
Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում որոնումներ կատարել
Փետրվարի 15-ից արդբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Փետրվարի 20-ին «Հետքը» գրել էր, որ Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից մեզ հայտնել էին, որ փետրվարի 22-ից աշխատանքները կվերսկսվեն, եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, բայց ադրբեջանական կողմն առանց մեկնաբանություն տալու արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել որոնողական աշխատանքներ։
«Արդեն 15 օր է աշխատանքները դադարեցված են, ադրբեջանցիները ոչ մի մեկնաբանություն չեն տալիս, պատճառների մասին չեն նշում»,-մեզ հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը ևս փորձել է աշխատանքները վերսկսելու համար բանակցություններ վարել, սակայն ոչ մի արդյունքի չի հասել։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել 1485 աճյուն:
Մեկնաբանել