HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Գորգիսյան. «Մեր երկիրն ունակ չէ հանդուրժել Փաշինյանի պաշտոնավարումը մինչև 2023 թվականը»

Մարտի 10-ի առավոտյան Կառավարության պաշտոնական կայքում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ իրավունքի ուժով պաշտոնից ազատման մասին հայտարարություն հրապարակվեց։ Գասպարյանն իր ազատման գործընթացը հակասահմանադրական որակեց՝ տեղեկացնելով, որ դիմելու է Վարչական դատարան։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ:

-Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությամբ համարո՞ւմ եք իրավիճակը հանգուցալուծված:

-Իրավիճակը կարելի է համարել առանց ցնցումների լուծված, ինչքանով է արդար, ինչքանով արդար չէ, ժամանակը ցույց կտա: Նախագահի դիմումը ՍԴ-ում է վիճարկվելու, Օնիկ Գասպարյանինը՝ Վարչական դատարանում: Դրանց արդյունքները հետագայում պարզ կլինեն, սակայն խնդիրը կարելի է համարել հանգուցալուծված: Այժմ որևէ խոչընդոտ չկա արտահերթ ընտրությունների գնալու համար:

-Այժմ «Լուսավոր Հայաստանի» համար առաջնահերթ հարցը ընտրությունների ժամկետի հստակեցո՞ւմն է:

-Պետք է բանակցությունները շարունակել արտահերթ ընտրությունների անցկացման և ավելի կոնկրետ՝ վարչապետի հրաժարականի օր ֆիքսել ու նշանակել արտահերթ ընտրություններ: Նշեմ նաև, որ Օնիկ Գասպարյանը նույնպես որպես լուծում է տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

-Դուք հիմա պատրա՞ստ եք արտահերթ ընտրությունների՝ անկախ նրանից Ընտրական օրենսգիրքը  կփոխվի, թե ոչ:

-Իրավիճակն այնքան սրված է, քաղաքական ճգնաժամն այնքան խորն է, որ ցանկացած պայմաններում պատրաստ ենք գնալ ընտրությունների, միայն թե իրավիճակը հանգուցալուծվի: Երկրում առկա են երկուստեք ծայրահեղ տրամադրված զանգվածներ, փողոցում այնպիսի հայտարարություններ են արվում ու այնպիսի մարդկանց կողմից, որ կարծես թե ուժեղացնեն Նիկոլ Փաշինյանին: Իսկ մյուս կողմում էլ որևէ զիջման անպատրաստ Նիկոլ Փաշինյանն է:

Բառապաշարը, որն օգտագործվում է տարբեր հարթակներում, ամրապնդում է Փաշինյանի իշխանությունը: Մարդիկ, տեսնելով Արմեն Աշոտյանին, Վահրամ Բաղդասարյանին, Արփինե Հովհաննիսյանին խոսելիս արժեքներից, որոնք իրենք տարիներ շարունակ պղծել են, մտածում են՝ միգուցե Փաշինյանը մնա: Այսինքն՝ նրանք ուժեղացնում են Փաշինյանին, և որպես հետևանք կա՛մ ունենալու ենք բախումներ և Փաշինյանի՝ մինչև 2023 թվական պաշտոնավարում, կա՛մ ունենալու ենք բախումներ ու հետո չգիտեմ ինչ… Բոլոր ուժերը, որոնք դեմ են արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, երկու նպատակ ունեն՝ կա՛մ ուզում են արյուն թափվի, կա՛մ էլ պաշտպանում են Փաշինյանին ու ամեն գնով ուզում են նա մինչև 2023 թվականը պաշտոնավարի:

-Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում քարոզարշավի իրականացումը, երբ պատերազմի հետևանքները հաղթահարված չեն:

-Շատ բարդ է լինելու, բայց լավագույն լուծումն ամիսներ առաջ էինք առաջարկել. Փաշինյանը հրաժարական է տալիս, խորհրդարանն ընտրում է անցումային կառավարություն, այնուհետև գնում ենք արտահերթ ընտրությունների, բայց դա տեղի չունեցավ, որովհետև Փաշինյանը որևէ գնով պատրաստ չէ հեռանալ: Այնպես որ կա երկու տարբերակ՝ կա՛մ գնում ենք ընտրությունների, կա՛մ ունենում ենք բախումներ, ու Փաշինյանը պաշտոնավարում է մինչև 2023 թվական: Կարծում եմ՝ մեր երկիրն ունակ չէ հանդուրժել Փաշինյանի պաշտոնավարումը մինչև 2023 թվականը, հատկապես եթե բախումներ ունենանք այդ ընթացքում: Այս վիճակը պայթյունավտանգ է ու շատ վտանգավոր պետականության համար:

-Վարչապետի հրաժարականի դեպքում միանշանա՞կ է, որ «Լուսավոր Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

-Դա վարչապետի նախապայմանն էր, մենք ասել ենք՝ որևէ կերպ չենք խոչընդոտելու, ցանկացած պայմանի պատրաստ ենք, միայն թե այս իրավիճակը հանգուցալուծվի:

Մեկնաբանություններ (1)

mihran robert mahmouzian
here you have a sample of the glorios armenian government ready to take a nap .............hetq print our opinion we of the diaspora

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter