր նախատեսված է հիմնադրամի նիստ, որի ընթացքում քննարկվելու է ևս մի քանի տասնյակ նոր հատուցումներ կատարելու հարցը: Ծրագրված է, որ առաջիկայում յուրաքանչյուր շաբաթ մի քանի տասնյակ նոր հատուցումներ են կատարվելու:

Հիմնադրամի շահառուների ցանկը նախատեսված է օրենքով: Շահառուներ կարող են լինել զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը, երեխաները և բացառիկ դեպքեր են լինում, երբ քույրն է կամ եղբայրը: Իսկ հաշմանդամություն ձեռք բերելու պարագայում շահառուն հենց զինծառայողն է:

Շահառուների հաստատումն ու հատուցումներն, ըստ Վարուժան Ավետիքյանի, ժամանակատար գործընթաց է: «Փուլերով պետք է հաստատվեն շահառուները՝ նրանց կապերը զոհված կամ վիրավորված զինծառայողի հետ: Հավաքագրվում են փաստաթղթային փաթեթներն ու դիմումները: Ներգրավված են մարզպետարանները, վարչական շրջաններն ու կամավորները»,- նշեց Ավետիքյանը: 

Այս պահին միայն հատուցումներ են ստանում դեռևս զոհված զինծառայողների ընտանիքները, իսկ վիրավորված զինծառայողները կստանան ավելի ուշ: Նրանց պարագայում գործընթացն ավելի ժամանակատար է՝ բուժում, վերականգնում, հաշմանդամության կարգի հաստատում: 

Հիմնադրամի տնօրենը ևս մեկ անգամ շեշտեց, որ հատուցումների համար դիմելու ժամկետային սահմանափակումներ չկան: Օրինակ՝ երբ զոհված զինծառայողի ծնողները Հայաստանում չեն, վերադառնալուց հետո կարող են դիմել և ստանալ:

Տրվում են ինչպես միանվագ, այնպես էլ՝ երկարաժամկետ հատուցումներ: Սկզբնական փուլում զոհված, առաջին կարգի հաշմանադամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 10 մլն դրամ հատուցում, այնուհետև՝ 20 տարի շարունակ յուրաքանչյուր ամիս 200-300 հազ. դրամ՝ պայմանավորված զինծառայողի կոչումից: Այսինքն՝ բացի միանվագ գումարից, 240 ամիս շարունակ շահառուները ստանում են հատուցումներ:

Իսկ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը ստանում է միանվագ 5 մլն դրամ և 20 տարի շարունակ ամեն ամիս 100-200 հազար դրամ: 

Եթե տվյալ զինծառայողն ունի երեք և ավելի երեխա, ապա ստանում է լրավճար:

«Գործատուներ կան, որ որոշել են ավելացնել Հիմնադրամին ուղղվող գումարները: Բացի պարտադիր 1000 դրամներից, լրացուցիչ գումարները համարվում են նվիրաբերություններ: Յուրաքանչյուր շաբաթ միանում են 40-50 նոր գործատուներ, այդ թվում՝ խոշոր գործատուներ: Հայաստանում ունենք շուրջ 55 հազար գործատուներ: Նրանք, իհարկե, չեն կարող միանգամից միանալ: Կան, որ միանում են որոշակի ժամկետներով, կան, որ միանում են անժամկետ»,- նշում է հիմնադրամի տնօրենը:

Անդրադառնալով՝ 1000 դրամները 3000 դրամ դարձնելու նախագծին՝ նա շեշտում է, որ հիմնադրամի բեռն ավելանում է և հատուցումները պետք է կարողանան ժամանակին կատարել. «Ունենք բարոյական և ֆինանսական պատասխանատվություն մեր բանակի առջև»: 

Հիմնադրամի շահառուների թիվը ապագայում հստակ հաշվելը անհնար է, քանի որ այս պահին ինչպես անհետ կորածների թիվն է անհայտ, այնպես էլ՝ հաշմանդամություն ստացածների: Բայց հայտնի է, որ ընդհանուր դեպքերի քանակը մի քանի հազար է: 

Վարուժան Ավետիքյանը վստահեցնում է, որ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը 2017 թվականից սկսած, երբ ստեղծվեց հիմնադրամը, իրենց գլխավոր արժեքներից է: «Մարդիկ պետք է հասկանան, թե այդ 1000 դրամները կամ նվիրաբերությունները ինչին են ծառայում: Մեր կայքում թափանցիկ և հրապարակային հաշվետվողական համակարգ է: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել և գտնել իր նվիրատվությունը: Այսինքն՝ և' գումարների մուտքն է երևում, և' ելքը: Իսկ այլ ծախսեր մենք չենք անում: Մենք չունենք այլ ծախսեր, որոնք թաքնված են»,- նշեց նա:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 24-ին, ժամը 13:30-ի դրությամբ հիմնադրամում կուտակված միջոցները կազմում են մոտ 33.6 մլրդ դրամ, որից 28.26 մլրդ դրամը պարտադիր վճարներն են՝ գոյացած 1000 դրամներից, իսկ 5.33 մլրդ դրամը նվիրատվություններն են: Մինչ օրս հիմնադրամը հատուցել է մոտ 3 մլրդ դրամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter