HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից պահանջել է հետևել հրադադարի ռեժիմին

Ռուսաստանը Լեռային Ղարաբաղում հակամարտության կողմերից պահանջել է  հետևել ամբողջական հրադադարի ռեժիմին։ Այս մասին գրում է ռուսական պետական РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբի ներկայացուցիչին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունից հետո առաջին անգամ՝ դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը խախտել էին հրադադարի ռեժիմը։ Ըստ Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20։40-ին, հակառակորդը հարավային ուղղությամբ (Հադրութի շրջան, խմբ․) հարձակման փորձ էր ձեռնարկել, որի ընթացքում երեք հայ պահեստազորայիններ վիրավորվել էին։

Դեկտեմբերի 12-ին էլ՝ ժամը 18։30-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղերր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեռնարկել են համարժեք քայլեր։

Նշենք, որ Հին Թաղերն և Խծաբերդը Հադրութի շրջանի այն եզակի գյուղերից են, որոնք պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը չեն կարողացել գրավել։

Արձագանքելով վերջին դեպքերին՝ Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:

«Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,- նշել էր վարչապետի խոսնակը:

Մեկ այլ գրառմամբ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը, և այդ մասին «ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter