HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվելուց առաջ եղբորը հաղորդագրություն է ուղարկել եւ ասել, որ չի վերադառնալու

«Բենիկի հարսնացուն՝ Սոֆյան, առաջին անգամ մեր տուն եկավ նրա թաղման օրը, զանգեց ասեց՝ մի քիչ սպասեք, գամ հասնեմ, խեղճ աղջիկը եղբոր թաղումից եկավ փեսացուի թաղմանը»,- ասում է Բենիկ Լալայանի հայրը՝ Արթուր Լալայանը։

Բենիկը ծառայում էր ոստիկանության ներքին զորքերում, կրտսեր սերժանտ էր։ Ապրիլի 13-ին կլրանար Բենիկի 26-ամյակը։ Նա զոհվել է նոյեմբերի 7-ին, Շուշիում։ 

Բենիկի մայրը՝ Ռենան, մեզ տուն է ուղեկցում։ Լալայանների տուն մտնելիս առաջինը նկատում ենք Բենիկի անկյունը։ Սենյակի մի կողմում՝պահարանի վրա, իրար կողքի շարված են նրա պատվոգրերը, գովասանագրերը, նկարները։ Տեղավորվում ենք սեղանի շուրջ, Ռենան հայացքը չի կտրում որդու նկարից։

Մինչ զրուցում ենք Ռենայի հետ, ներս է մտնում Արթուրը՝ Բենիկի հայրը, նստում կնոջ կողքին։ «Ես չգիտեմ, մինչև հիմա չեմ հավատում, որ չկա»,- ասում է մայրը։ Արթուրը ձեռքը դնում է կնոջ ուսին ու ինքը շարունակում զրույցը։ «Բենիկս լավ տղա է, այսինքն՝ ինքը լավ մարդ է, չկա մեկը, որ կբողոքի իրենից, իր ուժերի սահմանում, անգամ իր ուժերից վեր ամեն ինչ անում է, որ բոլորը գոհ մնան»,- ասում է Արթուրը։ Բենիկի մասին ծնողները ներկա ժամանակով են խոսում։ 

Բանակից զորացրվելուց հետո Բենիկը 3 տարի ծառայել է սահմանապահ զորքերում։ Հետո տեղափոխվել է ոստիկանության ներքին զորքեր և 3 տարի էլ ծառայել այնտեղ։ Նա կրտսեր սերժանտ էր։

Դեկտեմբերին լրանում էր Բենիկի՝ ներքին զորքերում ծառայելու 3 տարին։ Նա որոշել էր դուրս գալ աշխատանքից և բանջարեղենի առևտրով զբաղվել։ Հոգնել էր համազգեստից, ուզում էր առանց խիստ ռեժիմի, ազատ ու իր համար ապրել։

Բենիկ Լալայանի ընտանիքն ապրում է Արարատի մարզի Խաչփառ գյուղում։ Բենիկի եղբայրը՝ Արսենը, 16 տարեկան է, քույրը՝ Թամարան, 28 տարեկան է, ամուսնացած է, 2 երեխա ունի։ Լալայանները Հայաստան են եկել 1988-ին Բաքվից։ Արթուրը ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է։ Մասնագիտությամբ փայտագործ է, բայց արդեն մի քանի տարի է առողջական խնդիրների պատճառով չի աշխատում՝ սիրտը ստենտավորված է։ Ռենան տնային տնտեսուհի է։ Նրանց ընտանիքի եկամուտը Բենիկի աշխատավարձն ու հողագործությունից ստացված շահույթն էր։

Լալայանների մասին տեղեկացանք Վարդան Միրզախանյանի ընտանիքից։ Բենիկ Լալայանն ու Վարդան Միրզախանյանը ընկերներ էին։ Վարդանի ու իր ընտանիքի մասին փետրվարի 19-ին գրել էինք։ 

Արթուրն ասում է՝ Վարդանն ու Բենիկը շատ մտերիմ էին՝ եղբայրների պես, Բենիկը տեսել էր Վարդանի քրոջը՝ Սոֆյային, հավանել, նրանք ընկերություն էին անում։ Որոշել էին մարտի 5-ին՝ Սոֆյայի ծննդյան օրն ամուսնանալ։

Վարդանի ու Բենիկի զոհվելուց հետո նրանց ընտանիքներն ավելի են մտերմացել, Ռենան ասում է՝ հաճախակի են տեսնվում, Սոֆյան՝ Բենիկի հարսնացուն, գրեթե ամեն օր զանգահարում է Ռենային։ 

«Բենիկն ու Վարդանը մեզ մոտեցրին իրար ու իրենք հեռացան մեր բոլորից»,- ասում է Արթուրը։

Ռենան արցունքները չի կարողանում զսպել։ Արթուրի հետ, մեկը մյուսին լրացնելով, պատմում են Բենիկի մասին։ Մերթընդմերթ ամուսինների դեմքին ժպիտ է հայտնվում, երբ Բենիկի մասին հուշեր են պատմում։

Բենիկը խոհարարություն էր սովորել Երևանի Պետական տեխնոլոգիական քոլեջում։

Ռենայի խոսքով՝ չնայած որդին խոհարար էր, տանը ոչինչ չի պատրաստել։ «Ասում էր՝ որ մի անգամ սարքեմ, անընդհատ ուզելու եք, դրա համար չեմ սարքում, խոստացել էր մի անգամ անպայման մեր համար ինչ-որ բան պատրաստել»,- հիշում է մայրը։

Բենիկը ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 29-ին, վերադարձել մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի  2-ին, նորից էր գնացել։ Հայրը որդուն ու նրա ընկերոջը՝ Վարդանին, խնդրել էր չգնալ, նրանք չէին լսել։

Արթուրը պատմում է, որ Բենիկը մեկնելուց առաջ օգնել է տան տանիքը փոխել։ Վերադարձից հետո մտադիր էր տան վերանորոգումը սկսել։

«Սոֆյային շատ էր սիրում Բենիկը, ամբողջ օրը հեռախոսով խոսում էին, ջղայնանում էի, ասում էի՝ մի քիչ դիմացի, էլի, հեսա կբերես մեր տուն, ինչքան ուզես կխոսես հետը։ Ասում էր՝ պապ, էսպես խոսելն ուրիշ ա»,- ասում է հայրը։ 

Բենիկը վերջին անգամ զանգահարել է նոյեմբերի 6-ին։ Մայրն ասում է, որ որդին կարճ էր խոսում։ Մտածել են՝ տեղը հարմար չէ, դրա համար չի կարողանում կապ հաստատել ընտանիքի հետ։ 

Ռենան զանգահարել է Սոֆյային, նա էլ ասել է, որ ոչ Վարդանը, ոչ էլ Բենիկը չեն զանգել։ Սկզբում մտածել են, թե շրջափակման մեջ են, կամ կապ չկա։ 

Արթուր Լալայանը մի քանի անգամ գնացել է ոստիկանության ներքին զորքերի այն բաժին, որտեղ ծառայել է Բենիկը, հարց ու փորձ արել տղայից, բայց ընտանիքին ոչինչ չեն հայտնել։ Արթուրը կռահել է, որ տղայի հետ ինչ-որ բան այն չէ։ Նոյեմբերի 14-ին ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցներից մի քանիսն այցելել են ընտանիքին ու հայտնել, որ Բենիկը զոհվել է, եւ նրա մարմինը հայտնաբերվել է։ 

«Տղերքից մեկն առաջ եկավ, ասեց՝ ձյաձ, լավ բան չեմ ասելու, Բենիկն էլ չկա»,- վերնաշապիկի թևքերով աչքերը մաքրելով՝ պատմում է հայրը։ Լուրն իմանալուց հետո Արսենը՝ նրանց կրտսեր որդին, ասել է, որ Բենիկը նոյեմբերի 7-ին եղբորը հաղորդագրություն է գրել, ասել, որ հետ չի գալու, բայց տղան ծնողներին ոչինչ չի ասել։ Այդ հաղորդագրությունը Արսենը չի պահպանել։

Բենիկն ու Վարդանը զոհվել են նույն օրը՝ նոյեմբերի 7-ին, ԱԹՍ-ի հարվածից։ Բենիկին հուղարկավորել են Խաչփառ գյուղի գերեզմանատանը։ Հոր միակ մխիթարությունն այն է, որ Բենիկի մարմինը կարողացել են շուտ գտնել ու հողին հանձնել։  

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Կխնդրեի կոնտակտներ փոխանցեիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter