HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գևորգն ասում էր, որ բոլորը մի օր կիմանան իր մասին»,- պատմում է զոհված զինծառայողի քույրը

Գևորգ Ջավախյանը վիրավորվել է հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի մերձակայքում, հոկտեմբերի 28-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի ամռանը։ Զինծառայությունն անցկացրել է Իվանյանում, տանկի նշանառու-օպերատոր էր։ 

Դեպքից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, «Հետքի» նկարահանող խումբը եղել էր Ակնայի այն դիրքում, որտեղ Գևորգն ու իր ընկերներն էին, այնտեղ լուսանկարել էին տղաներին։ Գևորգի  զոհվելուց հետո նրա ընտանիքի անդամները դիմել էին խմբագրություն, իրենց տղայի լուսանկարներն ու տեսագրությունը վերցնելու, քանի որ Գևորգն ասել էր, որ «Հետքից» եկել ու նկարել են իրենց։

Այցելեցինք Գևորգի գերեզման: Հավաքվել են քույրը, դասընկերները, պատմում են տղայի մասին։

Գևորգը երևանցի էր։ Նրա վիրավորվելու մասին  առաջինն իմացել է նրա դասընկերուհին՝ Տաթև Նազարեթյանը, հենց նա է Գևորգի ընտանիքի անդամներին տեղեկացրել, որ տղան վիրավոր է։ Տաթևն ասում է, որ սկզբում չի հավատացել։ Դեպքից 1 օր առաջ խոսել է Գևորգի հետ, տղան հարցրել է, թե ինչ նորություն կա, հեռուստատեսությամբ, լուրերով ինչ են հաղորդում։ Տաթևն ասել է, որ պատերազմի ավարտի մասին դեռ չեն խոսում: Աղջկա խոսքով  2 օր փնտրելուց հետո Գևորգին նրա հարազատները գտել են Երևանի հիվանդանոցներից մեկում, բազմաթիվ վնասվածներով, կոտրվածքներով, անգիտակից։

«Որ Գևորգը դասի չէր գալիս, շատ տխուր էր անցնում, զանգում ասում էինք թեկուզ առաց պայուսակ վեր կաց, արի, ուսուցիչներն ասում էին՝ էս ի՞նչ հանգիստ է անցնում, ո՞վ չկա, Գևո՞րգը»,- պատմում է Տաթևը:

Գևորգը դասընկերուհուն պատմել էր ապագայի պլանների մասին: Որոշել էր դերասան դառնալ, ուզում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդուվել: Հայկական սիթքոմերից մեկում նկարահանվելու առաջարկ էր ստացել: Նկարահանվելուց հետո հստակ որոշել էր, որ պիտի դերասանի մասնագիտությունն ընտրի:

Գևորգի մյուս դասընկերուհին՝ Նարինե Վարդանյանը, պատմում է, որ ինքը, Տաթևն ու Գևորգը միշտ միասին էին։ 

Հիշում է, որ Գևորգի բանակ զորակոչվելուց առաջ տեսանյութ են նկարել, որտեղ Գևորգը խնդրում է, պահել տեսանյութն ու 2 տարի անց՝ երբ վերադառնա բանակից, ցույց տա իրեն։

«Միշտ ինքս ինձ հետ խոսում եմ, թե էդ վիդեոն ի՞նչ եմ անելու, ո՞ւմ եմ ցույց տալու, ես նրան շատ եմ կարոտում, նրա տեղը շատ է զգացվում, ես գնում եմ նրան տուն ու նրա կարոտն եմ առնում, բայց մեկ է՝ իր բացը ես շատ եմ զգում, միշտ պատկերացնելու եմ, թե ոնց է գալիս»,-ասում է Նարինեն:

Գևորգի քույրը՝ Սեդա Ջավախյանն ասում է, որ եղբայրն ապագայի պլաններից չէր սիրում խոսել, բայց միշտ ասում էր, որ մի օր բոլորն իմանալու են իր մասին:

«Մենք չէինք ուզում, որ իր մասին մարդիկ իմանան այս գնով»,-ասում է Սեդան:

Հիշում է, որ եղբայրը դպրոցական տարիներին շատ աշխույժ էր, միևնույն ժամանակ պատասխանատվության զգացում ուներ, երբ որևէ բան իրեն էին վստահում, պարտաճանաչ կատարում էր:

Սեդան պատմում է, թե չի հավատացել, որ հիվանդանոցում գտնվող տղան Գևորգն է, քանի որ բազմաթիվ վնասվածքներ ուներ, մարմինն այտուցված ու գրեթե անճանաչելի էր: Աղջիկը ծնողներին խնդրել է ԴՆԹ անալիզ հանձնել: Հետո հոնքերի ձևից և աչքերի գույնից (Գևորգի աչքերը կապույտ են) համոզվել են, որ Գևորգն է: Հոկտեմբերի 27-ին երբ հարազատները կապվել են բժիշկների հետ, նրանց ասել են, որ Գևորգի վիճակը կայուն ծանր է: Հոկտեմբերի 28-ին Սեդան հիվանդանոցից զանգ է ստացել, ասել են, որ Գևորգի սիրտը կանգ է առել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter