HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի օրերին Երևանում ապօրինի շինարարություն իրականացնողները

Նառա Կիրակոսյան, Տիրայր Մուրադյան

Նարինե Մկրտչյանը 2018 թ.-ից պայքարում է երևանյան իր տան հարևանությամբ կատարվող ապօրինի շինարարության դեմ։ Կառուցապատումը սկսվել է հետհեղափոխական փուլում, միս ու արյուն է ստացել 2020 թ.-ին՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի օրերին։ Երկու դեպքում էլ՝ անվերահսկելի ժամանակաշրջանում։

Ներքին Շենգավիթ 12-րդ փողոցում՝ 97 դպրոցի դիմաց, 2018 թ.-ին քաղաքացի Արայիկ Հարությունյանը ապօրինի շինարարություն էսկսել է։ Փորձել է իրեն պատկանող մեկհարկանի շինությունը վերակառուցել՝ դարձնել երկհարկանի։ Կառուցապատվող տարածքի անմիջապես հարևանությամբ բնակվող Նարինե Մկրտչյանն առաջին իսկ պահին ահազանգել է քաղաքապետարանի «թեժ գծին»։ Նույն օրը քաղաքապետարանից եկել և ապամոնտաժել են բետոնաշաղախի համար ամրացված փայտե հենակները։ Ըստ Նարինե Մկրտչյանի՝ կառուցապատողը սպասել է մեկ այլ հարմար առիթի՝ կիսատ գործը շարունակելու, և Արցախում սկսված պատերազմը «նոր հնարավորություն» է բացել նրա համար։ Այդ ժամանակ նույնիսկ հարևանը խնդրել է Նարինե Մկրտչյանին, որ չբողոքի շինարարության դեմ։

«Ասեցի՝ դու պետք է պատերազմ գնաս, հիմա ոչ ոք չի մտածում տուն սարքելու մասին։ Ու այդ իրավիճակում սկսեցին տունը կառուցել»,- իր և հարևանի զրույցը վերհիշեց Նարինե Մկրտչյանը։

Պատերազմի սաստկանալուն զուգահեռ՝ ապօրինի շինարարությունը մեծ թափ է հավաքել։ Բազմաթիվ ահազանգերից հետո քաղաքապետարանից եկել և 200 հազար դրամով տուգանել են ապօրինի շինարարություն իրականացնողին, սակայն շինարարությունը չի դադարեցվել։ Նարինե Մկրտչյանի պնդմամբ՝ այդ ընթացքում Արայիկ Հարությունյանի որդին ֆիզիկական բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել իր հասցեին։

Հերթական ահազանգից հետո Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Գրիգորյանը Նարինե Մկրտչյանին պատասխանել է, որ «տարածքում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որը շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանք է»։ Այս պատասխանը տարակուսանք է առաջացնում։ Ինչպե՞ս շինարարությունը ավարտական տեսք ստացավ, և ապօրինի կառուցված շինության ներքին հարդարման աշխատանքն օրինական համարվեց։

Նարինե Մկրտչյանը կարծում է, որ ապօրինի շինարարությունը չի վերահսկվել մի քանի պատճառով։ Կա՛մ հովանավորչություն է եղել, կա՛մ վարչական շրջանի աշխատակազմում հանցավոր անգործություն են ցուցաբերել, կա՛մ հին բարքերն են՝ կաշառք են տվել։ Նման ենթադրությունների տեղիք է տվել այն հանգամանքը, որ ապօրինի շինարարության փաստն արձանագրելուց և տուգանք նշանակելուց հետո վերահսկողություն չի իրականացվել։ Հակառակ դեպքում մի քանի անգամ ավելի մեծ տուգանք կկազմվեր, ինչը, հնարավոր է, զսպեր ապօրինություն կատարողին։

