HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալստյանները չեն այրել Քարվաճառում թողած իրենց տունը, քանի որ վստահ են՝ վերադառնալու են

Խաչիկ Գալստյանը 14 տարի չօգտագործված ջերմոցի կոտրված ապակիներն է փոխում։ Քարվաճառից վերադառնալուց հետո նա որոշել է նորից ջերմոցային տնտեսությամբ զբաղվել։

Խաչիկն ընտանիքի հետ Քարվաճառից հայրենի գյուղ՝ Արարատի մարզի Փոքր Վեդի է վերադարձել հոկտեմբերի սկզբին։

14 տարի առաջ նա իր ընտանիքի հետ Արարատի մարզից Քարվաճառ էր տեղափոխվել հիմնական բնակության՝ տուն, պտղատու այգիներ, տնտեություն էր ստեղծել։ Արցախյան 2020թ․ պատերազմն ընտանիքին ստիպել է նորից Արարատի մարզ վերադառնալ։

Խաչիկի 2 տղաները մնացել էին Փոքր Վեդիում, մեծ որդին ամուսնացած է, երեխաներ ունի։ Կրտսեր որդին՝ Նարեկ Գալստյանը, համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել էր ծնողների մոտ։

Նարեկն աշխարհագրության ուսուցիչ է, 2008-ից Քարվաճառի դպրոցում պրակտիկա է անցել, հետո հիմնական աշխատանքի տեղավորվել Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն գյուղի դպրոցում։ 6-րդ դասարանում արդեն որոշել էր, որ պետք է ուսուցիչ դառնա։ Մայրը, քեռին, մորաքույրները մանկավարժներ են, ինքն էլ որոշել էր մանկավարժի մասնագիտությունն ընտրել։

Նարեկ Գալստյանը Արարատի մարզ վերադառնալուց հետո աշխատանք է գտել Եղեգնավանի միջնակարգ դպրոցում։ Մարզպետարանի կրթության բաժնից ճշտել է, թե որ դպրոցներում կան աշխարհագրության ուսուցչի թափուր հաստիքներ և դիմել է։

Փետրվարից արդեն սկսել է աշխատել։ Դպրոցում Նարեկին սիրով են ընդունել։ Ինքն էլ հեշտ է հարմարվել նոր կոլեկտիվին։ Ասում է, որ Քարվաճառից վերադարձը դժվար էր, քանի որ այնտեղ անցնում էր իր երիտասարդությունը, շատ նպատակներ ուներ, որոնք մնացին կիսատ, բայց քանի որ հարմարվող մարդ է, արդեն ընտելացել է նաև նոր միջավայրին։ Քարվաճառից դուրս գալու մասին Նարեկը խոսել չի ուզում։ Ասում է, պատմելու շատ բան կա, բայց գերադասում է ոչինչ չասել։ Առհասարակ Նարեկը քիչ է խոսում, մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ասում է, որ Նարեկի համար Քարվաճառը շատ հարազատ էր, ու մինչև հիմա չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կորցրել են իրենց տունը։

Խաչիկ Գալստյանն աշխատում էր Քարվաճառի վարչակազմի գյուղատնտեսության բաժնում։ Ընտանիքի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, Քարվաճառի դպրոցում է դասավանդել։ Նա ասում է, որ շատ էր կապվել Քարվաճառի հետ, այնտեղ 13 տարի աշխատել է որպես դասվար։ Կինն առանց արցունքների չի կարողանում խոսել։

Հիշում է, թե ինչպես են տարիներ առաջ տեղափոխվել, սկզբում դժվար պայմաններում ապրելով՝ տուն ստեղծել, իսկ հիմա կորցրել են իրենց տարիների ստեղծածը։ Անահիտը նախքան Քարվաճառ տեղափոխվելն էլ 20 տարի Փոքր Վեդիի դպրոցում է դասավանդել։

«Երբ դեռ նոր էինք տեղափոխվել, դեռ ես ու ամուսինս էինք միայն, Քարվաճառի այն տան բակում, որտեղ պիտի ապրեինք, փոքրիկ երեխայի մի կոշիկ էի գտել, փոքրիկ սանդալ, կոշիկը գտնելուց հետո Խաչիկին ասում էի, որ ես այդ տանն ապրել չեմ կարող, չէի ուզում»,- ձեռքով ցույց է տալիս կոշիկի չափսն ու արտասվում։

«Ես պատկերացնում էի, թե ինչպես է այդ երեխայի մայրը, շտապելով հավաքվել, ինչպես են փախել այդ տնից, կոշիկի զույգը ընկել է, իսկ նրանք չեն հասցրել վերցնել, գուցե դա էդ երեխայի միակ կոշիկն էր, կամ ով գիտի, ի՞նչ ճակատագիր են ունեցել նրանք, պատմությունը կրկնվում է, հազարավոր ընտանիքներ հիմա էլ նույնկերպ փախել են»,- ասում  է նա։

Անահիտ Հարությունյանը Քարվաճառից դուրս գալիս վստահ էր՝ վերադառնալու են, սկզբում կարծել են, թե պատերազմը 2016-ի քառօրյայի նման կլինի, ու կարիք չի էլ լինի բնակավայրը լքելու։ 

Պատերազմի ավարտից հետո, երբ իմացել են, որ մինչև դեկտեմբերի 1-ը  Քելբաջարի շրջանը (ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման) ևս պիտի անցնի ադրբեջանական վերահսկողության տակ, գնացել են իրենց իրերը բերելու։ Խաչիկ Գալստյանն ափսոսում է, որ ծառերը բերել չէին կարող։ Անահիտը ցույց է տալիս այգու պտղատու ծառերի հեռախոսում պահպանված լուսանկարներն ու ափսոսանքով հոգոց հանում։

Ընտանիքը Քարվաճառում սկսել էր նաև թռչնաբուծությամբ զբաղվել, լորեր էին պահում։ Մեղվի փեթակներ էլ ունեին։ Լորերն ու փեթակների մի մասը Քարվաճառից դուրս բերել չեն կարողացել։

Խաչիկ Գալստյանը Քարվաճառից դուրս գալիս ցանկացել է այրել իրենց տունը, որդին՝ Նարեկը չի թողել։ Նրանք վստահ են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները դեռ վերադարձվելու են։ Նարեկը չի ուզում վերադառնալիս իրենց տունը այրված տեսնել։ Խաչիկ Գալստյանը համոզված է՝ իրենք նորից գնալու են Քարվաճառում ապրելու։

Մեկնաբանություններ (2)

Ալլա մկրտչյան
Տիկին Անահիտ շատ ճիշտե էք արել որ չեք վառել ես էլ չեմ ցանկացել որ իմ տունն վառեմ, քանի որ, վստահ եմ որ հետ ենք գնալու ։ Ես իմ ձեռքով դրաց այգուց մեկ անգամ օգտվեցի ամեն բարիքից, ոնց կարաս վառես կամ պոկես քանի տարվա ջանք ենք թափել , բայց մենք չվառինք իսկ հիմա այդ հիմարներն քանդում են դա էլ է մեց ցավ մեզ համար որ ափսոսանքով պահել պահպանվացտ հողին են հավասարեցնում։
Ալվարդ Վարդանյան
Պարոն Գալստյան ես էլ Ձեր կարծիքին եմ ։ Այո մենք ետ ենք գնալու։Ես էլ չկարողացա տունս վառել։ Տիկին Անահիտ մի հուսահատվեք լավ կլինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter