HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքների ղեկավարները չեն ցանկանում լուծել բջջային կապի օպերատորների հետ կնքված պայմանագրերը

Հեռահաղորդակցության օպերատորների հետ համայնքների նախկին և ներկա ղեկավարների իրականացրած անօրինական գործարքի բացահայտումից մոտ մեկ տարի անց համայնքային բյուջեներին պատճառված վնասը չի վերականգնվել: Քրեական գործեր հարուցելու արդյունքում իրավապահները որոշակի գումար գանձել են որպես համայնքներին պատճառված վնասի վերականգնում, սակայն դրանք դեռևս համայնքային բյուջե չեն փոխանցվել: Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ գումարը կոմիտեի դեպոզիտ հաշվին կմնա մինչև դատաքննության ավարտը, երբ այլևս վիճելի հարցեր չեն լինի։ Բազմաթիվ համայնքներում բջջային ալեհավաքներ տեղադրելու հետ կապված կոռուպցիոն գործարքները բացահայտելուց մեկ տարի հետո էլ կապի օպերատորները շարունակում են վճարում կատարել այն անձանց, որոնց մեղադրանք է առաջադրվել անօրինական գործարքների համար:

2020թ. ապրիլի վերջին Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություններ տարածեց համայնքներում բացահայտված մի կոռուպցիոն երևույթի մասին, որը գործել է երկար տարիներ և մեծ վնաս է պատճառել համայնքային բյուջեներին: Սխեման հետևյալն է. համայնքի ղեկավարը, տեղեկանալով, որ հեռահաղորդակցություն ապահովող ընկերությունը նպատակ ունի համայնքում տեղադրել կապի ալեհավաք-կայան և ցանկանում է հողատարածք վարձակալել, ընկերության ընտրած տարածքը, որը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամաս է, սիմվոլիկ գումարով վարձակալության է հանձնել իր ընտանիքի անդամին կամ մերձավորին, նա էլ մեծ գումարով ենթավարձակալության է հանձնել բջջային կապ ապահովող ընկերությանը:

Համայնքից հողամասը վարձակալելու և ենթավարձակալության հանձնելու գումարների հարաբերակցությունն այսպիսին է. հողը համայնքից վարձակալել են 25 տարով, տարեկան 1200-3500 դրամով, ենթավարձակալության են հանձնել ամսական 50 000-70 000 դրամով:

Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ կոռուպցիոն այդ շղթան տարածված է հանրապետությունում, մարզերում 51 քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազության վերջերս թարմացրած տվյալներով՝ համայնքներին պատճառված ընդհանուր վնասը հաշվարկվել է ավելի քան 300 մլն դրամ, որից 2020թ. մայիսի 12-ի դրությամբ վերականգնվել էր 75 751 075 դրամը: Քրեական գործեր հարուցվեցին Սյունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերի համայնքների նախկին և ներկա ղեկավարների դեմ: Հիշյալ անօրինական գործարքներն իրականացնողներից առաջատարները Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներն են:

«Հետք»-ը փետրվար ամսին համայնքներին ուղղված գրություններով ցանկանում էր պարզել, թե այդ կոռուպցիոն երևույթի բացահայտումից հետո, անցնող մեկ տարվա ընթացքում համայնքներին պատճառված վնասը որքանո՞վ է վերականգնվել, քանիսն են լուծարել վարձակալների և բջջային օպերատորների հետ կնքված պայմանագրերը, փոխվե՞լ է ալեհավաքներին հատկացված հողի նշանակությունը և այլ հարցեր:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզում ներկայում քննվում է 24 քրեական գործ: Հարուցված գործերով համայնքներին պատճառվել է ընդհանուր 95 617 042  դրամի վնաս, որից վերականգնվել է 40 895 916 դրամը:

Սյունիքի մարզի 8 համայնքներից 6-ը (բացառությամբ Գորիսի և Տեղի) ներգրավված են ալեհավաքների հետ կապված անօրինական գործարքներում: Գրանցված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Սիսիան խոշորացված համայնքին: Սիսիանի կազմի մեջ մտնող նախկին համայնքների ղեկավարների կողմից չարաշահման դեպքեր գրանցվել էր Սիսիան խոշորացված համայնքի 11 բնակավայրերում՝ Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ. Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս:

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը մեր հարցին, թե Քննչական կոմիտեի հաշվարկներով որքա՞ն է կազմել Սիսիան համայնքին պատճառված վնասը և մինչ օրս դրանից որքա՞նն է վերականգնվել համայնքային բյուջե, տեղեկացրել է, որ Սիսիան համայնքին պատճառված վնասի հաշվարկների վերաբերյալ տեղեկություններ չունեն, և համայնքային բյուջե գումար չի փոխանցվել:

Աշխատակազմի քարտուղարը տեղեկացրել է, որ մինչ օրս լուծվել են՝ Անգեղակոթ, Թանահատ, Արևիս, Բնունիս, Լոր և Դարբաս համայնքների և վարձակալների միջև կնքված գյուղնշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը: Հողերի նպատակային նշանակությունը փոփոխելը ընթացքի մեջ է: Մնացյալ 5 բնակավայրերում շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում կնքված պայմանագրերը, քանի որ վարձակալները չեն համաձայնում մեղադրանքի հետ և չեն ցանկանում լուծարել կապի օպերատորների հետ կնքված պայմանագրերը։

Գորայք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մանուչար Մկրտչյանը «Հետք»-ին հայտնել է, որ ՔԿ-ի հաշվարկներով Գորայք համայնքին (Գորայք ու Սառնակունք բնակավայրեր) պատճառված վնասը կազմել է 4 452 000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է, բայց ոչ համայնքային բյուջե: Նախկին վարձակալի հետ կնքված պայմանագիրը լուծելու, հողամասի նշանակությունը փոփոխելու և բջջային օպերատորի հետ նոր պայմանագրի կնքումն ընթացքի մեջ է:

Տաթև համայնքից հայտնում են, որ Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի և նախկին վարձակալի միջև լուծվել է հողամասի վարձակալության պայմանագիրը: Նախկին վարձակալը հայտնել է, որ 3 405 000 դրամը փոխանցել է Քննչական կոմիտեից իրեն տրամադրված հաշվեհամարին: «Հողամասի նշանակությունը փոխելուց հետո համայնքապետարանը օպերատորի հետ նոր պայմանագիր կկնքի»,- հայտնել է Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը տեղեկացրել է, որ նախկին Լեռնաձոր համայնքի (ներկայում Քաջարանի բնակավայրերից է) վարձակալների հետ պայմանագրերը չեն դադարեցվել, քանի որ «միավորներից մեկի վարձակալին՝ իր գրանցման վայրում չբնակվելու պատճառով հնարավոր չէր իրազեկել, իսկ մյուսով առկա է ժառանգության ընդունման հետ կապված խնդիրներ, որից հետո Քաջարանի համայնքապետարանը, իրացնելով պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, կկատարի համապատասխան գործողություններ»:

«Հետք»-ը դեռևս 2017թ.-ին, առաջինը բացահայտելով համայնքներում տարածված այս կոռուպցիոն երևույթը հրապարակել էր, որ Լեռնաձոր համայնքում ալեհավաքներ տեղադրելու համար համայնքապետարանից հողատարածքները վարձակալել են ոչ թե օպերատորները, այլ ֆիզիկական անձինք և ենթավարձակալության են հանձնել բջջային օպերատորներին: Վարձակալներից մեկը համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանի որդին է: Մյուս վարձակալը Սյունիքի մարզի կադաստրի նախկին ղեկավար Հենրիկ Համբարձումյանն է, որը մահացել է, սակայն վարձակալության պայմանագիրը չի լուծվել: Երրորդ վարձակալը Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի կինն է:

Մեղրիի համայնքապետը մեկամսյա ժամանակամիջոցում չպատասխանեց մեր գրությանը: Այդ ընթացքում, 2021թ. փետրվարի 18-ին, Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ մարզային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Դատախազությունը հայտնում է, որ Ագարակի բնակիչը համայնքապետարանից հողը վարձակալել է մինչև Մ. Զաքարյանի համայնքի ղեկավար լինելը՝ 2007թ.-ին: Տարեկան 18 հազար դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով ձեռք բերված գյուղնշանակության 200 քմ հողատարածքը ենթավարձակալության է տրամադրել հեռահաղորդակցության ոլորտի ընկերությանը տարեկան 600 հազար դրամով: 2016-ի սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մ. Զաքարյանը, տեղյակ լինելով հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի չի խզել: Արդյունքում, 2008թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7 350 000 դրամի փոխարեն վճարելէ 3 657 500 դրամ: Մասնավորապես, համայնքային բյուջե չի վճարվել 3 692 500 դրամ:

Կապանի համայնքապետը մերժել է պահանջված տեղեկատվության տրամադրումը՝ այն պայմանավորելով նախաքննության գաղտնիությամբ, որն իհարկե, հիմնավորված չէ:

Շիրակի մարզի համայնքապետերը դատարան են դիմել հողի վարձակալության պայմանագրերը լուծելու համար

Շիրակի մարզում բացահայտվել է ալեհավաքների 14 դեպք՝ Ամասիա, Աշոցք, Արփի և Սարապատ համայնքներում, որի հետ կապված 12 քրեական գործ էր հարուցված (2 համայնք կրկնվում է տարբեր ժամանակահատվածներում): Համայնքին պատճառված վնասը հաշվարկվել է 88 973 000 դրամ, որից 2020թ. մայիսի 12-ի դրությամբ ընդամենը 3 000 000 դրամն էր վերականգնվել:

Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը հայտնել է, որ հարուցված քրեական գործերով համայնքին պատճառված վնասի չափի վերաբերյալ Աշոցքի  համայնքապետարանը տեղեկություն չունի։ Նախկինում Աշոցք համայնքի Բավրաև Զույգաղբյուր բնակավայրերում համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերի վերաբերյալ կնքված վարձակալության պայմանագրերը լուծելու համար համայնքապետարանը 11.06.2020թ.-ին դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր  իրավասության  դատարան` պայմանագրերը վաղաժամկետ լուծելու պահանջով: «Դատական գործընթացի պատճառով համայնքն այս պահին նոր պայմանագրեր կնքելու և դրանցից բխող գործողություններ կատարելու իրավական հնարավորություն չունի` մինչև  նշված գործերով վերջնական դատական ակտերի կայացումը և դրանց օրինական ուժի  մեջ մտնելը»,- հայտնել է համայնքի ղեկավարը:

Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը հայտնում է, որ Ամասիա և Ջրաձոր բնակավայրերում կապի օպերատորների հետ հողերի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերը լուծվել են, փոխվել է հողերի նպատակային նշանակությունը, և համայնքի հետ նոր պայմանագրերի կնքումը ընթացքի մեջ է, իսկ Ողջի բնակավայրի հողամասի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերի լուծման գործը գտնվում է դատարանում: «Համայնքին պատճառված վնասի վերաբերյալ ինֆորմացիայի չենք տիրապետում»,- հայտնել է Ջ. Հարությունյանը:

Արփի համայնքի հաշվապահ Գոռ Գրիգորյանը տեղեկացրեց, որ երկու ալեհավաքները տեղադրված են գյուղնշանակության հողերի վրա, որի վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել, սակայն համայնքային բյուջե գումար չի փոխանցվել։ Համայնքապետարանը դատարան է դիմել երկու վարձակալների հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը լուծելու համար։

Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանը հայտնել է, որ համայնքային բուջե գումարներ չեն մուտքագրվել։ Համայնքապետարանը Ցողամարգ, Փոքր Սարիար և Ձորաշեն բնակավայրերում լուծել է նախկին վարձակալների հետ ունեցած վարձակալության պայմանագրերը։ Համայնքապետարանը երեք նոր պայմանագիր է կնքել բջջային օպերատորների հետ՝ 25 տարով, տարեկան 480 000 դրամ վարձավճարով։ Հողերի նշանակությունը փոխվել է և սեպտեմբերի 9-ից մինչ օրս համայնքային բյուջե մուտք է եղել 960 000 դրամ։

