HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարին Տակի համայնքապետը մինչև զոհվելն ասում էր՝ անունը չտաս, երբեք գյուղը չենք տա

Արցախում պատերազմի ակտիվ փուլում, երբ կանխատեսվում էր, որ ադրբեջանցիները ծրագրել են հարավային հատվածի առաջխաղացմամբ հասնել Շուշի քաղաք, Քարին Տակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը եղբորը՝ Թաթուլին ասել է․ «Եթե գյուղը տանք, գնալու եմ պապայի գերեզմանում ինձ սպանեմ»։

Հայրը՝ Վաղարշակ Առուշանյանը, զոհվել է 1992 թ.-ի հունվարի 26-ին՝ Քարին Տակի հերոսամարտում։ Այդ ժամանակ ադրբեջանական ուժերը զգալի կորուստներով հետ են մղվել։ Վաղարշակ Առուշանյանը պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։

Պատերազմի հենց սկզբից Շուշին պարբերաբար հրետակոծվում էր: Իսկ նոյեմբերի սկզբին ռազմական գործողությունները ծավալվում էին Շուշի քաղաքի և Քարին Տակ գյուղի մատույցներում։ Դեռևս հոկտեմբերի 28-ին Շուշիում հրամանատարական կետում կայացված խորհրդակցությանը մասնակցել են նաև Քարին Տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը և գյուղի պաշտպանական ուժերի հրամանատար Արթուր Առաքելյանը։ Այդտեղ է եղել նաև Սեյրան Օհանյանը: Որոշվում է, որ Սղնախ և Քարին Տակ գյուղերի մեջտեղում գտնվող Չախմախ կոչվող տեղամասում գտնվող զինվորականների հետ գյուղացիները համատեղ պետք է իրականացնեն պաշտպանությունը։

Խորհրդակցությունից հետո Առուշանյանն ու Առաքելյանը վերադարձել են գյուղ, ապա գնացել Չախմախ տեղամաս, որպեսզի որոշեն նոր դիրքերի տեղակայման վայրը: Տեղ հասնելուն պես հարձակում է սկսվել, տղաները մարտի են բռնվել և իրենց կյանքի գնով կասեցրել հակառակորդի առաջխաղացումը։ Խրամատում զոհվել են Մխիթար Առուշանյանը, Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։

Մխիթարի և Արթուրի զոհվելու լուրը խառնաշփոթ է առաջացրել քարինտակցիների շրջանում, քանի որ զոհվել է և՛ հրամանատարը, և՛ համայնքի ղեկավարը։ Մխիթար Առուշանյանին, Արթուր Առաքելյանին և Կամո Առաքելյանին սակավաթիվ անձանցով հուղարկավորել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։

Մխիթարի ավագ եղբայրը՝ Սեյրանը, հիշում է եղբոր հետ վերջին խոսակցությունը։ Շուշիում զենիթային համակարգ է եղել, Մխիթարը զանգահարել է կրտսեր եղբորը՝ Թաթուլին։ Նա էլ իրենց հրամանատարին ասել է, որ համակարգը տան գյուղին։ «Մխիթարն ասեց՝ բարձրացիր, զենիթկան բեր գյուղ, որ հետևակն աշխատի։ Ժամը մեկին գյուղի վերևից իջնում և զանգում եմ, իմանում, որ Մխիթարը Չախմախում է, թուրքերը արդեն եկել են»,- պատմում է Սեյրանը։ Դրանից հետո ինչքան զանգել է եղբորը, նա չի պատասխանել։

Մխիթար Առուշանյանի մյուս եղբայրը՝ Արցախի N զորամասում ծառայություն իրականացնող Թաթուլ Առուշանյանն էլ հավելում է, թե կանխազգում էին, որ ադրբեջանական ուժերը կհասնեն գյուղ, բայց Մխիթարն այդ մտքի հետ չէր համակերպվում։

Գյուղացիներից Գերասիմ Հովհաննիսյանի հուղարկավորությունից հետո Մխիթարի հետ տուն վերադառնալիս Թաթուլը նրան ասել է, որ եթե ադրբեջանցիները Ջաբրայիլից հասել են Չանախչի (Ավետարանոց), նրանց նպատակը Շուշի մտնելն է, իսկ ճանապարհը Քարին Տակով է։ 

«Ինքը չէր համաձայնում այդ մտքի հետ։ Ասում էր՝ անունը չտաս, երբեք գյուղը չենք տա։ Ասեցի՝ չէ էլի, ճիշտ չես մտածում։ Ասեց՝ չէ, եթե գյուղը տանք, գնալու եմ պապայի գերեզմանում ինձ սպանեմ»,- եղբոր հետ զրույցը հիշում է Թաթուլ Առուշանյանը:

Մխիթար Առուշանյանը Քարին Տակ համայնքը ղեկավարել է 14 տարի։ Կապված էր գյուղի, գյուղացիների հետ։ Առանձնահատուկ ուրախանում էր գյուղում երեխա ծնվելու լուրից։ «Կատակով հարցնում էինք՝ Մխո, այս տարի քանի՞ երեխա է ծնվել, ասում էր՝ 7–ը ծնվել է, 8–ն էլ պիտի այս տարի ծնվի, ամբողջ այդ ինֆորմացիային տիրապետում էր։ Ուրախանում էր, ասում էր՝ 20–ից ավելի տուն կառուցվել է վերջին 10 տարում։ Միշտ հպարտացել է, որ գյուղում ջուրը կա, գազը կա, դրսի լուսավորությունը սարքած էր»,- ժպիտով պատմում է Թաթուլ Առուշանյանը։

Մխիթար Առուշանյանը ծրագրել էր գյուղում 1992 թ.-ի հերոսամարտի զոհերի հուշարձանի մոտ փոքրիկ թանգարան կառուցել։ Բարերարների էր փնտրում, ստացել էր Արցախի իշխանությունների և Արցախի ազատամարտիկների միության աջակցությունը։ Արդեն դիտարկել էր թանգարանի համար նախատեսվող հողակտորը։

Մխիթար Առուշանյանն ամուսնացել է 2001 թ.-ին։ Միակ որդին 17 տարեկան է։ Նա ցանկանում էր, որ որդին բարձագույն կրթություն ստանա։ Տղան՝ Նարեկն էլ որոշել է՝ տնտեսագիտություն կսովորի։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի 2021 թ.-ի հունվարի 11-ի հրամանագրով Մխիթար Առուշանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter