
ՊԵԿ-ը բողոքարկել է ՀԴՄ-ների գնման պայմանագրերը տրամադրելու վճիռը
Պետական եկամուտների կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել վարչական դատարանի՝ օգոստոսի 6-ին հօգուտ «Հետաքննող լրագրողներ»-ի կայացրած վճռի դեմ։
Նշենք, որ օգոստոսի 6-ին վարչական դատարանը որոշեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցը բավարարել մասնակի։ Մասնավորապես՝ դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրեց տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերի պատճեները՝ փակելով այն տեղեկությունները, որոնք, ըստ կառավարության որոշման, համարվում են գաղտնի։ Բացի այդ, ՊԵԿ-ը պարտավոր է պարզաբանել՝ արդյոք այս ընկերությունների հետ կապ է հաստատել հայաստանյան ներկայացուցիչների միջոցով: Եթե այո, ապա ովքեր են նրանք։
Պետական եկամուտների կոմիտեն վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի վերլուծել այս գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները։
«Այն, որ այդ որոշումներում (ի նկատի ունի կառավարության որոշումները-հեղ․) ըստ դատարանի առկա չէ որևէ կետ, որով կսահմանվեր ՀԴՄ-ների գնման գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացնելու իրավակարգավորում, փաստում է դատարանի կողմից ներկայացված ապացույցի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտված չլինելու մասին։ Հակառակ դեպքում դատարանը չէր հանգի վերոնշյալ ներքին համոզմունքի, ինչն էլ չէր հանգեցնի դատական սխալի»,-վերաքննիչ բողոքում նշել է ՊԵԿ-ը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է նաև, որ եթե գաղտնի որոշման որևէ կետով իրականացվող գործընթացը չի առանձնացվում որպես գաղտնի, ապա այդ գաղտնի որոշմամբ կարգավորվող գործընթացի բոլոր ընթացակարգերն են համարվում գաղտնի։
ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել»
Ըստ ՊԵԿ-ի՝ թեև դատարանը պարզաբանել է, որ ՀԴՄ-ների գնման մասին կառավարության որոշման վրա դրված է «գաղտնի» գրառումը, այն, միևնույն է, պետք է ունենար նաև առանձին տող՝ սահմանելով գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացնելու իրավակարգավորում։
ՊԵԿ-ը համարում է, որ դատարանի վերլուծությունները հիմնավոր չեն, իսկ նման պայմաններում հայցվող տեղեկությունը ենթակա չէ տրամադրման։
ՊԵԿ-ը խոստանում է ՀԴՄ-ների ձեռքբերման որոշումները գաղտնազերծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել
Կոմիտեն հայտնել է նաև, որ իրենց կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ։
Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Պատճառաբանել էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:
ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերի տրամադրման մերժումը ապրիլի 15-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն բողոքարկել էր դատական կարգով` հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։
Նշենք, որ օրեր առաջ էլ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանն է դատական հայց ներկայացրել ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի։
ՊԵԿ նախկին նախագահը պահանջում է հերքել «ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով. հարուցվել է քրեական գործ» հոդվածում զրպարտություն համարվող տվյալները՝ հրապարակելով պատասխանը, ինչպես նաև «Հետաքննող լրագրողներ»-ից հօգուտ Վարդան Հարությունյանի բռնագանձել 1 դրամ՝ որպես փոխհատուցում։
Ընթերցեք նաև
- ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով․ հարուցվել է քրեական գործ
- Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը
- ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել»
- Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը
- Դատարանը պարտավորեցրեց ՊԵԿ-ին «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերը
Մեկնաբանել