«Կապ չունի՝ մեկ տուն է ապօրինի կառուցվում, թե մեկ դղյակ, եթե մի բան ապօրինություն է, պետք է պատժվի։ Կա՛մ ինձ թող պատժեն սուտ մատնության համար, կա՛մ այդ մարդկանց պատժեն»,- ասում է Նարինե Մկրտչյանը։ Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ տարածքում ինքնակամ իրականացվել են երկաթբետոնե հիմնասյուների և հեծանների կառուցման շինաշխատանքներ, կազմվել է արձանագրություն, որի հիման վրա 200 հազար դրամ վարչական տույժ է նշանակվել։

28.09.2020 - 09.11.2020 թթ. հայտնաբերված խախտումներն ու կազմված արձանագրությունները 

Քարտեզը Կարին Մանուկյանի, Սուսինա Խաչատրյանի և Արտակ Կոլյանի Ⓒ Հետք Մեդիա Գործարան


Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ պատերազմի օրերին (սեպտ․ 29-ից նոյ. 10-ը) մայրաքաղաքում 153 ապօրինի շինարարության դեպք է արձանագրվել։ Այդ դեպքերից 17-ով ապամոնտաժման և հողազավթման վերացման որոշումներ են կայացվել։ Մնացած դեպքերով տուգանքներ են նշանակվել, որոշ պարագայում ապօրինի կառուցապատում իրականացնողները կրկնակի են տուգանվել։

«Հետքն» ուսումնասիրել է բոլոր դեպքերն ու առանձնացրել 7 դեպք։ Շենգավիթում արձանագրված շինարարությունից բացի, մյուսներին առանձին-առանձին կանդրադառնանք ստորև։ Դրանցից երկուսի դեպքում ապօրինի շինարարությունն իրականացվել է համայնքային հողում, մի դեպքում ապօրինի շինարարության հետևանքով կառուցապատողը հսկայական մակերես է «նվեր» ստացել, մեկ այլ դեպքում էլ ապօրինությունն այն աստիճան չի վերահսկվել, որ կասեցված լինելով հանդերձ՝ Երևանի փոքր կենտրոնում 4 հարկ է կառուցվել։

Հերացու փողոց 2 հասցեում համաձայնեցված նախագծից շեղումներով շինարարություն է իրականացվել։ Նշված հասցեում գտնվող Հրաչյա Աճառյանի անվան նախկին դպրոցի շենքը վերակառուցվում է 2013 թ.-ից։ Պետական սեփականություն համարված շենքը եւ դրա հողամասն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էին «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամին։ 2018 թ.-ին պետությանը պատկանող հողի մի մասը հյուրանոց կառուցելու նպատակով սեփականության իրավունքով փոխանցվել էր հիմնադրամին, իսկ նույն տարածքում գտնվող եւ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասը փոխանցվել էր պետությանը։ Մինչ այդ՝ 2014 թ.-ին, Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցվել էր հյուրանոցային շենքի նախագիծը։ Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 9-ին, քաղաքապետարանի աշխատակիցներն արձանագրել են, որ շինարարությունն իրականացվել է համաձայնեցված նախագծի շեղումներով։

«Google Earth» ծրագրի օգնությամբ պարզում ենք, որ «ՀԱՊԿ ակադեմիան» ընդհատումներով է վերակառուցվել։ 2019 թ.-ի դրությամբ նախագծից շեղումներ առկա չեն։ Մեկ տարում մեծ թափով շինարարություն է ընթացել, և համաձայնեցված նախագծից դուրս կառուցապատում է արվել։ Կառուցապատման համար չնախատեսված հատվածում կատարվել են հարկերի կառուցման աշխատանքներ, բացի այդ՝ շենքի եռանկյունաձև հատվածը կառուցապատման ընթացքում ուղղանկյան տեսք է ստացել։ Դրա արդյունքում «ՀԱՊԿ ակադեմիան» բազմահարկ շենքում լրացուցիչ մակերեսներ է ստացել, իսկ Երևանի կենտրոնում 1 քմ կառուցապատված տարածքի շուկայական միջին արժեքը 1500 ԱՄՆ դոլար է։ «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամի տնօրենը ԱԺ նախկին պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն է։ Ակադեմիայի հիմնադիրները ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ, ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն են: 

Եթե Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պատշաճ հսկողություն իրականացնեին շինարարության նկատմամբ, դժվար թե 10 հարկ նախագծից շեղմամբ կառուցելուց հետո պարզվեր, որ սկզբի շեղման հետևանք է հարկերի կառուցումը։ Դրա փոխարեն խախտման փաստն արձանագրվել է շինարարության առանցքային աշխատանքները կատարելուց հետո։

Տերյան-Արամի փողոցների հատման մասում 2019 թ.-ին քաղաքապետարանը Ղևոնդ Ղալումյանին տվել է հասարակական նշանակության օբյեկտի նախագծման թույլտվություն՝ պայմանով, որ շինությունը պետք է նախագծել 1 ստորգետնյա և 4 վերգետնյա հարկերով, առավելագույն բարձրությունը՝ 14 մ։ 2020 թ.-ին Ղալումյանը ստացել է շինարարության թույլտվություն։ 1-ին հարկը կառուցելուց հետո հարևանությամբ գտնվող տարածքի սեփականատերը դիմել է դատարան և վիճարկել շինթույլտվությունը։ Հայցը վարույթ է ընդունվել, և շինթույլտվությունը կասեցնելու միջնորդությունը բավարարվել է։ Դատարանի որոշմամբ կասեցվել է շինարարությունը։

2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին քաղաքապետարանի աշխատակիցները պարզել են, որ կասեցման որոշման պայմաններում Ղևոնդ Ղալումյանը երկաթբետոնե հիմքերով երկրորդ հարկի կառուցման աշխատանքներ է կատարել։ 2021 թվականի հունվարին այցելեցինք շինհրապարակ և արձանագրեցինք, որ կառուցվել է ոչ միայն 2-րդ հարկը, այլև՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։ Այսինքն՝ կասեցնելու որոշումը չի կատարվել, իսկ շինարարությունը չի վերահսկվել։ 

Ղևոնդ Ղալումյանը սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի նախկին գործընկերն է, ում Խուդյանը մեղադրում է համատեղ ընկերությունը թալանելու մեջ։ Ղալումյանը ոստիկանության պաշտոնաթող գնդապետ է, այժմ շինարարական գործունեություն է ծավալում։

Խանջյան 8/1 հասցեում՝ Օղակաձև զբոսայգում գտնվող նախկին «Շալե» սրճարանի փայտե շինության մեջ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, գոյություն ունեցող շինության ներքին հատվածում իրականացվել են քարե շարվածքով պատի կառուցման աշխատանքներ։ Երբ այցելեցինք սրճարանի տարածք, մեզ թույլ չտվեցին ներսում նկարահանում կատարել, սակայն տեսանք ապօրինի շինարարության փաստը։ 

Սրճարանի զբաղեցրած հողակտորը Երևան համայնքից վարձակալել է քաղաքացի Արման Նալբանդյանը, որին էլ քաղաքապետարանը 200 հազար դրամ տուգանել է ապօրինի կառուցապատման համար։ Արման Նալբանդյանն իր հերթին տարածքը վարձակալությամբ տրամադրել է «ԿՈՐՎԵՏ-Ե» ՍՊԸ-ին։ Ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում են Բաբկեն Լևոնյանին, որը «Զվարթնոց» մաքսատան տեսուչ է եղել։ 2013 թ.-ին Բաբկեն Լևոնյանի և այլ տեսուչների կողմից, անձնական շահագրգռվածությամբ, ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով Հայաստան ապօրինի ներմուծվել է 17.6 միլիոն դրամի բջջային հեռախոս և համակարգիչ։ Լևոնյանը, նրա գործընկերը և այլ անձինք այդ գործով 2014 թ.-ին դատապարտվել են։ Նախկինում «Շալե» սրճարանը գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցերնինն» էր։

Կոնցերնի տնօրեն Էդգար Մկրտչյանը «Հետք»-ին փոխանցեց, որ տվյալ տարածքը միշտ վարձակալության է տրամադրվել, վարձակալները փոփոխվել են։ Նրա խոսքով՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը տեղեկացրել է իրենց։ Իրենք էլ վարձակալից են հետաքրքրվել, թե ինչ է կատարվել։ Պարզել են, որ ներքին պատ են վերանորոգել։ Պահանջել են դադարեցնել, վերականգնել նախնական տեսքը։

Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում «Կաէռ բիլդ» ՍՊ ընկերության տնօրենը, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացել է երկաթբետոնե հիմքերի, մետաղական կոնստրուկցիաներով շինության կառուցման աշխատանքներ։ Նույն տեղում կատարվել են նաև գոյություն ունեցող շինության վերակառուցման, մասնավորապես՝ մետաղական կոնստրուկցիաների ընդլայնման, երկաթբետոնե հիմքերի կառուցման շինարարական աշխատանքներ։ Երկու դեպքում էլ նույն օրն է քաղաքապետարանն արձանագրություն կազմել, ապա տուգանել ընկերության տնօրեն Կարեն Կարախանյանին 200 հազարական դրամով (ընդհանուր՝ 400 հազար դրամ)։

Այցելեցինք Թբիլիսյան փողոցում գտնվող «Կաէռ բիլդ» ընկերությանը պատկանող պարսպապատ տարածք։ Ներս մտնելու կարիք չկար, քանի որ պարսպից այն կողմ էլ տեսանելի էր բետոնաշաղախի աշտարակը, հարակից շինությունները, որոնք կառուցվել են առանց շինարարական թույլտվության։ Ընկերությունը մի կողմից ապօրինի կառուցապատում է իրականացրել, մյուս կողմից դիմել է շրջակա միջավայրի նախարարություն՝ սահմանային թույլատրելի արտանետումների նախագիծը հաստատելու խնդրանքով։ Նախագծում նշված է, որ տարածքի հարևանությամբ դպրոցական հաստատություններ չկան, մինչդեռ հենց ընկերության ներկայացրած փաստաթղթում կցված քարտեզից էլ երևում է, որ անմիջական հարևանությամբ «Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջ»-ն է։ 

«Կաէռ բիլդ» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերը պատկանում են Աիդա Հովհաննիսյանին։ Նրան են պատկանում նաև «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի 50 % բաժնետոմսերը, իսկ ընկերության 12․5 % բաժնետոմսերը պատկանում են ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Աղաջանյանի կնոջը՝ Արմինե Եղիազարյանին։ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանին 2019 թ.-ին աղբատարներ նվիրող ընկերություններից է։ Այս ընկերության բաժնետերերից Սամվել Մանիջոյանն էլ մեկ այլ հասցեում է ապօրինի շինարարություն իրականացրել։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոց հ․45 հասցեի բնակելի տանը կից՝ Սամվել Մանիջոյանը, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է քարե շարվածքով պատի և երկաթբետոնե սյուների կառուցման աշխատանքներ։ Քաղաքապետարանը Մանիջոյանին տուգանել է 400 հազար դրամ, քանի որ նա հողօգտագործման իրավունք չի ունեցել։ Այսինքն՝ հողն իրենը չի եղել, ոչ էլ վարձակալել է։ Համայնքային հողում արված կառուցապատումը մեր այցելության պահին կանգուն էր, ապամոնտաժված չէր։

Արշակունյաց պողոտայի հ․ 18/4 հասցեում «Ջերմուկ գրուպ» ընկերության տնօրեն Վահագն Արսենյանը, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է մետաղական կոնստրուկցիաներով շինության կառուցման աշխատանքներ։ Վահագն Արսենյանը Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է, որին էլ պատկանում է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը։ Քաղաքապետարանը Վահագն Արսենյանին տուգանել է 200 հազար դրամով։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արման Այվազյանը «Հետք»-ի հետ զրույցում անդրադարձավ վերը նշված դեպքերին։ Ըստ պաշտոնյայի՝ երկրորդ անգամ տուգանելուց հետո, եթե շինարարությունը չդադարեցվի, ապա քաղաքապետարանը կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահներին։ Վերահսկողության, օրենսդրության և ապօրինի շինարարության հարցերի շուրջ Արմեն Այվազյանի հետ մեր հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter