
Զինված ուժերի բարեփոխման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
Վարչապետն այսօր՝ փետրվարի 25-ին որոշում կստորագրի Պաշտպանության նախարարի գլխավորությամբ խումբ ձևավորելու վերաբերյալ, որը կսահմանի զինված ուժերի բարեփոխումների ժամանակացույցը։ Այս մասին Կառավարության փետրվարի 25-ի նիստում՝ մինչ օրակարգային հարցերի քննարկումը, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 8-րդ կետով նախատեսված է զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և մեկնարկ։
«Այս գործընթացքում մտադիր ենք է'լ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, և համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ անվտանգային, ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հույս հայնեց, որ մինչ ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը՝ հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասն իրականություն կդառնա և գործնականորեն կսկսվեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու որոշումների իրագործումը։
Նա նաև անդրադարձավ Աբու Դաբիում տեղի ունեցած ցուցահանդեսին, որին հայկական կողմի ցուցանմուշները տեղ չէին հասել։
Վարչապետը հայտնեց՝ նշանակել է ծառայողական քննություն, որի արդյունքներով պատասխանատուները ի հայտ կգան և կկանչվեն պատասխանատվության։
«Եթե, իհարկե, պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»,- ասաց նա։
Մեկնաբանել