
ԱԺ խորհուրդը քննում է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմելու հարցը
Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Նման որոշման համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս տարվա հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱԺ խորհուրդն այս օրակարգով նիստ էր հրավիրել, սակայն Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չէր: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` պատգամավորի ներկայությունը պարտադիր է նման հարցի քննարկմանը, սակայն նույն հարցով երկրորդ նիստին խորհուրդը կարող է այդ հարցը քննարկել առանց վերջինիս: Հավանություն ստանալու դեպքում որոշումը կուղարկվի ՍԴ: ԱԺ խորհրդի կազմում են ԱԺ նախագահությունը, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները:
Նիստին ներկա է նաև Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, սակայն, չի եկել:
Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով:
Հունիսի 16-ին Ազգային ժողովը որոշել է նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև համաձայնության տվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, որից հետո Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։ Սեպտեմբերի 25-ին դատարանը որոշել է կալանավորել Ծառուկյանին, հոկտեմբերի 22-ին ազատ է արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց:
Մեկնաբանել