HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը Կապանի եւ 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունից հրահանգ է եղել Կապանի ներկա պաշտպանական դիրքերը Ադրբեջանին հանձնելու մասին։ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ վաղը մինչեւ ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։ Հարցին, թե արդյոք անակնկալ էր իր համար նման հրամանը, համայնքապետը պատասխանեց. «Ես մտածում էի, որ այս իշխանությունները բերելու են հասցնեն այս հանգուցալուծմանը։ Այդպիսի մտավախություններ ունեի»:

Վաղվանից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի եւ հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Ըստ համայնքապետի՝ դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը եւ Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։

«Այս բոլոր տարածքները մինչեւ 1929 թ․ եղել են հայկական տարածքներ։ 1929 թ․ դրանք տրվել են Ադրբեջանին։ Այդ տարածքներում ներառվել է 21 գյուղ։ Եվ ինչի՞ պիտի սահմանազատումն արվի 1974-ի քարտեզով, այլ ոչ թե, օրինակ, 1929-ի»,- ասում է համայնքապետը։

Ներկայում Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհի որոշ հատվածներ անցնում են այնպիսի տարածքներով, որոնք կա՛մ պետք է անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, կա՛մ հայտնվեն անմիջական սահմանի վրա։

-Ո՞նց է լուծվելու Գորիս-Կապան ճանապարհի անվտանգության հարցը։

-Լուծումը լինելու է ռուս սահմանապահների միջոցով։

-Այսինքն՝ Կապան գնացողները պետք է անցնեն սահմանապահների անցակետո՞վ։ Այդտեղ անցակե՞տ է լինելու։

-Դեռ հստակ կարգավորման մեխանիզմները չկան, բայց մեքենայով հերթապահություն իրականացվելու է։ Մեզ նաեւ անհրաժեշտ են լինելու դիրքեր, այսպես ասած՝ բլոկպոստեր։

-Հայկական զինված ուժերն էլ են տեղակայվելո՞ւ որոշ կետերում։

-Ճանապարհների վրա չեմ կարծում, այդտեղ առավելագույնը կարող են լինել սահմանապահները։

-Ի՞նչ եք կարծում՝ եթե նույնիսկ ճանապարհին տեղակայվեն սահմանապահներ, ինչքանո՞վ անվտանգ կլինի Կապանի ճանապարհը։

-Ինձ թվում է՝ որոշ չափով անվտանգ կլինի, բայց ամբողջովին չեմ կարող ասել։ Դա կերեւա ընթացքից։ Շատ կարեւոր է, թե այդ հերթափոխն ինչպես է իրականացվելու, ինչ քանակով։

Մեկնաբանություններ (1)

Զաւէն Պօղոսեան
Տրամաբանական չէ և անարդար.պէտք է արգելք կենալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter