
Էդմոն Մարուքյան. «ԱԺ նախագահը գոյություն չունի, խորհրդարանը չունի նախագահ»
Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, քանի որ ԱԺ նախագահը չի գնացել նիստին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ` ներքաղաքական իրավիճակի քննարկման համար: Մինչ նիստը, ԱԺ խորհուրդը պետք է հաստատի օրակարգը, սակայն առանց ԱԺ նախագահի կամ ԱԺ նախագահի տեղակալներից մեկի ներկայության նիստը չի կարող գումարվել:
Մարուքյանն այս երևույթը գնահատում է որպես անհարգալից վերաբերմունք ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է` ԱԺ նախագահը պարտավոր է խորհրդարանի աշխատանքի բնականոն աշխատանքն ապահովել:
«ԱԺ նախագահը գոյություն չունի, խորհրդարանը չունի նախագահ»,- ասաց նա` ընդգծելով, որ ԱԺ նախագահը ոչինչ չի անում քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով:
Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Հանրապետության նախագահին: Վերջինս չհամաձայնեց վարչապետի այն գնահատականի հետ, որ զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունը զինված հեղաշրջման փորձ է, ըստ նրա` վարչապետը հետևողականորեն գլխատում է զինված ուժերը: Մարուքյանն ընդգծեց` զինված ուժերում չի մնացել որևէ կոռումպացված գեներալ, սակայն երեք տարվա մեջ ոչ մի կոռումպացված գեներալ չի դատապարտվել, Փաշինյանն էլ դուրս է եկել իր կողմից ազգային հերոսի կոչում ստացած մարդկանց դեմ:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ու մի շարք բարձրաստիճան զինվորականներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականը: Վարչապետը սա որակում է զինված հեղաշրջման փորձ և հայտարարել է, որ նախագահին է ուղարկել ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկ: Նախագահը չի ասել` այն կստորագրի, թե ոչ, սակայն ընդգծել է` զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխությունը չէ:
Մեկնաբանել