HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արմեն Մելիքբեկյան. «Աշխարհի առաջնության ընտրական փուլում նպատակ է դրվելու ամեն խաղում միավորների համար պայքարելը»

Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի գրանցած հաջողություններին նպաստել են բազմաթիվ մարդիկ և բազմաթիվ գործոններ, սակայն առաջին հերթին դա հավաքականի անձնակազմի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) աշխատակազմի ջանքերի, կազմակերպվածության և համախմբվածության արդյունքն է: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարեվերջյան ասուլիսի ընթացքում, որը համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ տեղի ունեցավ առցանց ռեժիմով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ազգերի լիգայի 2020 թվականի խաղարկությունում հաղթող ճանաչվեց C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում:

Մելիքբեկյանը առանձնահատուկ շեշտեց հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին, որն ըստ ՀՖՖ նախագահի՝ հայտնվել էր ծանրագույն իրավիճակում՝ հնարավորություն չունենալով ընկերական հանդիպումներում նոր ֆուտբոլիստների փորձարկել, և չնայած դրան՝ կարողացել էր մարտունակ թիմ ստեղծել:

Հարցին, թե ինչ խնդիր է դրվելու Խոակին Կապառոսի առաջ աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլում, Արմեն Մելիքբեկյանն ասաց, որ դա կախված է լինելու առաջին հերթին վիճակահանության արդյունքներից, սակայն հիմնական խնդիրը լինելու է յուրաքանչյուր խաղում միավորների համար պայքարելը: ՀՖՖ նախագահը կարծում է, որ հավաքականն ի զորու է լինելու կատարել իր առջև դրված խնդիրը:

Նշենք, որ աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու երկուշաբթի՝ դեկտեմբերի 7-ին: Մեր հավաքականն ընդգրկված է 5-րդ զամբյուղում:

Խոսելով հավաքականում նոր ֆուտբոլիստներ հրավիրելու մասին՝ Արմեն Մելիքբեկյաննը առաջին հերթին կարևորեց Հայաստանում երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստությունը՝ շեշտելով, որ հնարավոր չէ անընդհատ արտերկրում հանդես եկող նոր ֆուտբոլիստների ներգրավել: 

«Մենք աշխատանք տանում ենք նոր ֆուտբոլիստներ հրավիրելու համար, արդեն իսկ կա ցուցակ: Անձամբ ես արդեն հասցրել եմ խոսել Էդուարդ Սպերցյանի հետ (հանդես է գալիս ռուսական «Կրասնոդարում», խմբ.) և մենք պայմանավորվել ենք արդեն առարկայական շփվել հաջորդ տարեսկզբին: Այլ ֆուտբոլիստների հետ ևս որոշակի կոնտակտներ կան, ժամանակի ընթացքում արդյունքներն անպայման կներկայացնենք: Դա իհարկե առաջին հերթին կապված է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ցանկությունների հետ, թե որ դիրքում ինչ խաղացողներ են անհրաժեշտ: Բայց ինչպես տեսանք, նա նաև մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի առաջնությունում հանդես եկող խաղացողներին և երիտասարդ ֆուտբոլիստներին: Այդ պրակտիկան շարունակական է լինելու»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը:

Անդրադառնալով ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գործունեությանը՝ ՀՖՖ նախագահը հայտնեց, որ նրա հետ պայմանագրի ժամկետը այս տարեվերջին ավարտվում է, և իսպանացի մասնագետը իր թիմի հետ մեկնելու է Հայաստանից, չնայած դրանով համագործակցությունը չի կանգնելու, և Մելենդեսը շարունակելու է իր այցելությունները Հայաստան և աջակցել մարզչական կրթությանը: Արմեն Մելիքբեկյանը բարձր գնահատեց Մելենդեսի կատարած աշխատանքը ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում:

ՀՖՖ նախագահը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է ազգային մարզադաշտի կառուցման հարցը, և եղել են ներդրողներ, որոնք հետաքրքրված են եղել մարզադաշտի կառուցման նախագածում, ու 2020 թվականի ընթացքում եղել են քննարկումներ և՛ ներդրողների, և՛ կառավարության հետ, սակայն COVID-19-ի և պատերազմի թողած հետևանքները տնտեսության վրա, շատ բան են փոխել:

«Դեռ հունիսին շատ դրական էի տրամադրված ազգային մարզադաշտի կառուցման առումով, իսկ հիմա մենք պետք է թարմացնենք մեր կոնտակտները, նորից սկսենք բանակցել ներդրողների հետ: Ասել, որ այս հարցը փակ է, ես չեմ կարող, որովհետև քննարկումներ կան: Հուսամ՝ այս քննարկումները հաջորդ տարվա սկզբից նորից առարկայական կլինեն և մենք կկարողանանք նորից առաջ մղել այս ծրագիրը, որը կարևոր է մեր երկրի և հայկական ֆուտբոլի համար»,- նշեց ՀՖՖ նախագահը:

Հայաստանի առաջնությունում լեգեոներների լիմիտի խստացումը անխուսափելի է, նշում է Մելիքբեկյանը՝ հավելելով, որ հայաստանցի ֆուտբոլիստներին հնարավորություն պետք է տրվի խաղալ Հայաստանի առաջնությունում, և եթե թիմերը դա չեն կարողանում անել, ապա ՀՖՖ-ն պետք է այդ հնարավորությունը տա: ՀՖՖ գործկոմի առաջիկա նիստին քննարկվելու է այս հարցը և նոր ճանապարհային քարտեզի շուրջ որոշում է կայացվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter