
Պուտինը չի բացառել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ավելացումը
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մեծացումը։ Այս մասին նա խոսել է տարեվերջյան ասուլիսի ընթացքում։
Ըստ ՌԴ նախագահի՝ ռուս խաղաղապահների թվի ավելացումը հնարավոր է, սակայն միայն հակամարտության կողմերի համաձայնության դեպքում։
Հիշեցնենք, որ ըստ եռակողմ հայտարարության 3-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Անդրադառնալով վերջին օրերին Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներին (Հին Թաղերի և Խծաբերդի հատվածում, խմբ․)՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դրանք եզակի դեպքեր են եղել, և հույս է հայտնել, որ դրանք այդպիսին էլ կմնան։
Ռուսաստանի նախագահը հուսով է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդ երկրները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները խոսքից գործի կանցնեն և կսկսեն օգնություն ցուցաբերել տարածաշրջանին և մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն․
«Օգնության կարիք առաջին հերթին ունեն Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականները: Եվ մենք հույս ունենք, որ ոչ միայն Ռուսաստանը դա կանի՝ ուղարկելով մարդասիրական շարասյուներ, այլ նաև միջազգային կազմակերպությունները տեղից կշարժվեն՝ և՛ ՅՈՒՆԻՍԵՖԸ, և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և՛ ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը»,- նշել է Պուտինը։
Կարդացե՛ք նաև՝
- Վլադիմիր Պուտին․ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում»
- Վլադիմիր Պուտին․ «Լեռնային Ղարաբաղում պատերազմը արտաքին միջամտությամբ չի եղել»
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի / «Հետք»
Մեկնաբանել