
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի բողոքը
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 18-ին մերժել է վարույթ ընդունել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը:
Հիշեցնենք՝ Վարդան Հարությունյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան պահանջում էր, որպեսզի լրատվամիջոցը հատուցի իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը, ինչպես նաև հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստական տվյալները:
Վճռաբեկ դատարանը որոշել է բողոքը վարույթ ընդունելը մերժել՝ մի շարք հիմնավորումներով: Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն այն վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը: Իսկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառության համար:
Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակության ունենալ օրենքի և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը, սակայն բողոքում ներկայացված հիմնավորումները Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար՝ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա իրավունքի զարգացման խնդրով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար»,-որոշման մեջ նշել է Վճռաբեկ դատարանը:
Դատարանը նաև ընդգծել է, որ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացուցչի բերած հիմնավորումերը բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Հիշեցենք, որ հոկտեմբերի 5-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը:
Դատարանը թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել էր որոշումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետ։ Վարդան Հարությունյանի ներկայացուցիչները հոկտեմբերին 15-ին ներկայացրել են շտկված վճռաբեկ բողոքը։
Նշենք, որ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը հուլիսի 31-ին որոշել է բավարարել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մարտի 11-ին կայացրած վճիռը և ամբողջությամբ մերժել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայցը: Դատարանը նաև որոշել է Վարդան Հարությունյանից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բռնագանձել 10.000 դրամ՝ որպես պետական տուրք նախապես վճարված գումար:
Մեկնաբանել