
Վարչապետի նախկին խորհրդականը հետաքրքրված է Թաղամիրի ոսկու պաշարներով. թիրախում «Արևիք» ազգային պարկն է
Վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանիքի մասնակցությամբ հիմնադրված «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն մտադիր է Սյունիքի մարզի Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել ոսկու հեռանկարային հանքայնացումներ հայտանաբերելու, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակությունը պարզաբանելու և գնահատելու համար։ Այդ ուսումնասիրությունները կատարվելու են 2020- 2023թ.թ. ընթացքում։
Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտ:
Համաձայն դրա՝ Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի պատկան տարածքից երկու տեղամաս։ Ողջ տարածքը զբաղեցնում է 290 հա մակերես, որից առաջինը՝ 124 հա և երկրորդը՝ 166 հա:
Հանքերևակումը գտնվում է Լիճք գյուղից 2,5 կմ արևելք, իսկ Այգեձոր ավանից` 7 կմ հեռավորության վրա, Մեղրի գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանում:
Նախագծում նշվում է, որ Թաղամիրի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցվող տարածքի մի մասը հատվում է «Արևիք» ազգային պարկի տարածքների հետ։ Թե որքանն է համընկնում ազգային պարկի տարածքին, ընկերությունը նախագծում չի մանրամասնել:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվող տարածքը սահմանակից է «Արևիք» ազգային պարկի տարածքի հետ, այդ մասում որևէ ֆիզիկական աշխատանք չի նախատեսվում: Այստեղ կիրականացվեն միայն երթուղային անցումներ»,-նշված է նախագծում:
Բացի դրանից, համաձայն նախագծի, քանի որ հայցվող տարածքի մի մասը հատվում է «Արևիք» ազգային պարկի հետ, մշակվել են հատուկ միջոցառումներ պարկի կենսաբազմազանության պահպանության համար.
- ազգային պարկի տարածքում չեն կատարվելու հողային աշխատանքներ,
- ազգային պարկի տարածք մուտք չեն գործելու ավտոտրանսպորտ, հորատող և այլ տեխնիկական միջոցներ,
- չեն իրականացվելու հորատման, փորման և շինարարական որևէ աշխատանքներ,
- ազգային պարկի տարածքում իրականացվելու են միայն որոնողական, էլեկտրամագնիսական հետազոտություններ:
Սակայն հատկանշականն այն է, որ նույն տարածքի համար 2018-2021թթ. ուսումնասիրություններ կատարելու հայտ էր ներկայացրել մեկ այլ ընկերություն` «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ն: ՇՄԱԳ նախագծերն ընթերցելիս պարզ է դառնում, որ նույնաբովանդակ ձևակերպումներ և քարտեզներ են օգտագործվել 290 հա տարածքի հետազոտման համար: Նախորդ նախագծում, սակայն, նշվում էր, որ հայցվող տարածքի 79 հա-ն գտնվում է «Արևիք» ազգային պարկում: Այս անգամ ընկերությունը խուսափել է համընկնող տարածքի հստակ չափ նշելուց:
2018թ. մայիսին մեղրեցիները բոյկոտել էին այդ տարածքում «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ի նախաձեռնած հետախուզական աշխատանքների շուրջ հանրային քննարկումները, և դրանք չէին կայացել:
«ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թաղամիրի ոսկու երևակման տարածքում իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ) կկայանան դեկտեմբերի 16-ին` ժամը 14:00-ին Մեղրիի համայնքապետարանում:
Հիշեցնենք, որ վարչապետի նախկին խորհրդականի և որդու մասնակցությամբ «ԱՏ մետալս» ՍՊԸ-ն 2014-ին ստացել է Մեղրասարի ոսկու հանքավայրի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք: Այն վավեր է մինչև 2022 թվականը: Ըստ ամենայնի, Հովսեփյանների ընտանիքը որոշել է ընդլայնել տարածքը և սկսել ուսումնասիրել պոտենցիալ ունեցող տարածքները:
«ԱՏ պլյուս»-ը նաև Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում համալիր երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ էր ներկայացրել:
Մեկնաբանել