Լոռու մարզի համայնքներին պատճառված վնասը չի վերականգնվել

Լոռու մարզում՝ 6 ալեհավաքի մասին է խոսքը, որոնք տեղակայված են 3 համայնքում՝ Օձուն, Գուգարք, Լեռնապատ: Հարուցված 3 քրեական գործերով համայնքին պատճառված վնասը հաշվարկվել է 58 530 780 դրամ, որից 2020թ. մայիսի 12-ի դրությամբ վերականգնվել էր 14 236 000 մլն դրամը:

Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը հայտնել է, որ Քննչական կոմիտեի հաշվարկներով համայնքին պատճառված վնասը կազմում է 5 277 360 դրամ, որը չի վերականգնվել, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Նախաքննության ավարտից հետո համայնքապետարանը միջոցներ կձեռնարկի պայմանագրերը լուծելու համար:

Գուգարքի համայնքապետարանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի հաշվարկներով համայնքին պատճառված վնասը կազմում է 12 489 500 դրամ: 30.04.2020թ.-ին վնասն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե: 15.05.2020թ.-ին նախկին վարձակալի հետ կնքված պայմանագիրը լուծվել է: Հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու փաթեթը ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, որից հետո նոր պայմանագիր կկնքվի բջջային օպերատորի հետ:

Լեռնապատից հայտնում են, որ նախկին համայնքապետի վարձակալած հողատարածքը և բջջային կայանի փաստացի տեղը չի համընկնում, դրանք իրարից բավականին հեռավորության վրա են գտնվում: Վարձակալը դիմել է դատարան, հետևաբար ոչինչ չի արվել:

Գեղարքունքի Աստղաձոր համայնքը վերականգնել է համայնքային բյուջեին պատճառված վնասը

Գեղարքունիքի մարզում բջջային օպերատորների հետ անօրինական գործարք է իրականացրել 3 համայնք՝ Աստղաձոր, Մաքենիս և Գեղամավան: Վնասը հաշվարկվել է 13 560 300 դրամ, որից 2020թ. մայիսի 12-ի դրությամբ վերականգնվել էր 7 075 075 դրամը:

Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանը «Հետք»-ին տեղեկացրել է, որ իրենց համայնքին պատճառված վնասի չափը կազմում է 1 880 000 դրամ, որը մինչ օրս չի գանձվել: «Նախկին վարձակալ Աղասի Նազարյանին 02.11.2020թ.-ին պայմանագիրը լուծելու ծանուցագիր է ուղարկվել, բայց չի ներկայացել»,- հայտնել է համայնքի ղեկավարը և ավելացրել, որ պայմանագիրը լուծելու համար կդիմեն դատարան:

Աստղաձոր համայնքի ղեկավարը տեղեկացնում է, որ գումարը վերականգնվել է, նախորդ վարձակալի հետ պայմանագիրը լուծվել է, հողի նպատակային նշանակությունը փոխվել է, և նոր պայմանագիր է կնքվել օպերատորի հետ:

Գեղամավան համայնքի ղեկավարը չի պատասխանել գրությանը։

Գառնի և Կարենիս համայնքների նախկին ղեկավարների գործը քննվում է

Կոտայքի մարզի երկու համայնքում է նման դեպք բացահայտվել՝ Գառնի և Կարենիս համայնքների նախկին ղեկավարները համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողատարածքը վարձակալության են հանձնել ընտանիքի անդամներին և մտերիմներին, նրանք էլ իրենց հերթին այն ենթավարձակալության են հանձնել հեռահաղորդակցություն ապահովող ընկերություններին: Նշված երկու համայնքներին պատճառված վնասը հաշվարկվել էր 18 873 000 դրամ։

Գառնի համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանի կողմից համայնքին պատճառված վնասը հաշվարկվել է 15 530 000 դրամ, որից Գառնի համայնքի բյուջե չի վճարվել 13 977 000 դրամ: 2020թ. ապրիլի 23-ին Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է և պարտավորվել է 4 500 000 դրամ վճարել, իսկ մնացած գումարը վճարել երկու ամսվա ընթացքում։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա կնոջը և խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Գառնիի համայնքապետ Ահարոն Սահակյանը հայտնել է, որ համայնքային բյուջե գումար չի փոխանցվել։ Համայնքապետարանը չի լուծել նաև նախկին համայնքապետի կնոջ հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը։ «Քրեական գործ է քննվում և նախկին համայնքի ղեկավարի՝ համայնքի հետ կնքված պայմանագիրը գտնվում է քրեական գործի վարույթում»,- հայտնում է համայնքապետը:

Կարենիսը ներկայում ընդգրկված է խոշորացված Չարենցավան համայնքի կազմում: Չարենցավանի համայնքապետը մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ Կարենիս բնակավայրում տեղադրված ալեհավաքի զբաղեցրած հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծարվել է, բայց նոր պայմանագիր չի կնքվել: Քննչական կոմիտեի հաշվարկած վնասներից համայնքային բյուջե վերականգնվել է 1 մլն դրամ, նախաքննությունն ավարտված չէ:

Նշենք, որ դեռևս անցյալ տարվա ապրիլին տարածած հաղորդագրությամբ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ համայնքին պատճառված վնասը կազմում է 4 896 000 դրամ: Նախաքննության ընթացքում Աբովյան քաղաքի բնակիչը, որին վարձակալության էր տրված համայնքային հողը, որպես պատճառված վնասի  փոխհատուցում, վերականգնել է 1 000000 դրամ: Կարենիս համայնքի նախկին ղեկավար Արմեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել:

Տավուշի և Արարատի մարզի համայնքները օպերատորների հետ նոր պայմանագիր չեն կնքել

Տավուշի մարզում քրեական գործ է հարուցվել 3 դեպքով՝ Հաղարծին, Կողբ և Բերդ համայնքներում։ Համայնքներին պատճառված ընդհանուր վնասը հաշվարկվել է 9 125 000 դրամ, որից 2020թ. մայիսի 12-ի դրությամբ վերականգնվել էր 1 200 000 դրամը։

Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ Հաղարծին բնակավայրի հողամասի վարձակալության պայմանագիրը լուծվել է և առայսօր նոր պայմանագիր չի կնքվել: Նախկին համայնքի ղեկավարը համայնքի բյուջե է վերականգնել 1 000 000 դրամ:

Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը տեղեկացնում է, որ Զորական բնակավայրում բջջային կայանի տեղադրման նպատակով տրամադրված հողամասի վարձակալության և ենթավարձակալության պայմանագիրը դադարեցված է: Քննչական կոմիտեի հաշվարկներով՝ համայնքին պատճառված վնասը կազմում է 2 157 000 դրամ, որը մուտքագրվել է Քննչական կոմիտեի և դատախազության դեպոզիտ հաշիվներին:

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ:

Արարատի մարզի երեք համայնքում՝ Ուրցաձոր, Ուրցալանջ և Արարատ գյուղական համայնք, քրեական գործեր են հարուցվել: Վնասի չափը հաշվարկվել է 16 000 000, որից առաջին ամիսներին վերականգնվել է 5 400 000 դրամ: Արարատ գյուղական համայնքից հայտնում են, որ բջջային օպերատորի հետ ենթավարձակալության պայմանագիրը լուծվել է: Նոր պայմանագիր չի կնքվել, քանի որ քարտեզագրման ժամանակ պարզվել է, որ կայանը գտնվում է այլ ծածակագիր ունեցող հողամասում: Նոր պայմանագիրը կկնքվի ճշգրտումներ կատարելուց հետո:

