HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վերադարձված ռազմագերիների և պահվող այլ անձանց ընդհանուր թիվը 63 է

Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց ամենամեծ խմբի (44 հոգի) վերադարձը, Ադրբեջանը տարբեր օրերի ընթացքում հայկական կողմին է փոխանցել ընդհանուր 9 անձի, որոնք բոլորն էլ եղել են քաղաքացիական։

Նրանցից միայն մեկն է վերադարձվել պատերազմական գործողությունների ակտիվ շրջանում (հոկտեմբերի 29)։ Խոսքը 84-ամյա Եվգենիա Բաբայանի մասին է։ Մնացած 8-ը վերադարձվել են դեկտեմբեր ամսին։ 

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, որը պատերազմի ընթացքում զբաղեցնում էր Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախքան դեկտեմբերի 14-ը վերադարձված 9 քաղաքացիական անձանցից 2-ը եղել են բռնի անհետացած անձինք, որոնց պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիներն են տարել, իսկ մնացած 7-ը եղել են քաղաքացիական ներկալված անձինք, որոնց պատերազմի ընթացքում ադրբեջանցիները տարել են նրանց բնակավայրերից։ Այդ 9 քաղաքացիներից 5-ը տարեց մարդիկ են եղել, 3-ը՝ կանայք։

Բացի հոկտեմբերի 29-ին վերադարձված Եվգենիա Բաբայանից, մնացած 8-ից 2-ը վերադարձվել են դեկտեմբերի 4-ին, 3-ը՝ դեկտեմբերի 9-ին, Արտակ Բեգլարյան խոսքով՝ ևս 3-ը՝ դեկտեմբերի 11-ին: Ի դեպ դեկտեմբերի 11-ին վերադարձած քաղաքացիների մասին պաշտոնական մակարդակով չի հայտարարվել, այդ իսկ պատճառով պատերազմից հետո վերադարձած գերիների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվի մասին մեր նախորդ նյութում ավելի փոքր թիվ էինք ստացել՝ 59, չներառելով՝ հոկտեմբերի 29-ին վերադարձած Եվգենիա Բաբայանին և ներառելով դեկտեմբերի 9-ին մեկ քաղաքացիական ներկալված անձի դին։ 

Բացի վերը նշված 9 քաղաքացիական անձանցից, դեկտեմբերի 14-15-ին վերադարձվել են 44+1 հոգիայդ թվում մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանում հայտնված 5 անձինք, իսկ +1-ը Նարեկ Սարդարյանն է, որը փոխանցվել էր Նախիջևանի կողմից՝ դեկտեմբերի 15-ին։ Նրան մեր նախորդ նյութում հաշվել էինք 44-ի մեջ, ուստի ստացվում է, որ ընդհանուր թիվը ևս մեկով պակաս էինք գրել։

Դեկտեմբերի 28-ին՝ վերադարձվել են 4, հունվարի 28-ին՝ 5 (Խծաբերդի շիրակցիներից) ռազմագերիներ և պահվող այլ անձինք։ 

Այսպիսով, համադրելով բոլոր տվյալները՝ ստացվում է, որ Հայաստան են վերադարձվել ընդհանուր թվով 63 ռազմագերի և պահվող այլ անձինք, իսկ բացի վերադարձածներից, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել նաև գերեվարության մեջ գտնվող երկու քաղաքացիական անձի դի (նոյեմբերի 1-ին և դեկտեմբերի 9-ին), հունվարի 18-ին էլ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութից գտնվել էր ևս մեկ տղամարդու դի, որի գերեվարվելու փաստը ավելի վաղ էր հաստատվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter