HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից տեղահանված ընտանիքը «Հետքի» հրապարակումից հետո տուն ունեցավ

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի գրեթե վերջնամասում՝ երկաթգծի մոտ, միհարկանի տան բակը իրերով լցված է։ Արեգնազանը ժպիտով դիմավորում է մեզ, հետո այդ ժպիտը, կարծես, շղթայաբար փոխանցվում է մյուսներին։

Նոյեմբերի 9-ից հետո 6 երեխաներով ընտանիքը դարձել էր անտուն։ Ստիպված թողել էին թշնամուն հանձնված Շահումյանի (Քելբաջարի) շրջանի Նոր Վերինշեն գյուղում գտնվող իրենց տունը, այգին ու կահ-կարասիի մեծ մասը։ Տեղահանվելուց հետո տեղից տեղ գնալը, ծանոթների տան մնալը դարձել էր առօրեական։ Երեխաները դպրոցից դպրոց էին տեղափոխվում։ Իսկ 6-ամյա Արամը առաջին դասարան չհաճախեց այդ տեղափոխությունների պատճառով։ Հիմա երբ նրանք ժպտում են՝ իմ դիմաց կանգնած, իմ մտքին են դեռ այդ իրերի պես անկանոն դասավորությամբ նրանց դժվարությունները։

Փետրվարի 17-ին հրապարակել էինք «Նոր Վերինշենից տեղահանված ընտանիքն Արցախ վերադառնալու հույս ունի» հոդվածը։ Այդ ժամանակ Վիրաբյանների ընտանիքը բնակվում էր ծանոթներից մեկի տանը՝ Կոտայքի Քարաշամբ գյուղում։ Նրանց մինչեւ գարուն ժամանակ էին տվել տունն ազատելու համար, քանի որ տանտերերը այն վաճառքի էին հանելու։ 6 երեխաների մայրը՝ Արեգնազանը, մեզ պատմել էր, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում տուն են հավանել։ Այն երկսենյականոց է, բայց կից ավտոտնակ ունի, որը հետագայում կարող են սենյակների վերածել։ Արցախից ստացած աջակցության գումարը պահել էին տան համար, սակայն ունեցածը չէր բավականացնում։ Տունն արժեր 8500 դոլար, իսկ իրենց պակասում էր 3500 դոլարը։

Մեր հրապարակումից հետո «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ այդ պակասող գումարը հավաքվել է։ Այն նվիրաբերել են Նիդերլանդների հայ համայնքն ու ԱՄՆ-ից մի ընտանիք։

Երկսենյականոց տանը տեղավորվելու համար հյուրասենյակը վարագույրներով կիսել են՝ մի մասը դարձնելով երեխաների ննջասենյակ։ Տանը վերանորոգման դեռ շատ գործ կա անելու։ Առաջնահերթը տանիքը փոխելն է։

Կից ավտոտնակն էլ պիտի սենյակների վերածեն, ինչի համար եւս գումար է անհրաժեշտ։ Կենցաղային տեխնիկայի, գույքի պակաս ունեն, բայց Արեգնազանը դարձյալ չի դժգոհում։

«Շատ բան չեմ էլ ուզում, կարեւորը՝ տունը կա։ Էն օրը Ալվարդիկն ասեց՝ մամ, մի քանի ամսվա մեջ մենք 4 սեպտեմբերի 1 ունեցանք»,- նշում է 6 երեխաների մայրը։ Մեր այցելության օրը Ալվարդը դպրոցում էր։

Արեգնազանն ասում է՝ 0-ից նոր կյանք են սկսելու։ Հողագործությամբ են սկսելու զբաղվել։ Հյուրասենյակի անկյունում միանգամյա օգտագործման բաժակներ են դրված։ Դրանք գնել են՝ ձմերուկի սերմեր աճեցնելու համար։ «Ամեն ինչ ցանելու ենք։ Աշխատելու ենք, ապրելու ենք»,- նշում է տան հայրը՝ Ռոբերտը։

Տնամերձ այգում ծառերն այնքան խնամքով են շարված։ Նախկին տանտերերը տարեց ամուսիններ էին։ Հող մշակել սիրել են, բակում շատ ծաղիկներ էին աճեցրել։ Ռոբերտի մայրը՝ տիկին Ալվարդը, ասում է՝ այգում ամեն տեսակի ծառ ունեն, բացի նռնենուց ու դափնուց։ Դրանք էլ շուտով կունենան։

Քիչ անց շրջում ենք այգում։ Արեգնազանի աչքից ոչինչ չի վրիպում։ Դարպասի մոտ գտնվող մանուշակներն է ցույց տալիս, դրանց կողքին նոր ցանած սխտորը։

Այգում պտղատու ծառերին ենք նայում։ Ռոբերտը ծաղկած նշենին է ցույց տալիս։ Ծառերի մոտ դրված են նրա ընկերոջ մեղվափեթակները։ Մեղուների մի մասը սատկել է, բայց նորերը կգնեն։ Ռոբերտն ասում է՝ ստացած մեղրը կիսելու են ընկերոջ հետ։

Տան դարպասներից դուրս նա երկու ճոճանակ է սարքել երեխաների համար։ Փոքրը Խանդութինն է՝ երեխաներից կրտսերինը։

Իսկ դրանց դիմաց անմշակ հողատարածք է։ Ռոբերտն ասում է, որ հարեւանն առանց վճարի տրամադրելու է իրենց, նաեւ առաջարկել է գնել 5 հազար դոլարով։ Սակայն նոր տեղափոխված ընտանիքը դեռ չունի այդքան գումար։ Մենք նորից խոսում ենք աշխատանքից։ Ամուսիններն ասում են՝ կարեւորը տունը կա, մնացածն աշխատանքով կունենան։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter