HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմին մասնակցած ջավախքցի կամավորին թույլ չեն տվել վերադառնալ տուն․ նրա մուտքը Վրաստան արգելվել է

Կարդացեք նաև՝ Կամավորը՝ Ջավախքից

«Սև հովազ» ջոկատի հետ Արցախյան առաջնագիծ մեկնած ջավախքցի Մաքսիմ Արզումանյանին վրացի սահմանապահները թույլ չեն տվել վերադառնալ տուն։ Նա նոյեմբերի 29-ին Սադախլոյի (Բավրայի անցակետը չի սպասարկվում համավարակի պատճառով) անցակետով ցանկացել է վերադառնալ Նինոծմինդա՝ ընտանիքի մոտ, սակայն վրացի սահմանապահները նրան 9 ժամ սպասեցնելուց հետո տվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ Մաքսիմի մուտքը Վրաստան արգելող փաստաթուղթ։  

Այդ փաստաթղթում, սակայն, ոչ մի հստակեցում չկա, թե ինչու են արգելում Մաքսիմ Արզումանյանի մուտքը Վրաստան, որտեղ կացության կարգավիճակով վերջինս բնակվում էր իր ընտանիքի հետ։ Մաքսիմի ընտանիքի Վրաստանի քաղաքացիներ են, իսկ ինքը ՀՀ, սակայն մշտական կացության կարգավիճակով բնակվում է Նինոծմինդայում։

Մաքսիմը Հայաստան էր եկել հոկտեմբերի սկզբին՝ Արցախյան պատերազմին կամավոր մասնակցելու նպատակով։

Մաքսիմը կարատեի մարզիչ է Վրաստանում շուրջ 15 տարի և արդեն 3 տարի է` Նինոծմինդայում բացել է իր սպորտային ակումբը` «Կլուբ Մաքս»-ը: Իր միջոցներով տարածք է վարձակալել, վերանորոգել ու կահավորել է, որպեսզի ջավախքցի երեխաները մարզվելու, տարբեր սպորտաձևեր սովորելու հնարավորություն ունենան: 

«Ես աշխատում եմ Վրաստանի սպորտային ոլորտում, Բազկամարտի ֆեդերացիայի անդամ եմ, Վրաստանի կարատեի ֆեդերացիայի անդամ եմ, տարածք եմ վարձակալում, դպրոց եմ պահում,  հիմա այդ ամենն ի՞նչ պետք է լինի»,- հարցնում է Մաքսիմ Արզումանյանը։

Մաքսիմը դիմել է Վրաստանում ՀՀ դեսպանություն, Վրաստանի խորհրդարանի ջավախքցի պատգամավոր Սամվել Մանուկյանին, որպեսզի ճշտեն, թե ինչու են արգելել իր մուտքը դեպի տուն։ Առայժմ որևէ մեկից դրական արձագանք չի ստացել։ Դեսպանությունը խոստացել է զբաղվել դրանով։ 

Վրաստանում հայկական հյուպատոսարանից «Հետքին» հայտնեցին, որ արդեն իսկ սկսել են զբաղվել Մաքսիմ Արզումանյանի՝ Վրաստան մուտքն արգելելու հարցով, 10-օրյա ժամկետում կարող են նաև բողոքարկել այդ որոշումը։ Այս պահին փորձում են հստակեցնել արգելքի պատճառները և հնարավոր բողոքարկման ձևաչափերը։ 

Մաքսիմն ասում է, որ եթե իր մուտքի հարցը չլուծվի, մեկնելու է Մոսկվա՝ աշխատելու, իսկ ավելի ուշ իր ընտանիքին ևս դուրս կբերի Ջավախքից, քանի որ այլ ելք չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter