
Մերժվել է ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը, իսկ Վարդան Հարությունյանը վճռաբեկ նոր բողոք է ներկայացրել
Հոկտեմբերի 28-ին Վարչական վերաքննիչ դատարանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել՝ Վարչական դատարանի 2019 թվականի օգոստոսի 6-ի վճիռը թողնելով անփոփոխ։
Նշենք, որ օգոստոսի 6-ին Վարչական դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքած բոլոր պայմանագրերի պատճենները՝ բացահայտելով այն տեղեկությունները, որոնք, ըստ կառավարության որոշման, համարվում են գաղտնի։
Դրանից հետո կառավարությունը գաղտնազերծեց ՀԴՄ-ների գնման որոշումները, և «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը ՊԵԿ-ից ստացավ գնման պայմանագրերի մի մասը։ Այնուամենայնիվ, Պետական եկամուտների կոմիտեն վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վարչական դատարան՝ օգոստոսի 6-ին հօգուտ «Հետաքննող լրագրողներ»-ի կայացված վճռի դեմ։
Հսկիչ-դրամարկղային մեքենաների գործով սա դատական միակ զարգացումը չէ։
Հոկտեմբերի 5-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը:
Դատարանը թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել էր որոշումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետ։ Վարդան Հարությունյանի ներկայացուցիչները հոկտեմբերին 15-ին ներկայացրել են շտկված վճռաբեկ բողոքը։
Նշենք, որ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը հուլիսի 31-ին որոշել է բավարարել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 11-ին կայացրած վճիռը և ամբողջությամբ մերժել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայցը: Դատարանը նաև որոշել է Վարդան Հարությունյանից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բռնագանձել 10.000 դրամ՝ որպես պետական տուրք նախապես վճարված գումար:
Հիշեցնենք՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան պահանջում էր, որպեսզի լրատվամիջոցը հատուցի իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը, ինչպես նաև հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստական տվյալները:
Ընթերցեք նաև՝
- ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով․ հարուցվել է քրեական գործ
- Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը
- ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել»
- Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը
- Դատարանը պարտավորեցրեց ՊԵԿ-ին «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերը
Մեկնաբանել