Կհետազոտվեն Թաղամիրի ոսկու պաշարները. թիրախում կրկին «Արևիկ» ազգային պարկն է
Սյունիքի մարզի Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացնելու հայտ է ներկայացվել: Ոսկու հեռանկարային հանքայնացումներ հայտնաբերելու, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակության պարզաբանման և գնահատման համար այս անգամ դիմել է «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ն:
Մեղրու հանքային շրջանի երկրաբանական կառուցվածքի, մետաղածնության ուսումնասիրությամբ դեռևս 1964-1980-ականներին զբաղվել են Մեղրու երկրաբանները, որոնց աշխատանքների արդյունքում առանձնացվել են մի շարք հեռանկարային երևակումներ՝ Քարասարի, Մեղրասարի, ինչպես նաև Թաղամիրի հանքերևակումները:
Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Լիճք գյուղի տարածքից երկու տեղամաս: Հայցվող տարածքը զբաղեցնում է 290 հա մակերես, որից մի տեղամասը՝ 124 հա, երկրորդը՝ 166 հա: Ավելի կոնկրետ, ծրագրվող աշխատանքների տարածքը գտնվում է Մեղրի գետի վերին հոսանքներում, Մեղրի քաղաքից 16 կմ հյուսիս, Լիճք գյուղից 2,5 կմ արևելք և Այգեձոր ավանից 7 կմ հեռավորության վրա:
Հայցվող տարածքի 79 հա-ն գտնվում է «Արևիկ» ազգային պարկում: Սակայն նախագծում նշվում է, որ ազգային պարկի տարածքում կամ նրա սահմանների մոտ աշխատանքներ չեն կատարվելու, ազգային պարկի սահմանների մոտակայքում տեխնիկական միջոցներ չեն օգտագործվելու:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ազգային պարկի տարածքի քարտեզագրման, գոտևորման սխեմայի կազմման, ազգային պարկի և դրա պահպանման գոտու սահմանների ճշգրտման աշխատանքները դեռևս չեն իրականացվել, ուստի մեր կողմից այդ տարածքներում բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների կամ հողային ծածկույթի խախտումներով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ չեն իրականացվելու»,- հայտարարել է ընկերությունը ԲՆ ներկայացրած նախագծում:
720 մլն դրամ նախահաշիվ է կազմվել Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածում 2018-2021թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար:
Նույն ընկերությունը, հիշեցնենք, Սյունիքի մարզի Խդեբանցի հանքերևակման տարածքում 2018-2020թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարելու: Խդեբանցու հանքերևակման հետախուզական աշխատանքներին Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: Այն ևս հարակից է «Արևիկ» ազգային պարկին:
«Արևիկ» ազգային պարկը վերջին շրջանում հայտնվել է ոսկի որոնողների թիրախում: Պարկի տարածքի հետ համընկնող տեղամասում՝ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման տարածքում, ոսկի և պղինձ է որոնում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ՀՀԿ անդամ Համլետ Հովսեփյանի որդու հիմնադրած «ԱՏ պլյուս» ՍՊ ընկերությունը մտադիր է Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում համալիր երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել, որի 140 հա-ն ևս գտնվում է «Արևիկ» ազգային պարկում:
Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ին, Մեղրիի համայնքապետարանում տեղի կունենա Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել