
Պատերազմում 2 ոտքը կորցրած Շահեն Բաբայանը պրոթեզավորվել է
Պատերազմում 2 ոտքը կորցրած Շահեն Բաբայանը երեկ՝ փետրվարի 22-ին, պրոթեզավորվել է։ Շահենը վիրավորվել էր հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի մերձակայքում։
Շահենը դեկտեմբերի 1-ից «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում անցնում էր ֆիզիոթերապիայի կուրսեր և ասեղնաբուժություն։
Նա փետրվարի սկզբին պրոթեզավորվելու համար դիմել էր «Ինտերօրթո» Գերմանական պրոթեզավորման կենտրոն։ Փետրվարի 22-ին Շահենին տրամադրել են ժամանակավոր պրոթեզներ, որը նախատեսված է վերջույթների ձևավորման և քայլել սովորեցնելու համար։
Ժամանակավոր պրոթեզների վրա քայլել սովորելուց հետո նրա համար կպատրաստվեն հիմնական պրոթեզներ։
Շահենն այս պահին քայլակով է շարժվում, մեկ շաբաթ անց կանցնի հենակներին, որից հետո որոշ ժամանակ ձեռնափայտով պետք է քայլի, դրանից հետո արդեն կարող է ինքնուրույն քայլել։ Այժմ էլ նա շարունակում է հաճախել «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն, Շահենն ասում է, որ պրոթեզավորվելուն շատ երկար է սպասել։
«Հուսով եմ, որ պրոթեզավորվելուց հետո կկարողանամ անցնել նորմալ կենսակերպի, շուտով գարուն է, գուցե նաև կարողանամ հողագործությամբ զբաղվել, կիրականացնեմ իմ նպատակները, որոնք ոտքերս կորցնելու պատճառով հետաձգվում էին»,- եզրափակեց նա։
Մեկնաբանել