HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը որոշեց Արամ Վարդանյանի վերաբերյալ գործը դռնփակ քննել

«Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ գործը դռնփակ կքննվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, այսօր սկսվեց շորթման, փաստաթուղթ կեղծելու և փողերի լվացման հոդվածներով քրեական գործի քննությունը։ Սա Վարդանյանի վերաբերյալ դատարանում քննվող երկրորդ գործն է։ Նախորդը, որը վերաբերում էր անձ առևանգելուն, նույնպես քննվել է դռնփակ։

Մինչ գործով դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ որոշումը դատարանում քննության առարկա դարձավ դատավորին՝ ինքնաբացարկ, դատախազին՝ բացարկ հայտնելու հարցերը։ Պաշտպանական կողմը բացարկի կամ  ինքնաբացարկի միջնորդություններ չուներ։ Ճշտվեց նաև Արամ Վարդանանի ինքնությունը։ Վարդանյանը նշեց, որ խնամքին երկու անչափահաս երեխա ունի, դատարանի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ֆիզիկապես առողջ չէ։ Դատարանը ճշտեց նաև պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ գործն արագացված կարգով քննելու վերաբերյալ։ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենք դեմ են գործի քննության արագացված կարգին։

Երբ դատարանն անցավ դատաքննության փուլին, որի ժամանակ արդեն պետք է հրապարակվեր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, Լուսինե Սահակյանը միջնորդեց գործի մի մասը դռնփակ քննել։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ գործը կամ դրա մի մասը դռնփակ քննելու հարցը լուծվում է դռնփակ նիստում, ուստի լրագրողները դուրս եկան նիստերի դահլիճից։ Քիչ անց դատական կարգադրիչը հայտնեց, որ դատարանը որոշել է գործը դռնփակ քննել։

Վարդանյանի գործը դատարան ուղարկելու վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ որոշ մանրամասներ են ներկայացված Վարդանյանի մեղադրանքից։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Վարդանյանը, 2012 թվականին իր ծանոթից ստանալով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակելու առաջարկ, համաձայնել է և այդ նպատակով պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ Երևանի Նոր-Նորքի զանգվածում գտնվող տարածք, այնուհետև՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում,  ըստ հաղոդրագրության, Վարդանյանը բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել և ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, ինչպես նաև՝ ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող և վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամին համարժեք դրամական միջոցներ և գույք:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Վարդանյանը, առանձնատունն օրինականացնելու նպատակով, քողարկելով  դրա ծագման իրական աղբյուրը, իր մտերիմին հանձնարարել է պարտապանի մոր հետ կնքել առանձնատան վաճառքի ձևական պայմանագիր, որից հետո՝ 2012թ. սեպտեմբերի 28-ին, կնքվել է առանձնատան առուվաճառքի պայմանագիրը։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վարդանյանը, Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ և կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում և այդ կերպ երեխայի նկատմամբ ձեռք բերել հայրության իրավունք և ստանալով բովանդակությամբ կեղծ, պատասխանատվությունից ազատող հայրության որոշման մասին պետական վկայական:

Այնուհետև, 2019թ. հունվարի 17-ին, երբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործն արդեն դատարանում է եղել, Վարդանյանն, ըստ մեղադրանքի, դատարանին է ներկայացրել երեխայի հայրության վերաբերյալ կեղծ վկայականը, որի հիման վրա՝ դատարանը որոշում է կայացրել համաներում հայտարարելու մասին օրենքով Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել  և քրեական գործով վարույթը կարճել։

Նշենք, որ Վարդանյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ամիսներ առաջ  մեծ աղմուկ էին բարձրացրել նրա տանն իրավապահների կատարած գործողությունները։ Ոստիկանները տակնուվրա էին արել նրա բնակարանը։ Հետագայում պարզվել էր, որ նրանք ունեցել են Վարդանյանին ձերբակալելու որոշում։ Վարդանյանը 2020 թվականի հունիսից գտնվել է կալանքի տակ։ 2021 թվականի հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը, անդրադառնալով ամբաստանյալի խափանման միջոցի հարցին, որոշել է նրան ազատ արձակել 75 մլն դրամ գրավի դիմաց։

Նշնենք, որ դատական նիստի ընթացքում Վարդանյանն առարկել է տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter