HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը հոկտեմբերին 9821-ով կրճատվել է

2020թ․ հոկտեմբերին Հայաստանում գրանցված և եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 622 145: Սա գրանցված աշխատատեղերի քանակն է, որոնց մասով պետական բյուջե հարկեր են վճարվել։ Սեպտեմբերի համեմատ աշխատատեղերի քանակը կրճատվել է 9821-ով կամ 1.5%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 817-ով կամ 0.1%-ով։

Աշխատաշուկայի տվյալները «Հետքին» է տրամադրել Պետական եկամուտների կոմիտեն։ Ընդգծվում է, որ աշխատատեղերի քանակն ու աշխատողների քանակը կարող են տարբեր լինել, քանի որ մեկ աշխատողը կարող է զբաղեցրած լինել երկու և ավելի աշխատատեղ։

Այս տարվա սկզբում աշխատաշուկայի վրա էական բացասական ազդեցություն ունեցավ  կորոնավիրուսի տարածումը, որի հետևանքով բազմաթիվ աշխատատեղեր փակվեցին։ Սա ավելի վառ արտահայտվեց ապրիլ ամսվա ցուցանիշներում։ Հետագա ամիսներին գրանցված աշխատատեղերի քանակն աստիճանաբար ավելացավ։ Սակայն արցախյան պատերազմը, որը տևեց 44 օր, զգալի հարված հասցրեց ամբողջ տնտեսությանը։ Այդ հարվածները, ինչպես տեսնում ենք, կրել է նաև աշխատաշուկան։

Ընդ որում՝ ՊԵԿ-ի տրամադրած տվյալներում միայն գրանցված աշխատողների քանակի կրճատումն ենք տեսնում։ Մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ չգրանցված և հետևաբար հարկ չվճարող քաղաքացիներ, որոնց վերաբերյալ վիճակագրություն չի վարվում։ Այդ ստվերային հատվածում ևս, ենթադրվում է, որ աշխատատեղերի կրճատում է տեղի ունեցել։

Նաև հարկ է նշել, որ ի տարբերություն աշխատավարձերի, որոնց պարագայում հստակ է սեզոնայնության գործոնը, օրինակ՝ դեկտեմբերին միշտ աշխատավարձն ավելի բարձր է, հունվարին նվազում է և այլն, գրանցված աշխատատեղերի քանակի դինամիկան ցույց է տալիս, որ նման օրինաչափություն այստեղ չկա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերին աշխատատեղերի քանակի կրճատումը պայմանավորված չէ սեզոնայնության գործոնով։ Համեմատության համար նշենք, որ 2019-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աշխատատեղերի թիվն աճել է։

Ստորև տեղադրված գրաֆիկում ներկայացված է աշխատատեղերի քանակն՝ ըստ ամիսների։ Այստեղ կարող եք տեսնել նաև համեմատությունը 2020 թվականի նշված ամսվա և 2019 թվականի նույն ամսվա հետ (օրինակ՝ 2020-ի հոկտեմբերը 2019-ի հոկտեմբերի համեմատ), ինչպես նաև՝ 2020 թվականի նշված ամիսը նախորդ ամսվա համեմատ (օրինակ՝ 2020-ի հոկտեմբերը՝ 2020-ի սեպտեմբերի համեմատ):

Վիճակագրական կոմիտեի հաշվարկներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարվա հոկտեմբերին կազմել է 181 768 դրամ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 179 941 դրամի և այս տարվա սեպտեմբերի 185 270 դրամի դիմաց։ Անվանական աշխատավարձը, հիշեցնենք, ներառում է նաև հարկերը։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարվա ապրիլից տնտեսության անկման, աշխատատեղերի կրճատման պայմաններում միջին աշխատավարձի աճը բացատրվում է այս տարվա սկզբից օրենքով նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ ու ցածր աշխատավարձ ստացողների հարկադիր պարապուրդի անցնելով, ինչն էլ մեխանիկորեն հանգեցրել է միջին աշխատավարձի աճին։

Հոկտեմբերին կրճատվել է նաև գրանցված կազմակերպությունների թիվը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների՝ հոկտեմբերին գրանցված կազմակերպությունների թիվը Հայաստանում 52 845 է։ Սեպտեմբերի համեմատ այն նվազել է 715-ով կամ 1.3%-ով։

Իսկ եթե համեմատում ենք նախորդ տարվա հոկտեմբերի հետ, ապա կազմակերպությունների թիվն աճել է 7053-ով կամ 15.4%-ով։

Այսպիսով, Հայաստանի աշխատաշուկան, որը դեռևս կրում էր կորոնավիրուսի հետևանքները, այս տարվա հոկտեմբերին բացասական միտումներ է գրանցել պատերազմի օրերին։ Եվ սա երևում է միայն սպիտակ դաշտում աշխատողների վիճակագրության մեջ, իսկ ստվերում գտնվող աշխատաշուկայի մասին կարելի է միայն ենթադրություններ անել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter