
257 մլն դոլարի օժանդակություն Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար, որի մոտ կեսը՝ վարկ
Նախորդ տարի՝ կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգընթաց, Հայաստանը տարբեր երկրներից ստացավ աջակցություն՝ թե’ գումարի, թե՛ այլ միջոցների՝ մասնավորապես բժշկական պարագաների, թեստերի, դիմակների, դեղորայքի և այլնի տեսքով։
Հայաստանի կառավարությունը, բացի ստացած օգնություններից, նաև տարբեր վարկեր վերցրեց՝ կորոնավիրուսը «կանխարգելող» միջոցառումներ իրականացնելու և վարակը «հաղթահարելու» ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ՝ կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում 2020թ.-ի սկզբից մինչև 2021թ. հունվարի 25-ը Հայաստանը ստացել է 257 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն, որի գրեթե կեսը՝ վարկի տեսքով։
«Հետք»-ն ուսումնասիրել է, թե կոնկրետ որ երկրներն ու կազմակերպություններն են այս ընթացքում օգնություն տրամադրել Հայաստանին, ինչ նպատակով, և ինչի վրա է դա հիմնականում ծախսվել։
Ապրիլի 7-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 198 898 դեպք։ Կորոնավիրուսից մահացել է 3647 անձ, կորոնավիուս ունեցող, բայց այլ հիվանդությունից մահացել է 936 հոգի։ Այսինքն՝ կորոնավիրուս ունեցող ամեն 43-րդ մարդ։
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ պարբերաբար Հայաստանին տրամադրել են ֆինանսական աջակցություն, ինչպես նաև՝ բժշկական պարագաներ և առողջապահական ծառայություններ։
Ընդհանուր առմամբ՝ մոտ մեկ տարում Հայաստանը ստացել է 257 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն։
Դրա մոտ կեսը՝ 46%-ը (մոտ 117 մլն դոլար), Կառավարությունը վարկ է վերցրել։
Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամից Հայաստանը ստացել է 54,8 մլրդ ՀՀ դրամ վարկ (2020թ. ստորագրած «Պահուստային ծրագրի միջոցների օգագործման լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» համաձայնագրի շրջանակներում)։ Հայաստանի կառավարությունը վարկն ամբողջությամբ ստացել է 2020թ. ընթացքում։ Նախատեսվել է, որ ևս 3 մլն դոլար վարկ կհատկացնի Համաշխարհային բանկը։
Նշված ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 20% համաֆինանսավորմամբ, այսինքն, վերջնական հատկացվելիք գումարը, ըստ Կառավարության, կազմելու է 3,75 մլն ԱՄՆ դոլար։
Այդ գումարով մինչ օրս երևանյան և մարզային բուժհաստատությունների համար ձեռք են բերվել թոքերի արհեստական օդափոխության, շարժական և ստացիոնար ռենտգեն, էլեկտրասրտագրության, ինչպես նաև՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր, շտապօգնության մեքենաներ, ամենագնաց ավտոմեքենաներ, պացիենտների մոնիտորներ, թթվածնի կոնցենտրատորներ, հոսքաչափեր, պուլսօքսիմետրեր, ավտոմատ ներարկիչներ, ինֆրակարմիր հեռահար ջերմաչափեր, լարինգոսկոպներ և թթվածնային կայան։
Թվարկված բոլոր բժշկական պարագաները, ըստ Կառավարության, տեղաբաշխվել և օգտագործվում են Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։
COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար ամենամեծ ֆինանսական օժանդակությունը Հայաստանին հատկացրել է Եվրամիությունը։ Ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել 98,5 մլն եվրո գումար հատկացնել, որից 59,63 մլն եվրո արդեն իսկ հատկացվել է՝ Կառավարության աջակցության 5 ծրագրերի շրջանակներում։
Եվրոպական ֆինասնական կառույցների միջոցով ևս 27 մլն եվրո ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկություններին՝ որպես աջակցություն, 3 մլն եվրո էլ հատկացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ և պարագաներ ձեռք բերելու համար։
Հաջորդ խոշոր դոնորը ԱՄՆ-ն է, որը հատկացրել է 7 մլն դոլարի աջակցություն։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը 1 մլն դոլար է հատկացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով՝ համավարակի տարածման գործում ճգնաժամային հաղորդակցությունն ու համայնքային ներգրավվածությունը խթանելու նպատակով։ Եվս 1,8 մլն դոլար գործակալությունը հավելյալ հատկացնելու է սոցիալական աշխատակիցների վերապատրաստման, հասարակական աջակցության տրամադրման, ինչպես նաև առավել խոցելի խմբերին և նրանց ընտանիքներին աջակցելու համար։ Եվս 1,2 մլն ԱՄՆ դոլար ՄԶԳ-ն ուղղել է Հայաստանում բացասական տնտեսական հետևանքները մեղմելուն։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը 200 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիր է հատկացրել քաղհասարակության, ԶԼՄ ներկայացուցիչների և համայնքային դերակատարների համար։ Բացի այդ, ԱՄՆ-ը ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կարմիր խաչի միջոցով 1,7 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրել։
Այսօր՝ ապրիլի 7-ին, ՄԶԳ-ի միջոցով, լրացուցիչ 1 մլն դոլար է տրամադրել COVID-19 համավարակի դեմ պայքարի համար։
Հաջորդը Ճապոնիայի դեսպանատունն է, որը 3,8 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ ճապոնական բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար։ Մասնավորապես, 2020թ. հունիսի 30-ին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան «Տնտեսական և սոցիալական զարգացման» դրամաշնորհային ծրագրի համար հայտագրերի փոխանակում են ստորագրել։
COVID-19-ի կանխարգելման շրջանակներում Հայաստանին մի քանի անգամ աջակցություն է հատկացվել նաև ՄԱԿ-ի ենթակա կառույցներից (ընդհանուր՝ 2,5 մլն դոլար)։
Մասնավորապես, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը 130 000 ԱՄՆ դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ է տրամադրել, ինչպես նաև՝ 35 000 բժշկական դիմակ, 50 000 բժշկական ձեռնոց։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը 25 000 ԱՄՆ դոլարի անհատական պաշտպանիչ միջոցներ է տրամադրել։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 3-ին ստեղծված «UN COVID-19 Response an Recovery: Multi Partner Trust Fund» հիմնադրամը Հայաստանին է տրամադրել 1 մլն ԱՄՆ դոլար։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակում է բժշկական սարքավորումների, պարագաների, անհատական պաշտպանության միջոցների տեսքով աջակցություն տրամադրել Հայաստանին. այս ծրագրի իրականացման համար հատկացվել է 1,04 մլն ԱՄՆ դոլար։
Ատոմային էներգիայի գործակալությունը հատկացրել է 108 000 եվրոյի բժշկական սարքավորումներ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաների առցանց ուսուման համար 40 000 ԱՄՆ դոլարի պլանշետներ է գնել, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աշխատողների համար՝ 5500 ԱՄՆ դոլարի պաշտպանիչ պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, սխտահանիչներ է գնել։
ԱՀԿ-ն Հայաստանին է տրամադրել և կտրամադրի 80 000 դոլարի սարքավորում։
Ասիական զարգացման բանկը «COVID-19 արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրով Հայաստանին է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որը Կառավարության՝ 2020թ. նոյեմբերի 26-ի 1866-Ն որոշմամբ տրամադրվել է Առողջապահության նախարարությանը։ Վերջինս էլ այդ գումարը փոխանցել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ (ՀՎԿԱԿ՝ 87 մլն 890 հազար ՀՀ դրամ) և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ (899 մլն 630 հազար ՀՀ դրամ)։
2020թ. ապրիլի 8-ին, 15-ին և մայիսի 14-ին Պեկինից Հայաստան են բերվել 1 մլն ԱՄՆ դոլարի առողջապահական պարագաներ։ Դրանց մի մասը նվիրաբերվել էր Չինաստանի կառավարական շրջանակների, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ինչպես նաև՝ տարբեր բարեգործական հիմնադրամների, հայազգի և օտարազգի անհատների կողմից։
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին օժանդակել է նաև Կովկասի բնության հիմնադրամը՝ 0,5 մլն եվրո դրամաշնորհ հատկացնելով «նպատակային ծախսեր» իրականացնելու համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 28 մլն 125 հազար ՀՀ դրամի օգնություն է հատկացրել Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Սյունքի մարզերի մոտ 40 սահմանամերձ համայնքների։ Մասնավորապես, 550 պաստառ է պատրաստել կորոնավիրուսը կանխարգելող միջոցառումների վերաբերյալ, 6 մարզային հիվանդանոցներին՝ Տավուշում, Արարատում և Վայոց ձորում պաշտպանիչ և մաքրող միջոցներ է տրամադրել՝ վարակի կանխարգելման և հսկողության նպատակով, ինչպես նաև՝ բժշկական ձեռնոցներ, վիրաբուժական դիմակ, գլխարկ, բժշկական արտահագուստ, ինֆրակարմիր ջերմաչափեր, հեղուկ օճառ, ախտահանիչ և այլն։
Հայաստանին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև այլ երկրներ, ինչպիսիք են՝ Հարավային Կորեան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Գերմանիան, Չեխիան, Ռումինիան, Շվեյցարիան, Լիտվան, Էստոնիան, ինչպես նաև՝ ԱՀԿ-ն, և «Նովարտիս Ֆարմա Սերվիե ԷյՋի» շվեյցարական ընկերությունը։ Վերջինիս տրամադրած 36 000 ԱՄՆ դոլարի հաշվին «Գայանե Սարգսյան Լևոնի-2020» պայմանագիր է կնքվել՝ ձեռք բերելով 17,2 մլն ՀՀ դրամի բժշկական ձեռնոցներ։
Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում
Ոչ ֆինանսական աջակցություն
Բացի վերը նշված ֆինանսական հատկացումներից, Հայաստանին կորոնավիրուսի համավարակի տարածման ընթացքում տարբեր չափի օգնություն են տրամադրել մի շարք երկրներ։
Մասնավորապես՝ Ճապոնիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Նիդերլանդները, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Բուլղարիան, Լիտվան և Սերբիան։
Այս երկները տրամադրել են թեստեր, հատկապես՝ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում, երբ դրանք ամբողջ աշխարհում նոր էին ստեղծվում։
Հայաստան են ուղարկվել տարատեսակ բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, ակնոցներ, սաղավարտ, պաշտպանիչ հագուստ, ջերմաչափեր, դեղամիջոցներ, թոքերի արհեստական օդափոխման սարքեր, բժշկական մոնիտորներ, դեղորայք, պատվաստանյութեր և այլն։
Բացի այդ, Հայաստան են ժամանել բժշկական 2 խմբեր` Ֆրանսիայից և Լիտվայից (2 անգամ)՝ աջակցելու և փորձի փոխանակում կազմակերպելու համար։
Ռուսաստանը նոյեմբերին Հայաստան է ուղարկել «Սպուտնիկ V» պատվաստանյութ, որով պատվաստվել են Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու նախարարության մի շարք աշխատակիցներ։ Բացի այդ, Ռուսաստանից ուղարկվել են ՊՇՌ թեստեր, թեստ համակարգեր, ռեագենտներ, ինֆրակարմիր ջերմաչափեր, շարժական լաբորատորիա և այլն։
Հնդկաստանը Հայաստանին ուղարկել՝ է 5000 հատ «Հիդրոքսիքլորիքին» դեղորայք, Ճապոնիան՝ 100 հիվանդի համար «Avigan» դեղամիջոց։
Մեկնաբանել