
Վահան Բադասյանը կալանավորվեց
Ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվեց։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Հիշեցնենք, որ Բադասյանին կալանավորելու միջնորդությունը քննում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը։
Բադասյանը երեկ բերման է ենթարկվել Ազգային անվանգության ծառայություն՝ «Եռաբլուրում» լրագրողներին տված հարցազրույցից հետո, որում ասել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։
«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք... այո, նաև զենքի միջոցով... այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- հայտարարել է Վահան Բադասյանը, նաև նշել, որ ինքը պատրաստ է դա անել։
«Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը դիրքորոշում ունի, որ Բադասյանի հայտարարությունը չի կարող որակվել որպես հանցանք, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով։
Մեկնաբանել