HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները կես տարվա մեջ առաջին անգամ բանակցություններ են անցկացնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ մարտի 2-ին, տեսակոնֆերանսի միջոցով, ուղիղ բանակցություններ է անցկացնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով AFP-ին։

Այս բանակցությունները վերջին կես տարվա մեջ երկու երկրների առաջնորդների առաջին բանակցություններն են, որոնք այս ընթացքում հանդես են եկել միմյանց նկատմամբ խիստ քննադատությամբ։ Տեսակոնֆերանսը սկսվել է Երևանի ժամանակով 21:00-ին և դեռևս անհայտ է, թե ինչքան այն կտևի։

AFP-ն չի մանրամասնել, թե ինչ հարցեր են ներառված բանակցությունների օրակարգում, սակայն հիշեցնում է մի շարք տարաձայնությունների մասին, որոնք առկա են Մակրոնի և Էրդողանի միջև։ 2020 թվականի աշնանը Ֆրանսիան Թուրքիայից բազմիցս պահանջել է հստակեցնել այդ երկրի դերը ղարաբաղյան հակամարտությունում։ Մակրոնը մի քանի անգամ հայտարարել էր, որ իրենց տվյալներով Թուրքիան Սիրիայից գրոհայինների է տեղափոխում արցախյան հակամարտության գոտի։ Նա նաև սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինս չհրաժարվի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ միակողմանի գործողություններից։ 2020 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն ընդունել էր որոշում՝ ընդլայնելու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների ցանկը, որը պայմանավորված էր Միջերկրական ծովում վերջինիս գործողություններով։

Իր հերթին Էրդողանը խիստ քննադատել էր Մակրոնին՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի կոչերի համար։ Էրդողանը հայտարարել էր, որ իր ֆրանսիացի գործընկերը հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունի և հայրենակիցներին կոչ արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ Ի պատասխան՝ Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։ Ավելի ուշ, Էրդողանը Մակրոնին անվանել էր «Ֆրանսիայի աղետ» և ֆրանսիացիներին մաղթել «արագ փրկվել նրանից»։

Այդուհանդերձ, 2021 թվականի սկզբին Թուրքիայի նախագահը հայտարարել էր Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, ինչպես նաև կոչ արել շարունակել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter