HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հայաստանի հարավային երկաթուղին» իրականություն չդարձավ. 3 տարի է՝ վեճը քննվում է արբիտրաժային դատարանում

Մոտ 3 տարի է, ինչ շարունակվում է Ջոզեֆ Բորկովսկին և «Ռասիա ՖԶԷ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության  արբիտրաժային գործը: Այն Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում մուտքագրվել է 2018 թվականի օգոստոսի 3-ին: Ընկերությունը, որպես վնասի հատուցում, պահանջում է շուրջ 160 մլն դոլար: Այս գործի շրջանակներում Տրիբունալի ընթացակարգային ծախսերը հոգալու համար, ՀՀ վարչապետի աշխատակազմն օրեր առաջ միջազգային կենտրոնին արդեն փոխանցել է 400 հազար ԱՄՆ դոլար:

Արբիտրաժային գործը վերաբերում է ՀՀ-ի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրերի և ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին 1992թ. պայմանագրի շրջանակներում երկաթգծի և մայրուղու կառուցման առնչությամբ կողմերի միջև ծագած վեճին:

Նշենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է իրականացներ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի տնտեսական հիմնավորված լինելու դեպքում նաև` ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը: Այն ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նույնիսկ հանդիպումներ է ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ:

«Հայաստանի հարավային երկաթուղին» անցնելու էր Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզերով: Դեռևս 2014թ.-ին Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում էին, թե «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու է Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:

Տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու միջև 2012թ.-ի հուլիսի 28-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ընկերությունն իրականացնելու էր Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը` բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին: Պայմանագրի գործունեության ժամկետը 30 տարի էր՝ 20 տարի երկարաձգման պայմանով:

Երկաթգծի երկարությունը պետք է կազմեր շուրջ 316 կմ: Բաղկացած էր լինելու կամուրջներից, թունելներից, բարդ կառույցներից և ունենալու էր 27 կայարան: Ակնկալվում էր, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի:

Պայմանագրի պահանջներն այդպես էլ իրականություն չդարձան և 2017թ. Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտարարեցին, որ «Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ»:

Դրան արդեն հաջորդում է Ջոզեֆ Բորկովսկին և «Ռասիա ՖԶԷ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործի քննությունը:

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարչական և ֆինանսական կարգավորումների համաձայն՝ կողմերը պետք է պարբերաբար վճարումներ կատարեն կենտրոնին՝ ընթացակարգային ծախսերը հոգալու համար: Նշված ծախսերը ներառում են արբիտրների վճարներն ու ծախսերը, ինչպես նաև՝ ընթացակարգային այլ ծախսեր: Ըստ կարգավորման՝ եթե Տրիբունալը չի որոշել կամ վեճի կողմերը ծախսերի բաժանման շուրջ չեն պայմանավորվել, յուրաքանչյուր կողմ վճարում է պահանջվող կանխավճարի կեսը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից «Հետք»-ին փոխանցեցին, որ Հայաստանի պարտավորության չափը կազմել է ընդհանուր 400,000 ԱՄՆ դոլարի չափով գումար:

«Հարկ է նշել, որ արբիտրաժային վարույթի ավարտից հետո ներկայացվելու է հաշվարկային փաստաթուղթ կատարված ծախսերի վերաբերյալ և ավելացած գումարի դեպքում մնացորդային գումարը ենթակա կլինի վերադարձման՝ կողմերի կատարած վճարների համամասնությամբ»,- հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter