HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

էրեխեքս, մի լավ օր չտեսած, գնացին էս աշխարհից

Սարգիս և Մարիամ Միրզախանյանները կորցրել են իրենց երկու որդիներին։ Վարդան Միրզախանյանը զոհվել է 2020թ. նոյեմբերի 7-ին Շուշիում։ Այս տարվա փետրվարի 2-ին հիվանդությունից մահացել է նրանց 5-ամյա որդին՝ Ալեքսը։

Ընտանիքն ապրում է Արարատի մարզի Լուսառատ համայնքում, կիսաքանդ պանելային շենքի առաջին հարկում։

Մեզ դիմավորում է Սարգիսը, ուղեկցում տուն։ Հյուրասենյակի բազկաթոռին նստած է Մարիամը։ Նա ձեռքերը պարզում է, գրկում ինձ ու սկսում արտասվել։ Մարմնովս սարսուռ է անցնում, անշարժ կանգնում եմ: Մի քանի րոպե հետո բաց է թողնում, ներողություն խնդրում, որ չի կարողանում զսպել զգացմունքները։

«Գիտեմ՝ ինչի համար եք եկել, երանի էդ առիթը չլիներ...Վարդանս վերջին անգամ զանգել էր նոյեմբերի 7-ին, ասում էի շատ մի զանգի էլի, գիտեի, որ իրենց հեռախոսները գաղտնալսվում են։ Հարցրեց՝ Ալեքսը ո՞նց է, էրեխու ատամը մի քանի օր ցավում էր, ասեցի՝ լավ է, դեղ եմ տվել, քնած ա, ասեց՝ դե լավ նայեք էրեխուն։ Հիմա ոչ Վարդանս կա, ոչ էլ Ալեքսս»,- պատմում է Մարիամ Միրզախանյանն ու ձեռքով ցույց տալիս որդիների՝ պատից կախված նկարները։

27-ամյա Վարդան Միրզախանյանը ծառայում էր ոստիկանության ներքին զորքերում, շարքային ծառայող էր։ Ռազմական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 27-ից։ Սկզբում եղել է Քարվաճառում, Հադրութում, հետո տեղափոխվել է Շուշի։ Վարդանն ամուսնացած էր։ Ապրում էր Մասիսի շրջանի Սիս գյուղում։ Այն տունը, որտեղ տղան կնոջ հետ բնակվում էր, ծանոթներից մեկը ժամանակավորապես անհատույց տրամադրել էր ամուսիններին։ Երեխա չունեին։ Մայրն ասում է՝ չգիտի՝ ուրախանա, թե՞ տխրի, որ որդին ժառանգ չունի։

Վարդանի աճյունը ծնողները գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 14-ին։ Սարգիսը որդու մարմինը ճանաչել է դաջվածքից։ Ծնողները կարծում են, որ Վարդանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Հոր խոսքով՝ Վարդանի մարմնի վրա բեկորներ կային։

Վարդանի զոհվելուց հետո ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցներն այցելել են Միրզախանյաններին, դրամական օգնություն են տրամադրել, սառնարան նվիրել։

«Մի ցավից դեռ ուշքի չեկած՝ մյուսը, Վարդանն իմ մեջքը կոտրեց, Ալեքսս էլ լրիվ գետնին տապալեց մեզ»,- ասում է Մարիամը։

Հունվարի 1-ի գիշերը Ալեքսի ջերմությունը բարձրացել է, տղան ընկել է ցնցումների մեջ, կորցրել գիտակցությունը։ Ծնողները շտապ օգնություն են կանչել, երեխային տեղափոխել են նախ Վեդու, ապա՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բժիշկները ծնողներին հայտնել են, որ Ալեքսի գլխուղեղում ուռուցք կա։ Միրզախանյանների խոսքով՝ երեխային երբևիցե բժշկի չեն տարել, գանգատներ չի ունեցել։ Մեկ ամիս Ալեքսը կոմայի մեջ է եղել։ Փետրվարի 2-ին մահացել է։

Սարգիսն ու Մարիամը 6 երեխա ունեն։ Ալենը՝ Ալեքսի զույգ եղբայրը, դեռ չգիտի, որ եղբայրը մահացել է։ Ծնողներն ասել են, թե գնացել է բարեկամներից մեկի տուն: Սոֆյան՝ նրանց քույրը, ասում է, որ Ալենն անընդհատ հարցնում է, թե որտեղ է Ալեքսն ու ինչու՞ է նրա նկարը կախված պատից։ «Մի անգամ ասեց՝ մամ, Ալեքսը Վարդանի մո՞տ ա գնացել, ես չկարողացա ոչինչ պատասխանել, թեման փոխեցի»,- ասում է մայրը։ 

Սարգսի և Մարիամի մյուս որդին՝ Գևորգը, արդեն մի քանի տարի արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի Դաշնություն։ Համավարակի տարածումից ու սահմանները փակվելուց հետո չի վերադարձել։ Գևորգը չի կարողացել ներկա գտնվել եղբայրների հուղարկավորությանը։

Պատերազմում զոհվել է նաև Սոֆյայի փեսացուն, որը Վարդանի ընկերն էր։ Նրանք որոշել էին պատերազմի ավարտից հետո ամուսնանալ։

Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում։ Ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն է։ Ամուսիններն օրավարձով աշխատում են գյուղացիների դաշտերում ու այգիներում։ Աշխատանքը սեզոնային է, այս պահին նրանք գործազուրկ են։ Մարիամը պատմում է, որ իր երեխաները դժվար մանկություն են ունեցել։ «Շատ բաներից են զրկված եղել, սովորել էին, որ շատ բաներ չունենք, չկա, հիմա ինձ եմ մեղադրում, որ երեխաներիս համար չեմ կարողացել լավ մանկություն ապահովել, բայց համ էլ շատ զուսպ են եղել, երբեք ոչինչ չէին ուզի կամ ստիպի, որ գնենք, էրեխեքս, մի լավ օր չտեսած, գնացին էս աշխարհից»,- ասում է Մարիամը։

Վարդանը երազում էր սեփական տուն ունենալ: Մտադիր էր հիփոթեքով բնակարան գնել ու ընտանիքին տեղափոխել նոր տուն։ 

Մարիամն ասում է, որ ապրելու իմաստը կորցրել է, բայց մյուս զավակներին մենակ թողնելու իրավունք չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter