
Հայկ Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պարզաբանումներ չի ներկայացրել. պատգամավորի նկատմամբ վարույթ չի հարուցվել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ չի հարուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է հանձնաժողովը:
Նոյեմբերի 17-ին հանձնաժողովը պատգամավոր Սարգսյանի 2018 և 2019 թվականների եկամուտների ու գույքի տարեկան հայտարարագրերի վերլուծության արդյունքները ներկայացրել է վերջինիս` 10-օրյա ժամկետում գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջով: Սակայն 10 օր անց հանձնաժողովը Հայկ Սարգսյանից որևէ պարզաբանում չի ստացել:
Այս տարվա հուլիսի 31-ին գրել էինք այն մասին, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն ապօրինի է շահագործում Սպիտակ Շորժա հանգստի գոտին: Հանձնաժողովից հետաքրքրվել էինք` արդյոք պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցվել է, և արդյոք ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ հանգստի գոտու փաստացի շահագործումը պատգամավորի կողմից է իրականացվել: Հանձնաժողովը պատասխանել էր, որ այս պահին բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել հանգստի գոտու շահագործման առնչությամբ, հետևաբար Հայկ Սարգսյանի նկատմամբ ներկա դրությամբ վարույթ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը պատգամավոր Հայկ Սարգսյանի եկամուտների հայտարարագրի, հնարավոր անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ ուսումնասիրություն էր սկսել օգոստոսին: Ուսումնասիրության շրջանակում վերջինս հրավիրվել էր հանձնաժողով:
Մեկնաբանել