HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պատերազմի ավարտից հետո Հայաստան են վերադարձվել ընդհանուր 59 գերիներ և պահվող այլ անձինք

Արցախում պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմին վերադարձված գերիների և պահվող այլ անձանց ընդհանուր թիվը հասավ 59-ի, այդ թվում՝ այսօր վերադարձած 5 գերիները։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը։ Գործընթացի ձգձգման պատճառով Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատության են ենթարկվում այն բանի համար, որ վերը նշված 8-րդ կետում ժամկետներ չեն նշվել, ի տարբերություն՝ Ադրբեջանին հանձնվող շրջանների մասին կետի։

Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ հայ գերիներ վերադարձվեցին դեկտեմբերի 4-ին։ Այդ օրը Հայաստան տեղափոխվեցին 2 քաղաքացիական անձինք։ Եվս 3-ը վերադարձվեց դեկտեմբերի 9-ին։ Նույն օրը ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց նաև մեկ տղամարդու դի։

Փոխանակման գործընթացում ամենամեծ թվով գերիները Հայաստան վերադարձվեցին դեկտեմբերի 14-ին, թվով 44։ Նրանց մեջ են եղել նաև մինչև արցախյան 2020 թվականի պատերազմում Ադրբեջանում հայտնված զինծառայողներն ու քաղաքացիական անձինք։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանը Ադրբեջանին վերադարձրեց 12 գերու, որոնց թվում են եղել նաև 2014 թվականին Քարվաճառ ներթափանցած և երկու հայի սպանած Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը։ Նրանց ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման։

Գերիների հաջորդ վերադարձը Հայաստան տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը հայրենիք տեղափոխվեցին 4 հոգի։ 

Եվ ահա այսօր՝ հունվարի 28-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ջանքերի արդյունքում հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Նրանց տեղափոխոխող ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ 

Փոխվարչապետը հայտնել էր նաև, որ գերության մեջ գտնվող հայ զինծառայողները խոսել են 62 գերեվարվածի հարազատների հետ։ 

Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ վերադարձված 5 հոգին դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում գերեվարված 62 զինծառայողներից են, որոնք բոլորն էլ Շիրակի մարզից են։ 

Հունվարի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, թե ադրբեջանական կողմը այս փուլում հայտարարել է՝ քանի որ այդ 62 զինծառայողները այդ շրջան են տեղափոխվել հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, ապա անհրաժեշտ է այդ հարցը այլ հարթությունում դիտարկել, և ոչ թե նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության շրջանակներում։ Սակայն փաստորեն, այդ 62 հոգանոց խմբից 5-ը այսօր վերադարձվեցին։ Այսօր Հայաստանից էլ Ադրբեջան է տեղափոխվել 1 գերի։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն էլ հայտնել է, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են հոսպիտալ վերադարձված 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար:

Հավելենք նաև, որ հունվարի 18-ին որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութից գտնվել էր մեկ տղամարդու դի, որի գերեվարվելու փաստը ավելի վաղ էր հաստատվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter