
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ստորագրվել։
Հայտարարության վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Բանակցությունների ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՌԴ նախագահը շեշտել է, որ արցախյան հարցով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումը եղել է կարևոր և արդյունավետ։ Վլադիմիր Պուտինը նշել է նաև, որ բանակցությունների արդյունքներով եկել են այն եզրակացության, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության նորմերը պահպանվում են, և ռուս խաղաղապահները կատարում են իրենց պարտականությունները։
Այսօրվա բանակցությունների ընթացքում Պուտինը հայտարարել էր նաև, որ նախադրյալներ են ստեղծվել ղարաբաղյան հարցին ընդգրկուն լուծում տալու համար։
ՌԴ ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների բացմանը։ Պուտինի խոսքով՝ ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։
Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Климентьев
Մեկնաբանել