HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմում 2 ոտքը կորցրած Շահեն Բաբայանը որոշել է հողագործությամբ զբաղվել

«Մեր փողոցի բոլոր երեխաների հեծանիվները միշտ ինքն էր սարքում, էն օրը էրեխեքին ասում է` հիմա էլ բերեք սարքեմ, չիմանաք, որ ոտքերս չկան, ձեռքերս էլ չեն աշխատում»,- պատմում է պատերազմի ընթացքում 2 ոտքը կորցրած ժամկետային զինծառայող Շահեն Բաբայանի մայրը՝ Անժելա Մարտիրոսյանը։ 

Շահեն Բաբայանը Արարատի մարզի Եղեգնավան գյուղից է։ Ծառայությունն անցկացրել է Հադրութի շրջանի Արա լեռի հրետանային գնդում։ Պատերազմի ընթացքում եղել է Ջաբրայիլում, Բանաձորում, Մեծ Թաղերում, Դրախտիկում, Կոլխոզաշենում։ Հրետանային մարտկոցում ուրալի վարորդ էր։ Վիրավորվել է հոկտեմբերի 28-ին՝ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղական համայնքի մերձակայքում։ Շահենի 2 ոտքն էլ անդամահատել են։ Նրան տեղափոխել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ 20-օրյա բուժում է ստացել։ Մշակվել են նրա վերքերը։ Նաև ականջի թաղանթի վնասվածք ունի, հունվարին վիրահատվելու է։

Շահենը զգացել է, թե ինչպես է վիրավորվել։ Թաքստոցի տարածքն էին մեծացնում, հրամանատարն ասել է, որ վերջացնեն աշխատանքն ու մտնեն թաքստոց, ինքը չի հասցրել, ասում է, որ հրթիռն անձայն ընկել է իր ոտքերի տակ։ Շահենի երկու ոտքն էլ հրթիռային հարվածից կտրվել է։ Հրթիռի հարվածից ծառայակից ընկերներից մեկն էլ բեկորային վնասվածք է ստացել, բայց նրա վիրավորումը թեթև էր։

«Ցավ չէի զգում, որ հետո վեր կացա, նայեցի, տեսա, նոր սկսեց ցավել»,- պատմում է Շահենը։

Նա շատ խոսել չի ուզում, ասում է՝ հիշել չեմ ուզում։ Նա հունվարին պետք է զորացրվեր։

Շահենը սիրում է հողագործությամբ զբաղվել։ Որոշել էր՝ ծառայության ավարտից հետո պիտի տրակտոր գնեին, հող մշակեր, այգեգործությամբ զբաղվեր։ Մինչև բանակ զորակոչվելն էլ գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում՝ ծնողներին էր օգնում։ Գյուղից դուրս գալ չի ուզում, ասում է՝ միշտ գյուղում է ապրելու։ Հիմա ուզում է շուտ ոտքի կանգնել։

Նա դեկտեմբերի 1-ից հաճախում է «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն։ Անցնում է ֆիզիոթերապիայի կուրսեր ու ասեղնաբուժություն։ Ասել են, որ հունվարից հետո հերթագրելու են պրոթեզավորման համար։ Նրա ֆիզիոթերապիստ Վիգեն Վիրաբյանն ասում է, որ Շահենն ունի հզոր կամք։ Պատրաստակամ է, իր առաջ նպատակ է դրել, որ պետք է քայլի, դրա համար էլ պարապմունքներին ամենայն լրջությամբ է վերաբերվում։ Բաց չի թողնում ոչ մի պարապմունք։

Շահենն ընտանիքի կրտսերն է, երեք քույր ունի, բոլորն էլ ամուսնացած են։ Քույրերից մեկը՝ Նոնան, ծնողների հարևանությամբ է ապրում։

Շահենի մայրը՝ Անժելա Մարտիրոսյանը, ասում է, որ որդու վիրավորվելու մասին իրեն ասել է Նոնայի ամուսինը՝ Գևորգը։ Սկզբում Անժելան չի իմացել, որ տղայի երկու ոտքն անդամահատված է։ Նրան ասել են, թե Շահենը վիրավոր է, կյանքին վտանգ չի սպառնում ու տեղափոխել են «Միքայելյան» հիվանդանոց։ Անժելան ասում է, որ այդ պահին ուղղակի մտածում էր՝ լավ է, որ տղան ողջ է մնացել։ 

Շահենը հիմա էլ հանգիստ չի նստում, անընդհատ փորձում է տեղաշարժվել, անկողնուց վեր կենալ, ինքնուրույն նստել սայլակին։ «Շահենն ակտիվ է, այնպիսի պրոթեզներ են պետք, որ հնարավորինս չխոչընդոտեն նրա շարժը, չգիտենք՝ ինչ պրոթեզներ է տրամադրելու պետությունը, բայց կարո՞ղ է բահով գործ անել, մեքենա վարել, գյուղատնտեսական աշխատանքներ անել, չգիտեմ»,- ասում է մայրը։ Անժելային հարցնում եմ, թե ի՞նչ է ցանկանում։ Ասում է՝ իր ցանկությունն անիրական է. ուզում է, որ տղան լինի նախկինի պես՝ այնպիսին, ինչպիսին մինչև պատերազմն էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter