HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացի Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կալանավորման ժամկետը մեկ ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Քննչական կոմիտեն վարձկանության և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի խափանման միջոց կալանավորումը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Ինչպես նախորդ անգամ, այժմ ևս վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է ոչ թե երկու, այլ մեկ ամսով երկարացնել մեղադրյալի խափանման միջոցը։

Վաղը՝ մարտի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, նշանակվել է կալանքի միջնորդության հարցով դատական նիստ։

Էդուարդ Աղաջանյանը ներկայացնում է նաև վարձկանության մեջ մեղադրվող մյուս սիրիացու՝ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերիի շահերը, սակայն այս պահին դեռևս տեղյակ չէ՝ վերջինիս կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացվել է, թե՞ ոչ։ Պաշտպանը դատարանից խափանման միջոցի հարցով դատական նիստ նշանակելու վերաբերյալ ծանուցագիր չի ստացել։ Նշենք, որ Մուհռռաբ Մուհամմադ Ալ Շխերին ավելի ուշ է հայտնվել հայկական կողմում, նրա կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնելու դատավարական ժամկետը դեռևս չի լրացել։

Հիշեցնենք, որ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին մեղադրվում են վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։ Պատերազմի առնչությամբ քննվող քրեական գործի շրջանակներում նրանք ցուցմունքներ են տվել ու հայտնել, որ ի թիվս այլ վարձկանների՝ իրենք նախ Սիրիա-Թուրքիա սահմանը հատելով՝ հայտնվել են Թուրքիայում։ Երկու մեղադրյալներն էլ հայտնել են, որ թուրքական Քիլիսի անցակետում իրենց չեն ստուգել, և սահմանն անցնելուց հետո իրենք ավտոբուսներով տեղափոխվել են քաղաքացիական օդանավակայան, թուրքական ինքնաթիռով այս օդանավակայանից տեղափոխվել են Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ օդանավակայան, որտեղ նստել են ադրբեջանական ինքնաթիռ և մեկնել Ադրբեջան:

Լուսանկարում՝ աջից՝  Յուսեֆ ալ-Հաջին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter