HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գեղամ Մանուկյանն ու մյուսները կաթողիկոսի հորդորով դադարեցրել են հացադուլը

Կառավարության դիմաց հացադուլ անող անձինք դադարեցնում են հացադուլը։ Այս մասին հայտնում է նոյեմբերի 22-ից հացադուլը սկսած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ իրենց այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

«Սիրելի զինակիցներ, ընկերներ, հարազատներ։ Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ։

Նիկոլը պետք է անհապաղ հեռանա։ Մանրամասներն՝ առավել մանրամասն կներկայացնեմ այսօր երեկոյան։ Շնորհակալ եմ աջակցության, զորկացության եւ սրտացավության համար»,- գրել է Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանն ու Գարիկ Ավետիսյանն առաջինն են սկսել հացադուլը՝ նոյեմբերի 22-ին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, նրանց է միացել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։ Վերջինս պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև պնդում, որ նա պետք է քրեական պատասխանավության ենթարկվի սահմանադրական կարգի տապալման համար։ Բալայանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը, որը վերաբերում է Արցախի մի շարք տարածքներ Ադրբեջանին տալուն, շփման գծում ռուս խաղաղապահների ներկայությանը, պետք է միջազգային պայմանագրի տեսք ստանար և այդ ընթացակարգով վավերացվեր՝ անցնելով Սահմանադրական դատարանով, ինչը չի արվել։

Նոյեմբերի 24-ին հացադուլին միացել էր նաև 2008 թվականին խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Անդրանիկ Հայրապետյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Վերջինիս առաջնային պահանջն անհետ կորած և գերի ընկած հայ զինծառայողներին օր առաջ վերադարձնելն էր։

Նույն օրը հացադուլին միացել էր նաև այս պատերազմում թոռանը կորցրած Ֆելիքս Պետրոսյանը։

Նոյեմբերի 27-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ էր սկսել նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը։

Պայմանավորված առողջական խնդիրներով և հետևելով հասարակական, քաղաքական գործիչների և այլ քաղաքացիների կոչերին՝  հացադուլ հայտարարած անձանց մի մասը դադարեցրել էր հացադուլը։ Հացադուլը շարունակում էին Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանը և Տիգրան Սուքիասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter