HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարինտակցի հայր ու որդի Առաքելյանները զոհվել են նույն օրը ԱԹՍ-ի հարվածից

Կամո Առաքելյանը և նրա հայրը՝ Արթուր Առաքելյանը, մասնակցել են իրենց գյուղի՝ Քարին Տակի ինքնապաշտպանական մարտերին: Հայր ու որդի զոհվել են հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրանք «ՈՒԱԶ» մեքենայով գնում էին դիրքեր՝ վիրավորներին հանելու և երբ հասել են դիրքեր, անօդաչուն նրանց հարվածել է:

Առաքելյանների ընտանիքն այժմ բնակվում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում: 

Մեր այցելության ժամանակ քարինտակցի հոր և որդու մահվան 2 ամիսն էր լրանում: Մեզ դիմավորում է Անին՝ Կամոյի ավագ դուստրը: Մինչ մեծահասակները պատմում էին, թե ինչպես են Կամոն և Արթուրը զոհվել, Անին կանգնել էր սենյակի մի անկյունում և լուռ լսում էր: Երբ ուզում էր ինքն էլ ինչ-որ բանել ասել, հուզմունքը սեղմում էր կոկորդն ու դադարում էր խոսել։

Կամոն և նրա կինը՝ Մանանան, 3 անչափահաս երեխա ունեն: Կինը պատմում է, որ Կամոն ամեն օր մինչև առավոտյան 10-ը զանգում էր, սպասում էին իր զանգին, ամուսինն ասել էր, որ իրեն չզանգեն, երբ հարմար լինի, ինքը կզանգի։ Այդ օրը Կամոն չզանգեց:

Մանանայի մայրն արդեն իմացել էր, որ փեսան զոհվել է, առավոտյան զանգահարել էր դստերը, հարցրել Կամոյի մասին: Մանանան ասել էր, որ ամուսինը զանգերին չի պատասխանում, բայց մայրն այդպես էլ դստերը չի հայտնել, որ Կամոն ու Արթուրը զոհվել են:

Հետո մայրը նորից է զանգել, հարցրել՝ նորություն չկա՞, այնուհետև ասել է, որ չգիտի՝ ճիշտ է, թե՞ սխալ, բայց Կամոն ու Արթուրը զոհվել են: 

Լիլիան՝ Մանանայի սկեսուրը, զանգել է գյուղ, որտեղից էլ հաստատել են հոր ու որդու զոհվելու լուրը: Նրանց հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում:

Կամոն Շուշիում անասնաբույժ էր: Արթուրը՝ Կամոյի հայրը, եղել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը: 1992 թվականին էլ Քարին Տակ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ առաջին հրամանատարի զոհվելուց հետո նա է ղեկավարել ջոկատը: 

Հայր ու որդի բնավորությամբ շատ նման էին: Մանանան ասում է՝ Կամոն հորը շատ էր սիրում, հենց հայրը տանը մի գործ էր սկսում, իրենցը թողնում էր, գնում հորն օգնելու: Որդուն էլ հոր անունով է կոչել:

«Մեր տունը նոր էինք կառուցում, երեխաները փոքր էին, ասեցի՝ Կամո, արի Ստեփանակերտ կամ Շուշի տունը սարքենք, երեխեքն ամեն ինչից օգտվեն, ասեց՝ չէ, ես չեմ կարող, պիտի էստեղ սարքեմ, որ իմ պապային անընդհատ կարողանամ օգնեմ: Տենց էլ արեց, մինչև վերջ իր պապայի կողքին եղավ, իր հետ էլ զոհվեց»,-պատմում է կինը:

Մանանայի ասելով՝ բնավորությամբ երեխաներից ավագ դուստրը՝ 13-ամյա Անին է ամենից շատ նման Կամոյին: «Ինձ ասեց՝ մամ, դու ինձ խոսք տուր, որ չես լացելու, ոնց պապան էր ասում՝ ձեզ ուժեղ պահեք»։

Անին պատմում է, որ հայրը շատ էր աշխատում: Ասում է նաև, որ խռովականությամբ հորն է նման: 

Կամոյի մայրը՝ Լիլիան, Քարին Տակից դուրս է եկել հոկտեմբերի 27-ին: Ասում է՝ չէին մտածում, որ գյուղը կկորցնեն:

«Հրամանատարները գալիս էին մեր տուն, Արթուրին ասում էին՝ ինչի՞ չես մորդ ու կնոջդ հանում գյուղից, ասում էր՝ դրա կարիքը չկա: Մենք ճաշ էինք պատրաստում, տղերքով գալիս, ուտում էին: Հոկտեմբերի 23-ի առավոտյան, որ տեսավ գյուղի վիճակը շատ վատ ա, եկավ, ասեց՝ դուրս եկեք»,- պատմում է Լիլիան:

Մասիսը՝ Արթուրի մյուս որդին, հիշում է, որ 1992 թվականի ինքնապաշտպանության ժամանակ էլ կանայք ու երեխաները մնացել էին գյուղում, որպեսզի ինքնապաշտպանական ջոկատը չփախչեր: Այս անգամ երեխաներն ու հարսները դուրս էին եկել, իսկ կանայք էլի մնացել էին: 

«Այս պատերազմը 1992 թվականի նման չէր, հրետանի ավելի շատ էր կիրառվում, քան նախորդում, դրա համար էլ ստիպված մնացածին գյուղից հանեցին, մնացինք միայն տղամարդկանցով»,- ասում է նա:

Մասիսն Ակնայում էր (Աղդամ), երբ իմացել է հոր և եղբոր մահվան մասին, վերադարձել է գյուղ: Մայիսի հետ էր նաև Լիլիայի ու Արթուրի 3-րդ որդին՝ Մհերը։ 

Նա պատմում է, որ ամեն օր ժամը 7-ից 8-ը զանգում էր հորն ու եղբորը, այդ օրը նրա զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Գյուղից զանգել ու Մասիսին հայտնել են դեպքի մասին: Արթուրն ավելի շատ Մասիսի համար էր անհանգստանում, հարցնում վիճակի մասին, քանի որ Մասիսն ավելի վտանգավոր վայրերում էր:

Չկար մի մարդ, որը դիմեր Կամոյին օգնության խնդրանքով ու Կամոն մերժեր։

«Մեր բարեկամները զանգում էին, ասում՝ Կամո, ինչի՞ երեխաներին գյուղից չես հանում, ասում էր՝ մենք տեղ ունենք գնալու, մեր երեխաներին հանենք, բա մյուսները, որ տուն չունեն, երեխաներին հանեն, ու՞ր տանեն: Գյուղից դուրս գալու ժամանակ հարևանների երեխաներին էլ վերցրեց»,- պատմում է կինը:

Կամոն նույնիսկ չի թողել երեխաների համար հագուստ վերցնեն, ասել է՝ մի վերցրեք, գոնե ուրիշ երեխեքի կհանենք գյուղից:

Լիլիան ասում է՝ որդու մեքենան կարծես բանակի մեքենա լիներ, ինչ պետք էր, ուր պետք էր՝ գնում էր, ամեն տեղ օգտագործում էին: 

«Մեքենան սպիտակ էր, բավական նկատելի, ասում էինք՝ Կամո՛, էդ մեքենայով մի աշխատիր, գոնե ուրիշ գույնի մեքենա վերցրեք, ասեց՝ պիտի տան, չէ՞, որ կարողանաս, որ չեն տալիս, մենք մեր ուժերով պետք ա անենք, որ չթողնենք՝ թուրքը մտնի մեր գյուղ: Ասում էր՝ ուզո՞ւմ ես գաս, մտնես տունդ, տեսնես թուրքը տանդ մեջ ա»,- հիշում է Մանանան:

Արթուրի մայրը՝ 90-ամյա Շուշիկ Առաքելյանը, հոկտեմբերի 27-ին հարսի՝ Լիլիայի հետ է դուրս եկել գյուղից։ Քարին Տակում նրանք միասին էին ապրում։ Հիմա նա ապրում է նույն՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում, հարսի հարևանությամբ, իր դստեր տանը։ Շուշիկն ասում է, որ արցախյան առաջին պատերազմի տարիներին իրենց տունը վերածվել էր զինանոցի, իսկ ինքը պատերազմի օրերին որդու՝ Արթուրի ջոկատի տղաների համար կերակուր էր պատրաստում։ Շուշիկի խոսքով, այս պատերազմն իր տեսած պատերազմներից ամենասարսափելին է։ 

Արթուրը գյուղում 3 տուն էր կառուցել իր երեխաների համար: Մի տուն էլ Շուշիում ունեին: Առաքելյանները Քարին Տակում թողել են նաև 4 ավտոմեքենա: Քարինտակցի ընտանիքը չգիտի՝ ինչքան կարող է մնալ ուրիշի տանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter