
ԱԳ նախարարը պատգամավորների հետ հանդիպման է. օրակարգում նաև ռազմագերիների հարցն է
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այս պահին հանդիպում է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպումը դռնփակ է, սակայն մինչ մեկնարկը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ օրակարգում է Մոսկվայում օրեր առաջ կայացած եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է հայտարարություն:
«Հայտարարության կենտրոնական կետը տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումն է, ռազմագերիների և այլ պահվող անձանց հարցում, ինչպես հայտնի է, դեռ էական առաջընթաց այս պահին չկա: Եւ մեր այսօրվա հանդիպման նպատակն է նախ մեր գործընկերների և նախարարի հետ վերլուծել հանդիպման արդյունքները, հետագա հնարավոր հնարավորությունները և քննարկել մեր կենտրոնական առաջնահերթությունը՝ ռազմագերիների վերադաձի ուղղությամբ տարվող հնարավոր քայլերը»,- ասաց Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին մեկնել է Մոսկվա, այնտեղ կայացել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:
ԱԳ նախարար Արա Այվազյանը կարևորեց հանձնաժողովի հետ հանդիպումը: Նախարարի խոսքով՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների վերադարձման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման նպատակով:
«Այս ուղղությամբ նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ»,- ասաց Այվազյանը: Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունները՝ Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում: Ըստ նախարարի՝ առաջնահերթություն է Արցախի տարածքների դեօկուպացիան և բնակիչների վերադարձը այդ բնակավայրեր:
Մեկնաբանել