Ուրցալանջ համայնքի ղեկավար Վահագն Համբարձումյանը տեղեկացրեց, որ քրեական գործ էր հարուցվել նախկին համայնքապետի նկատմամբ, որը 1 հա արոտավայրը վարձակալության էր տվել եղբորը, նա էլ հողատարածքը ենթավարձակալության էր հանձնել ալեհավաք տեղադրելու համար։ Նախաքննության ժամանակ մեղադրյալը վերականգնել է 2 000 000 մլն դրամի վնասը, և քրեական գործը կարճվել է։ Համայնքապետարանը նոր պայմանագիր չի կնքել ըկերության հետ, քանի որ հողի նշանակությունը փոխելու գործընթացը դեռևս չի ավարտվել։

Ուրցաձոր համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործն արդեն քննվում է դատարանում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, տեղեկանալով, որ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն («ՅՈԻՔՈՄ» ՍՊԸ) նպատակ ունի համայնքի վարչական տարածքում ալեհավաք-կայան տեղադրել, իր կնոջ հետ հողատարածքի վարձակալության պայմանագիր է կնքել: Համայնքի տարածքում գտնվող 1 հա գյուղնշանակության հողամասը 25 տարի ժամկետով, տարեկան 1200 դրամով վարձակալության է հանձնել կնոջը, որն իր մեջ ներառել է ընկերության կողմից ընտրված տարածքը: Դրանից 150 քմ տարածքն ամսական 50 000 դրամով հանձնել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին, որտեղ տեղադրվել է ալեհավաք կայան: Ուրցաձորի համայնքապետարանի բյուջե չի մուտքագրվել 5 935 464 դրամ:

Ռաֆիկ Անդրեասյանը հայտնեց, որ մեղադրանքի հետ համաձան չէ, չի վերականգնել գումարը, դատաքննությամբ թող գնահատական տրվի իր արարքին։

Արագածոտնի մարզի միայն Ծաղկահովիտ համայնքում է ալեհավաքների հետ կապված կեղծ գործարքի 2 դեպք բացահայտվել: Քրեական գործով հաշվարկված 7 598 000 դրամի վնասը, ինչպես տեղեկացրեց աշխատակազմի քարտուղար Գեղամ Մկրտչյանը, ամբողջությամբ վերականգնվել է համայնքային բյուջե: Ալեհավաքին տրամադրված հողի նշանակության փոփոխությունն ընթացքում է:

Ամփոփելով հարցման արդյունքները նշենք, որ այն համայնքների ղեկավարները, որոնք նախաքննության գաղտնիությամբ պայմանավորելով՝ մերժել են տեղեկատվության տրամադրումը, պատկերացում չունեն նախաքննական գաղտնիքի մասին կամ իրենց անգործություն համար կեղծ հիմք են ստեղծել։

Լեռնապատ և Արարատ համայնքներում պարզել են, որ վարձակալած հողատարածքը և բջջային կայանի փաստացի տեղը չի համընկնում: Այսինքն, հեռահաղորդակցություն ապահովող ընկերությունները ալեհավաքի համար վճարել են հողի նկատմամբ իրավասություններ չունեցող անձանց։

Համայնքների ղեկավարների և նրանց մերձավորների միջև կնքված պայմանագրերի մի մասը լուծվել է, մյուսներն ուժի մեջ են: Վարձակալների մի մասը հրաժարվել է վնասը վերականգնելուց, և նրանց մասով ավարտված քրեական գործերն սկսել են քննվել դատարանում։ Համայնքների մի մասը դատարան է դիմել վարձակալների հետ պայմանագիրը լուծելու հայցով, մի մասը չի էլ սկսել գործընթացը՝ սպասելով քրեական գործերի քննության ավարտին, որը կարող է տարիներ տևել։

Ալեհավաքները տեղադրված են գյուղնշանակության հողերի վրա, հողերի նշանակությունը փոփոխելու ընթացքը անհասկանալիորեն բարդ է և երկարատև: Մեկ տարվա ընթացքում փոքրաթիվ համայնքներ են այն ավարտին հասցրել, մի մասինը՝ ընթացքում է, մյուսները չեն էլ նախաձեռնել:

Ինֆոգրաֆիկան՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter