HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Չիրացրած հնարավորությունների խաղ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլը, չնայած հաղթանակը տրվեց մաքառումների գնով: Մեծ հաշվով, սպասելի էր, որ Վադուցում մերոնց հեշտ խաղ չի սպասվում, քանի որ 2018 եւ 2019 թթ. այդտեղ մերոնք 2-2 եւ 1-1 էին խաղացել:

Թերեւս հաշվի առնելով նաեւ «դառը» փորձը՝ Խոակին Կապառոսը երկու հարձակվող էր դուրս բերել դաշտ՝ մեր հավաքականի ավանդական 4-2-3-1 սխեման փոխելով 4-4-2-ի: Եթե թիկունքում (Յուրչենկո, պաշտպաններ՝ Համբարձումյան, Հարոյան, Չալըշըր, Հովհաննիսյան) ու հենակետային գոտում (Ուդո, Գրիգորյան) անակնկալներ չկային, ապա գրոհային քառյակը նոր տեսք ուներ. եզրային կիսապաշտպանները Բարսեղյանն ու Բայրամյանն էին, հարձակվողները՝ Բալեկյանն ու Ադամյանը: Կարելի է մտածել, որ Կապառոսը Ալեքսանդր Կարապետյանին պահեստայինների նստարանին էր թողել որպես «զենք», որը խաղի՝ մեզ համար վատ ընթացքի դեպքում պիտի դուրս գար դաշտ հոգնած մրցակցի ֆոնին:

Անկեղծ ասենք՝ արգենտինահայ Բալեկյանը, որ հավաքականում անցկացրած նախորդ 5 խաղերում գրեթե ոչնչով աչքի չէր ընկել, այս անգամ հաճելիորեն զարմացրեց: Դաշտում անցկացրած 64 րոպեների ընթացքում՝ հատկապես առաջին կեսում, Նորբերտոն շատ ակտիվ էր, անընդհատ վազքի մեջ, ունեցավ նաեւ մի քանի լավ պահ, սակայն կա՛մ վերջին հարվածը չէր ստացվում, կա՛մ փոխանցումը: Գուցե որակական տարբերությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Կապառոսն իր պահանջներն ու սպասելիքներն ամբողջությամբ հասցնում է իսպանախոս Բալեկյանին:

Առաջին կեսում, բացի Բալեկյանից, լավ հնարավորություններ կորցրին նաեւ Չալըշըրը, Բայրամյանը, Բարսեղյանն ու Ադամյանը: Հարվածները կա՛մ շեղ էին ստացվում, կա՛մ դարպասապահ Բյուխելի վրա էր գնդակն ընթանում: Ընդհարապես, Բենջամին Բյուխելը մեր թիմին տհաճություններ է պատճառել նաեւ նախորդ 4 խաղերից 3-ում, երբ պաշտպանել է իր թիմի դարպասը. մեկ խաղում մերոնք առավագույնը 2 գոլ են խփել Բյուխելի դարպասը, այն էլ մեծ դժվարությամբ:

Այս անգամ էլ պատկերը նույնն էր: Ամբողջ խաղի ընթացքում տարածքային ու խաղային առավելությունը մեր թիմի կողմն էր, հատկապես երկրորդ կեսում, երբ դաշտ մտավ Կարապետյանը, գրոհների ու հարվածների տարափը դաշտի տերերի դարպասին ավելի մեծացավ, սակայն հաշիվը չէր փոխվում: Լավ դիրքերից շարունակում էին վրիպել Ադամյանը, Կարապետյանը, մի անգամ էլ Բարսեղյանի ձախ ոտքով պտտեցրած ֆիրմային հարվածը շեղեց Բյուխելը:

Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ մերոնք դարպասին հարվածել են 6 անգամ, եւս 16 անգամ՝ դարպասի ուղղությամբ, 4 անգամ էլ մրցակցի խաղացողները փակել են գնդակը ճանապարհը, ընդհանուր՝ 26 հարված, որոնցից եւ ոչ մեկը չի հասել իր նպատակին: Ընդ որում՝ այս ցուցանիշները Լիխտենշտայնի պարագայում 0 են, այսինքն՝ մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոն պարապ է եղել խաղի ընթացքում:

Լիխտենշտայնի միակ առավելությունը կարելի է համարել 2 դեղին քարտը մերոնց 3-ի փոխարեն, չնայած իրականում այս թվերը թյուրիմացություն են, ինչպես եւ դրանց հեղինակը՝ ավստրիացի գլխավոր մրցավար Յուլիան Վայնբերգերը, որը տուրք էր տալիս դաշտի տերերի ցանկացած սիմուլյացիայի ու առանց վարանելու ձեռքը գրպանն էր տանում՝ մեր ֆուտբոլիստներին դեղին քարտ ցույց տալով: Եթե Ադամյանի դեղինը թեկուզ վերապահումով կարելի է ընդունել, ապա Բայրամյանի ու հատկապես Համբարձումյանի զգուշացումները ավստրիացի մրցավարի խղճին են: Օրինակ՝ ի՞նչ ասել այն դրվագի մասին, երբ Համբարձումյանը գնդակին խաղաց, առաջինը հասնելով դրան ու փախցնելով մրցակցից, իսկ վերջինս կանգնեց Հովհաննեսի ոտքին ու ձեւական ընկավ, եւ փոխանակ նրան զգուշացնելու՝ մրցավարը դեղին ցույց տվեց մեր ֆուտբոլիստին: Փոխարենը եղան մի քանի դրվագներ, երբ քաշելու, գցելու համար ավստրիացին հանգիստ կարող էր ու նաեւ պարտավոր էր զգուշացնել 0-0 հաշիվն ամեն կերպ պահել ձգտող դաշտի տերերին:

Այդուհանդերձ, այն, ինչին մերոնք չկարողացան հասնել 26 փորձից հետո, արեցին հենց Լիխտենշտայնի ֆուտբոլիստները: 83-րդ րոպեին տուգանայինից Բարսեղյանի հարվածից հետո գնդակը գլխով սեփական դարպասն ուղղեց դրանից մոտ 20 րոպե առաջ փոխարինման մտած Նոա Ֆրոմելտը՝ 0-1: Այս հաշիվը պահպանվեց մինչեւ խաղավարտ, չնայած մերոնք այն կրկնապատկելու հնարավորություններ ունեին:

Երեկվա խաղում իրենց ակտիվությամբ ու մեծ ծավալի գործողություններով աչքի ընկան հատկապես Խորեն Բայրամյանն ու Սարգիս Ադամյանը: Կարելի է առանձնացնել նաեւ Բալեկյանին, Բարսեղյանին ու Կարապետյանին, այսինքն՝ գրոհային խմբի խաղացողներին:

Չնայած ընդունված խոսք կա, որ հաղթողներին չեն դատում, սա այն դեպքն է, երբ մեր թիմն ուղղակի պիտի դասեր քաղի ստեղծած հնարավորությունները չօգտագործելուց, քանի որ առաջիկա մրցակիցները՝ իսլանդացիներն ու ռումինները, անհամեմատելի են գաճաճ երկրի ներկայացուցիչների հետ:

Լիխտենշտայն-Հայաստան խաղին զուգահեռ Գերմանիան 3-0 հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ Ռումինիան 3-2 հաշվով առավելության հասավ Հս. Մակեդոնիայի նկատմամբ:

Մարտի 28-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Իսլանդիայի ընտրանուն: Նույն օրը՝ 22:45-ին, կսկսվեն նաեւ Հս. Մակեդոնիա-Լիխտենշտայն եւ Ռումինիա-Գերմանիա հանդիպումները: 

Հանդիպման լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter