HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բավրայի անցակետի հերթափոխի նախկին պետ Դավիթ Հակոբջանյանի և մյուսների գործը դատարանում է

Բավրայի անցակետի հերթափոխի նախկին պետ Դավիթ Հակոբջանյանի գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է՝ դատավոր Նարեկ Բեգլարյանի վարույթում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 7-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից»։

Մինչև ԱԱԾ-ի հայտարարությունը դեպքին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս 2020 թվականի փետրվարի 6-ին՝ Կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ «մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»։ Փաշինյանը նշել է, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում և հավելել է, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, ճաշակելու են այդ կասկածների ամենադառը պտուղները։ Այս հայտարարությունը ձերբակալված անձանցից մեկի փաստաբանները դատապարտել են՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունը դատարանի վրա ճնշում գործադրելու ակնհայտ իրողություն է։

Դավիթ Հակոբջանյանին ձերբակալելուց հետո Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը քննելով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը մերժել էր, սակայն Հակոբջանյանն ազատ չէր արձակվել, ԱԱԾ-ն նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը քննելով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր։

Հետագայում վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Հակոբջանյանն ազատ է արձակվել․ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կալանքի հարցը քննել է օրենքի հիման գրա չստեղծված դատարանը։

Այս պահին դատարան ուղարկված գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի 7 անձ։ Ըստ գործի՝ 2020թ հունվարի 25-ին «Նառա տուր» տուրիստական կազմակերպության համասեփականատեր, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Երվանդ Քեչիջյանը մաքսակետի հերթափոխի տեսուչ Արմեն Մինասյանին առաջարկել է առանձնապես խոշոր չափերով 3600 ԱՄՆ դոլար կաշառք, որը Մինասյանն ընդունել է և Դավիթ Հակոբջանյանի ու Արմեն Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնությամբ՝ փետրվարի 6-ին ժամը 5:00-ի սահմաններում Վրաստանից Բավրա մաքսակետ մուտք գործած բեռնատարը չեն արձանագրել, չեն հայտարարագրել, առանց մաքսազերծման թույլատրել են հեռանալ մաքսակետի տարածքից:

Երվանդ Քեչիջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Նառա տուր» տուրիստական կազմակերպության համասեփականատեր և ծանոթ լինելով Արմեն Մինասյանի հետ, դիմել է վերջինիս՝ էժան գներով 4540 կգ ընդհանուր քաշով ուղեբեռը մաքսազերծելու հարցով։ Ըստ «Դատալեքսում» առկա տեղեկության՝ ենթադրյալ կաշառք համարվող 3600 ԱՄՆ դոլար գումարը Քեչիջյանը մաս-մաս է տվել։

Երկու անձ՝ Վարդան Թումանյանն ու Գագիկ Համբարյանը, մեղադրվում են Դավիթ Հակոբջանյանին, Արմեն Մինասյանին և Արմեն Մարտիրոսյանին շահադիտական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հարցում օժանդակելու մեջ։

Նշենք, որ երբ գործն ուղարկվել է դատարան, մեղադրյալներից կալանքի տակ է եղել միայն Արմեն Մարտիրոսյանը։ Դատավոր Նարեկ Բեգլարյանը գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Մարտիրոսյանի խափանման միջոցի հիմնավորվածության հարցին՝ որոշել է նրան 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter